– Պարոն Օհանյան, մինչ օրս չեն դադարում քննարկումները ՀՀ-ում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման հնարավոր հետեւանքների վերաբերյալ: Իշխանական գործիչներից շատերը փորձում են համոզել, որ ռուսական զորքերը կմիջամտեն հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում: Մինչդեռ վերջերս Ձեր հարցազրույցում հստակ ասել էիք, որ ԼՂ-ի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, իսկ ՌԴ զինուժը կմիջամտի միայն այն դեպքում, երբ պատերազմը վերաճի ՀՀ-ի դեմ ուղղված պատերազմի: Այդ դեպքում իրավացի՞ են արդյոք այն պնդումները, որ Հայաստանում ռուսական ռազմակայանների ներկայությունը կարող է որոշակիորեն զսպել Ադրբեջանի ռազմական հավակնությունները:
– Նախ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, Գյումրի քաղաքում տեղակայված է 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը: Այդ ռազմակայանն ունի իր մարտական խնդիրները եւ իր մասնաբաժնով ինտեգրված է Հայաստանի պաշտպանական համակարգում: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ ցանկացած հարձակման դեպքում ՌԴ ռազմակայանը կկատարի ՀՀ զինված ուժերի հետ համատեղ պլանավորված գործողություններ:
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա դուք ճիշտ նկատեցիք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Իսկ դա նշանակում է, որ ԼՂՀ-ի դեմ այնպիսի զինված հարձակման դեպքում, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, Հայաստանի զինված ուժերն անվերապահորեն կաջակցեն ԼՂՀ պաշտպանական բանակին: Ուստի կարծում եմ` հարեւան պետության ղեկավարությունը գիտակցում է, որ հաջողության հասնելու ակնկալիքով նրա կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում դրանց միջազգայնացման վտանգը գրեթե անխուսափելի է: Այս առումով եւ՛ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, եւ՛ ՌԴ ռազմակայանը, եւ՛ ընդհանրապես` միջազգային հանրության վճռական արձագանքը լուրջ գործոններ են հակառակորդին արկածախնդրությունից զերծ պահելու համար:
– Վերջերս քաղաքական շրջանակներում, մասնավորապես` ՀՅԴ-ի կողմից առաջարկ հնչեց Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական դաշինք կնքելու վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման առաջարկին, որքանո՞վ է նման հնարավորությունն իրական:
– Գիտեք, զուտ ռազմական տեսանկյունից՝ նման դաշինքի անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական համակարգերի միջեւ փոխգործակցության լիարժեք մեխանիզմներ են գործում: Ուստի դաշինքի կնքումը կարող է ունենալ բացառապես քաղաքական-իրավական նշանակություն: Կարծում եմ` ՀՀ նախագահը եւ արտաքին գործերի նախարարը, ովքեր վարում են բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իրենց զինանոցում ունեն նմանատիպ շատ քաղաքական գործիքներ:
– Հայկական բանակում վերջին ամիսներին տեղի ունեցած ցավալի իրադարձությունները լուրջ հասարակական դժգոհություններ առաջացրին: Այժմ, երբ դեպքերից որոշակի ժամանակ է անցել, կարո՞ղ եք ավելի հանգամանալից նշել, թե որոնք են նման դեպքերի իրական պատճառները, ի՞նչ խնդիրներ ու անելիքներ կան:
– Ինչպես աշխարհի բոլոր բանակները, այնպես էլ հայկական բանակը, չեն կարող ապահովագրված լինել դեպքերից եւ պատահարներից: Բանակը զինված կոլեկտիվ է, բաղկացած տասնյակ-հազարավոր զինված մարդկանցից, որտեղ, ուզես թե չուզես, դեպքեր կլինեն, քանի որ` կլինեն զենքի օգտագործման կանոնների, կանոնադրային պահանջների խախտումներ, ավտովթարներ, զինծառայողների հիվանդանալու դեպքեր եւ տարաբնույթ այլ պատահարներ: Նման դեպքերը, եթե նույնիսկ հասարակական հնչեղություն չեն ստանում, մեծ ցավով են ընդունվում բանակի ղեկավարության, անձամբ իմ կողմից: Հասարակության մի մասը կազմելով` ՀՀ զինված ուժերը չեն կարող զերծ մնալ հասարակության ներսում տեղի ունեցող գործընթացներից: Զինծառայության զորակոչվող երիտասարդների որոշակի հատվածն արդեն կրելով արատավոր սովորույթներ ու բարքեր` ցանկանում է դրանք տարածել նաեւ բանակում, եւ հանդիպելով անհանդուրժողական վերաբերմունքի` որոշ դեպքերում նման բարքերը պատճառ են հանդիսանում ոչ կանոնադրային հարաբերությունների ձեւավորմանը: Բանակն ինքնին փակ կառույց է, բայցեւայնպես մենք գտնում ենք, որ տեղի ունեցած դեպքերի ու պատահարների մասին պետք է տեղյակ լինի հասարակությունը, այդ թվում` հասարակական կազմակերպությունները: ՀՀ զինված ուժերն այսօր գնում է ժողովրդավարական վերահսկողության ճանապարհով եւ համագործակցում ավելի քան 75 հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: ՀՀ ԶՈՒ զորամասերում կարգուկանոնն ամրապնդելու նպատակով, բացի ՀՀ ԶՈՒ պատրաստության պլանից, կազմվել եւ գործողության են դրվել մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են զինվորական կարգապահության բարձրացմանը, իրավակարգի պահպանմանը, դեպքերի եւ պատահարների կանխարգելմանը, ինչպես նաեւ զինծառայության անվտանգ պայմանների ստեղծմանը: Մենք գտնում ենք, որ պետք է համապատասխան աշխատանք տանել նաեւ նախազորակոչային տարիքի երիտասարդների հետ: Այդ նպատակով էլ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ բոլոր զորամասերը կցված են հանրապետության 1400 դպրոցներին: Իմ ղեկավարության օրոք Զինված ուժերի ղեկավար կազմը` անձամբ ես, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, բոլոր վարչության պետերը կցված են բարձրագույն ուսումնական հաստատություններին: Տեղի ունեցած դեպքերի հետաքննության ժամանակ մենք կրկին անգամ համոզվեցինք բանակում բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մեջ: Եվ մեր այսօրվա որդեգրած բարեփոխումները, կարծում եմ, կտան այն արդյունքները, որ ակնկալում ենք եւ՛ մենք, եւ՛ հասարակությունը:
– Զորամասերից մեկում 5 հոգու մահվան պատճառ դարձած միջադեպից հետո հրապարակայնորեն մի քանի զինվորականներ պատժվեցին, ինչը հասարակության որոշ շերտերի կողմից գնահատվեց որպես ավելի շատ քարոզչական ակցիա, քան իրական մեղավորներին պատժելու քայլ: Ձեր կարծիքով, այդ պատժամիջոցները կարո՞ղ են արդյունավետ լինել նման դեպքերը հետագայում կանխելու համար:
– Յուրաքանչյուր դեպքով հարուցվում է քրեական գործ, բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով կազմվում են հանձնաժողովներ, որտեղ ընդգրկվում են ՀՀ զինված ուժերի առավել պատրաստված եւ ամենափորձառու մասնագետ-սպաները, որոնք ծառայողական քննություն են անցկացնում զորամասերում տեղի ունեցած դեպքերի, պատահարների, ինչպես նաեւ զինծառայողների կողմից կատարված իրավախախտումների բացահայտման, դրանց նպաստող պատճառների ու պայմանների վերացման, մեղավորներին հայտնաբերելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հարուցված քրեական գործերի ելքերից անկախ, ծառայողական քննությունների արդյունքների հիման վրա, արձակվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններ` բոլոր մեղավորները` անկախ նախկինում մատուցած նրանց ծառայություններից, ստանում են իրենց արժանի տույժը, այդ թվում` ընդհուպ մինչեւ ՀՀ զինված ուժերից զորացրում:
Իհարկե, վերջին ամիսներին ցավալի դեպքեր եղան Զինված ուժերի մի քանի զորամասերում, որոնց վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց մեղավորների մեծ մասը մինչեւ զորակոչվելը քրեական անցյալ են ունեցել կամ դժվար դաստիարակվողներ են եղել, ինչպես նաեւ՝ որոշ սպաների թողտվության արդյունք են:
Դաստիարակության մեջ գոյություն ունի այսպիսի մի սկզբունք, որը կոչվում է անհատական եւ տարբերակված մոտեցում: Յուրաքանչյուրի նկատմամբ պետք է այդպիսի մոտեցում ցուցաբերել, եւ այս տարբերակված մոտեցման շնորհիվ է, որ հրամանատարները կարող են բացահայտել կամ տեղյակ լինել այն առանձնահատուկ ունակություններին ու հատկանիշներին, որ ունի յուրաքանչյուր զինծառայող: Նկատի ունենանք, որ դեպքերի ու պատահարների թվաքանակին նպաստում են նաեւ մինչեւ զորակոչվելը դատապարտված, դժվար դաստիարակվող զինծառայողների թվի ավելացումը տարիների ընթացքում: Տվյալ զորամասերի հրամանատարները չկարողացան բացահայտել հենց այն զինծառայողներին, որոնք մարտական հերթապահության ժամանակ իրականացրին այդ, կարելի է ասել նաեւ, ոճրագործությունը: Տեղի ունեցած դեպքերը նրա արդյունք էր նաեւ, որ Զինված ուժերի այն զորամասերում, որտեղ տեղի ունեցան վերջին արտակարգ պատահարները, հրամանատարությունն իր պարտականությունների բարեխիղճ կատարման խնդիրներ է ունեցել: Այդ զորամասերում հրամանատարական կազմը կորցրել էր վերահսկողության, ամենօրյա հետեւողականության իր պարտականությունները, ինչի հետեւանքով ի հայտ են եկել, այսպես կոչված, «հեղինակություններ», որոնք փորձել են ինչ-որ ուղղությամբ տանել իրենց նպատակները: ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով 8 սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, որոնցից 7-ը արձակվել են պահեստազոր, իսկ մի շարք զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տարբեր տույժերի, նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իջեցվել են զինվորական կոչումներ: Նույն հրամանների մեջ նախանշվել են այն բոլոր ուղիները, որոնցով զորամասերում կբացառվի նմանատիպ դեպքերի կրկնությունը: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ նշել նաեւ, որ հանրապետությունում կան ուժեր, որոնք սեւ ակնոցներով են նայում բանակին եւ իրենց ինչ-ինչ նպատակներին հասնելու համար պատրաստ են մեր պետականության հենասյունը թուլացնելու նպատակով՝ կեղծ, չճշտված տեղեկություններ տարածելով՝ վարկաբեկել բանակը:
– Նույն միջադեպից հետո բարձրաձայնվեց նաեւ զինծառայության համար ոչ պիտանի, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին զորակոչելու խնդրի մասին, որն առկա է բոլոր զորակոչերի ժամանակ: Այսինքն` խնդիրը միայն զորամասերում չէ: Լուրջ խնդիրներ կան նաեւ բուժհանձնաժողովներում: Արդյոք պատժվո՞ւմ են զորակոչի հետ բուժհանձնաժողովներում ընդգրկված բուժանձնակազմի ներկայացուցիչները, թե՞ ՊՆ-ն նման լիազորություններ չունի:
– Զորակոչերից առաջ արվում է ամեն հնարավորը ՀՀ զինված ուժերը առողջ երիտասարդներով համալրելու համար: Զորակոչի ենթակա բոլոր երիտասարդները նախ հետազոտվում են զինկոմիսարիատներում` համապատասխան մասնագետների կողմից: Հայտնաբերված շեղումների դեպքում զորակոչիկը հետազոտություն է անցնում առաջատար բժշկական հաստատություններում եւ ներկայացվում կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննական որոշմանը:
Զորակոչի ներկայացված բոլոր երիտասարդները մեկ անգամ եւս հետազոտվում են հանրապետական հավաքակայանում, ստանում են կանխարգելիչ պատվաստումներ մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ եւ նոր զորակոչվում ՀՀ զինված ուժեր: Անգամ հայտնաբերված թեթեւ շեղումների դեպքում զորակոչիկները հետ են ուղարկվում զինկոմիսարիատներ` կրկնակի մասնագիտական հետազոտությունների եւ կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննության անցնելու համար:
Զորակոչից հետո` արդեն զինվորական ծառայության ընթացքում ցանկացած առողջական խնդրի դեպքում նորակոչիկը մասնագիտական հետազոտություն է անցնում ՊՆ հոսպիտալներում, իսկ շեղումների հայտնաբերման դեպքում ներկայացվում է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը: Որոշակի ծառայողական սահմանափակումներով զորակոչված բոլոր նորակոչիկները զորակոչից մոտ մեկ ամիս անց տեղում ենթարկվում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի արտագնա փորձաքննություններին: Ինչ վերաբերում է պատժելուն, ապա նշեմ, որ յուրաքանչյուր զորակոչից առաջ ՀՀ կառավարության որոշումով հաստատվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը, որում հիմնականում ընդգրկվում են հանրապետության առաջատար բժիշկ մասնագետները, ովքեր մասնագիտական բացթողումների համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
– Զինվորների մայրերից շատերն իրենց նամակներում Ձեզ էին դիմում «Մաքրել բանակը կոռուպցիոն երեւույթներից» կոչերով: Բանակում տեղի ունեցող նման դաժան եւ կոռուպցիոն երեւույթները վերացնելու ուղղությամբ վերահսկողական ի՞նչ քայլեր են արվում:
– Մեզ համար տեսանելի են այն տեղերը, որտեղ կարող են ի հայտ գալ կոռուպցիոն եւ անցանկալի այլ երեւույթներ: Դրանց դեմ մենք պայքարում ենք ինչպես իրավապահ, հասարակական տարբեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող միջոցառումների, այնպես էլ բարեփոխումների, հրամանների, կարգադրությունների, այլ գործողությունների միջոցով: Իհարկե, չի նշանակում, որ նմանատիպ բոլոր երեւույթների դեմ պայքարելու համար ունենք դեղատոմսեր, սակայն հիմնականում կարողանում ենք փակել արատավոր երեւույթների առաջացման ճանապարհները:
Հաճախ բողոքներ ենք ստանում զինծառայողներին արձակուրդների տրամադրման վերաբերյալ: Եվ ցանկանում եմ նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախատեսված կարգով զորամասերում կանոնակարգված է ժամկետային պարտադիր զինծառայողներին հիմնական եւ լրացուցիչ արձակուրդների տրամադրումը` կազմված են գրաֆիկ-ժամանակացույցեր, որտեղ նշված է նաեւ արձակուրդի հատկացման օրը: Այդ գործընթացի անշեղ կատարումը ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ համապատասխան ծառայությունների կողմից վերահսկվում է: Վերահսկվում են նաեւ զինվորներին հասանելիք դրամական եւ իրային բավարարումները: Անհրաժեշտ է բոլոր միջոցներով ներազդել եւ ուղղել բացթողումները: Գտնում եմ, որ այս ուղղությամբ բավարար աշխատանքներ են տարվում:
– Վերջերս ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագիծը: Ձեր կարծիքով, օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավո՞ր է պայքարել բանակում առկա արատավոր երեւույթների դեմ:
– Միանշանակ գտնում եմ, որ թե «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի ընդունումը, եւ թե ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործումը, ինչպես նաեւ՝ այդ օրենքների պահանջների հստակ եւ անվերապահորեն կատարումը կնպաստեն Զինված ուժերում առկա խնդիրների լուծմանը եւ արատավոր երեւույթների դեմ պայքարելուն: