Սպանում են դրսի պատվերով ու դրդված

09/10/2010

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի այն հայտարարությանը, թե չի կարելի օրվա կեսը մտածել «պո պոնյածիի, օրվա մյուս կեսը՝ պո զակոնու»: «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք, որ ամբողջ օրն օրենքով ապրվի, իսկ առաջարկը բերելու է նրան, որ 24 ժամ «պոնյածյաներով» ենք ապրելու, ընդ որում` «պոնյածյաները» փոխվելու են «պոնյածյա» թելադրողների տվյալ պահի ցանկությունից: Այսինքն՝ «պոնյածյաների» տարբերությունն օրենքից ոչ մնայուն լինելու մեջ է, եւ մենք ընդհանրապես բացառում ենք նաեւ բացատրական այդ ոճը»:

Ի դեպ, վերոնշյալ փաթեթին 21 դեմ քվեարկածների թվում էր նաեւ 041 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, «Երեւան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ): Վերջինս երեկ «7 օրի» թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է դեմ քվեարկել. «Ես գտնում եմ, որ դա տեղական արտադրողի համար լավ չէ, դրա համար դեմ եմ քվեարկել: Լավ չէ, որովհետեւ տեղական արտադրողի վիճակը վատանալու է, դրսից գալու են էժան օղիներ, տեղականն էլ չի վաճառվելու»: Հարցին, թե` մտավախություն ունեք, որ այնուհետեւ ՀՀ կառավարությունը կթանկացնի գարեջուրն ու մյուս ալկոհոլային խմիչքնե՞րը, նա պատասխանել է. «Չգիտեմ, հնարավոր է»: Հարցին էլ, թե` չե՞ք կարծում, որ նման օրինագծերով ՀՀ կառավարությունը տեղական արտադրությունն ընդհանրապես «սպանում» է, Հ. Հակոբյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ մեր կառավարությունը մեր տեղական արտադրողին սպանի: Միգուցե քայլերը դրան են տանում, բայց՝ ինչ-որ բաներից դրդված: Կոնկրետ այս հարցի վերաբերյալ օգոստոս ամսվա սկզբին վարչապետի մոտ խորհրդակցություն եղավ, ես էլ էի մասնակցում, վարչապետն ասաց, թե որտեղից են ճնշումները: Ես ընդունում եմ, որ ճնշումներ կան, բայց, իմ կարծիքով, հիմա մենք պետք է ուրիշ քայլեր ձեռնարկենք, որ ճնշումների չենթարկվենք: Այնպիսի քայլեր, որ դրսից մեզ չճնշեն»: Դիտարկմանը, թե` փաստորեն դրսից են ճնշում, պատգամավորը պատասխանել է. «Իհարկե, մենք համարվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, պայմանագիր ենք ստորագրել, այնտեղ կետեր կան, որոնց մենք դեմ ենք գնացել ժամանակին: Հիմա, ինձ թվում է, նույն բանը պետք է արվի, բայց չվնասելով այդ պայմանագրի կետերին»: