Ռաբինովիչը քայլում է փողոցով եւ հանկարծ տեսնում՝ վթար է եղել։ Մեքենան վրաերթի է ենթարկել երկու հոգու, որոնք անօգնական ընկած են փողոցում։ Մոտենում է վարորդին եւ հարցնում՝ «Դուք ապահովագրվա՞ծ եք»։ «Այո»,- մի կերպ արտաբերում է շփոթված վարորդը։ «Իսկ գործակալն արդեն եկե՞լ է»։ «Դեռ ոչ»։ «Այդ դեպքում ես էլ պառկեմ»,- ասում է անցորդն ու տեղավորվում վիրավորների կողքին։
Այս անեկդոտը, եթե անգամ ընթերցողների մի մասի համար հասկանալի չէ, ապա միայն այն պատճառով, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը դեռ փաստացի չի գործում։ Ապահովագրական պոլիսները վաճառվելու են հոկտեմբերի 18-ից։ Այո, խոսքը ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման մեխանիզմի մասին է, որի ներդրմանը ոչ այնքան մեծ հաճույքով սպասում են հայաստանցի վարորդները։
Սպասելը սպասում են, անգամ մոտավորապես գիտեն, թե այդ ապահովագրությունը որքանով է թեթեւացնելու իրենց գրպանը, սակայն բովանդակությանը, իմաստին քչերն են ծանոթ։ Եթե դուք ապահովագրել եք ձեր 7-8 տարվա ռուսական արտադրության մեքենան, վճարել 1 տարվա համար 30-40 հազար դրամ, եւ օրերից մի օր այդ մեքենայով պատահաբար հարվածում եք սյանը (Աստված չանի, իհարկե) եւ ջարդուխուրդ անում մեքենան, ապա հույս չունենաք, որ մեքենայի վերանորոգման համար ապահովագրական ընկերությունը ձեզ գումար կվճարի։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (կամ ինչպես կրճատ ասում են՝ ԱՊՊԱ-ն), վերաբերում է ոչ թե ձե՛ր մեքենային, այլ ձեր մեքենայի շահագործման արդյունքում տուժած մարդուն կամ մեքենային։ Այլ կերպ ասած՝ պատասխանատվությանը։ Այսինքն՝ եթե դուք հարվածել եք մեկ այլ մեքենայի կամ հետիոտնի, ապա ապահովագրությունը հատուցում է տուժած մեքենայի վերանորոգման կամ հետիոտնի առողջության վերականգնման գումարը։ Ընդ որում, գույքային վնասի դեպքում փոխհատուցման առավելագույն գումարը 1.5 միլիոն դրամ է, իսկ առողջության դեպքում՝ 3 միլիոն դրամ։ Այդ պատճառով էլ ոլորտի պատասխանատուներն ասում են, որ սա սոցիալական ուղղվածություն ունեցող նախաձեռնություն է։ Պատկերավոր ասած, հնամաշ «Մոսկվիչ» վարող թոշակառուն, եթե հանկարծ մտքերով ընկնի եւ վնասի նոր «Մերսեդեսի» հետեւի «շիթը», ապա ստիպված չի լինի վաճառել իր բնակարանը՝ մի քանի հազար դոլար արժեցող վերանորոգման համար։ Այդ «ջառման» իր վրա է վերցնում ապահովագրական ընկերությունը։
Բայց մինչ այդ ծեր թոշակառուն մեկ այլ պարտադիր «ջառմա» պիտի քաշի. վճարի ապահովագրության համար անհրաժեշտ մի քանի տասնյակ հազար դրամը։ Ընդ որում՝ կապ չունի, մեքենան որտեղ է շահագործվում՝ Երեւանի բանուկ փողոցո՞ւմ, թե՞ սահմանամերձ հեռավոր գյուղում, որն ունի ընդամենը 50 բնակիչ։ Վճարվում է նույն գումարը։ Իսկ եթե թոշակառուն ապրում է հեռավոր գյուղում, իր «Մոսկվիչն» օգտագործում է տարին 2-3 անգամ՝ բերքը տուն հասցնելու համար, եւ վթարի ենթարկվելու հավանականությունը գրեթե զրոյական է, այդ դեպքում ինչո՞ւ տարբերակում չի դրվում։ Որքանո՞վ է արդարացի, որ նա նույնպես վճարի զգալի գումար։ Լրագրողներն այս հարցը երեկ ուղղեցին ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանին եւ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանին։ Ի պատասխան՝ Վ. Գաբրիելյանը բերեց հայկական իրականության համար շատ համոզիչ մի փաստարկ՝ նման տարբերակում դնելու դեպքում կարող է պարզվել, որ Երեւանում գրանցված մեքենա ընդհանրապես գոյություն չունի։ Այսինքն՝ Հյուսիսային պողոտայում բնակվող ունեւոր հայաստանցին կարող է իր «Համմերը» գրանցել Հայաստանի հյուսիսում գտնվող Ձյունաշեն գյուղում, եթե այդ դեպքում ապահովագրության վճարը ավելի քիչ լինի։
Սակայն Վ. Գաբրիելյանը եւ Վ. Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպել էին՝ առաջին հերթին ներկայացնելու համար ընդունված խաղի կանոնները, մասնավորապես` սակագների հետ կապված։ Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի կողմից ընդունված ԱՊՊԱ ոլորտում հիմնական եւ բազային ապահովագրավճարների եւ ռիսկային գործակիցների թույլատրելի արժեքների չափը սահմանող կանոնները։ Դրանք կազմվել են Վիճվարչության, Ճանապարհային ոստիկանության, հիվանդանոցների, ապահովագրական ընկերությունների տվյալների մանրամասն վերլուծության հիման վրա։ Ռիսկայնության գործոնները հետեւյալն են՝ տրանսպորտային միջոցի տեսակը, օգտագործման նպատակը (անձնական կամ, օրինակ, որպես տաքսի ծառայություն), շարժիչի հզորությունը, վարորդի տարիքն ու վարորդական փորձը` ստաժը։ Այսինքն՝ որքան երիտասարդ է վարորդը, եւ քիչ` նրա ստաժը, որքան հզոր է շարժիչը, այնքան մեծ է վթարի հավանականությունը, եւ հետեւաբար՝ բարձր է ապահովագրության սակագինը (աղյուսակ)։
Աղյուսակում երեւում է, որ, օրինակ, 23 տարեկանից բարձր եւ 3 տարուց ավելի վարորդական ստաժ ունեցող մարդը, որն անձնական օգտագործման նպատակով վարում է 141-230 ձիաուժ հզորության շարժիչ ունեցող մեքենա, պետք է ապահովագրության համար վճարի տարեկան 41-42 հազար դրամ։ Ընդհանրապես, նվազագույն գումարը 19 հազար դրամ է, առավելագույնը՝ 110 հազար։ Առավելագույն գումար նախատեսված է այն դեպքում, երբ ապահովագրվող մեքենան հայտնվում է բոլոր գործոնների առումով ամենառիսկային խմբում։ Ինչպես Վ. Գաբրիելյանը պատկերավոր նկարագրեց, առավելագույն գումար կվճարի, օրինակ, հզոր շարժիչ ունեցող «Համմերի» վարորդը, որի 23 տարին դեռ չի լրացել, վարորդական ստաժը 3 տարուց քիչ է, եւ ինքն էլ մեքենան վարում է որպես տաքսի։
ԿԲ փոխնախագահը չբացառեց, որ սակագները կարող են փոխվել տարին 1 անգամ։ Եթե պարզվի, որ դրանք ցածր են, եւ ապահովագրողները փաստացի վնասներ կրեն, ապա սակագները կբարձրացվեն։ Իսկ եթե հակառակը՝ ընկերություններն ունենան գերշահույթներ, ապա կիջեցվեն։ Վ. Ավետիսյանն էլ ավելացրեց, որ բյուրոն սահմանել է նաեւ պայմանագրերի կնքման հետ կապված ընթացակարգերը. բոլոր ապահովագրողների համար գործելու են նույն պայմանները։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ըստ մոտավոր հաշվարկների, ավտոապահովագրական շուկայի համախառն եկամուտը կարող է աճել մինչեւ 10-12 միլիարդ դրամ։ Նշենք, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրանցված շուրջ կես միլիոն մեքենաներից ապահովագրված են ընդամենը 20 հազարը։