Կախվածության ցուցանիշ

08/10/2010

«Ի տարբերություն առաջին եւ երկրորդ եռամսյակների, այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել։ Սա աննախադեպ ցուցանիշ է, քանի որ վերջին տարիներին չի եղել մի եռամսյակ, երբ լրագրողների նկատմամբ բռնություն չի գործադրվել»,- երեկ մամուլի ասուլիսում ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ըստ նրա, լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերն աճում են այն ժամանակ, երբ երկրում քաղաքական իրավիճակը սրվում է: «Այս տարվա երրորդ եռամսյակում ՀՀ-ում քաղաքական վիճակը համեմատաբար կայուն է եղել, ինչով էլ պայմանավորված՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար չի իրականացվել»,- ասել է նա: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ հեռուստաընկերությունները խտրական վերաբերմունք են դրսեւորում քաղաքական գործիչների նկատմամբ: «Երբ ասուլիս են տալիս ՀԱԿ ներկայացուցիչները, 1 կամ 2 կամերա է ներկա լինում կամ ընդհանրապես կամերաներ չկան: ՀՀԿ գործիչների ասուլիսների ժամանակ մոնիտորինգի ենթարկված բոլոր 10 հեռուստաընկերություններն էլ ներկա են լինում: Սա քաղաքական կախվածության արտահայտում է»,- հայտարարել է Ա. Մելիքյանը` ավելացնելով, թե երրորդ եռամսյակում գրանցվել է 7 դեպք, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչների ասուլիսներին հեռուստաընկերություններ ներկա չեն եղել: