Օրերս «Կուլտուրա» հեռուստաալիքով «Կյանքի գիծը» հաղորդաշարի հյուրն էր պատկառելի տարիքի մի ծաղրանկարիչ (ցավոք, անունը չեմ հիշում): Երբ նա նշեց իր տարիքը` 104, դահլիճն այդ լուրն ընդունեց բուռն ծափահարություններով: Հաղորդման հերոսն, ով հակառակ իր առաջացած տարիքին` իրականությունը սթափ գնահատելու կարողությունը չէր կորցրել, առարկեց. «Ինչո՞ւ եք ծափահարում, չէ՞ որ իմ տարիքն իմ արժանիքը չէ: Ինքս էլ չունեմ այդ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է Բնությունն այսքան բարեհաճ իմ հանդեպ»: Եվս երկու օր, եւ Երեւանը կդառնա 2792 տարեկան: Ի՞նչ է տալիս մեզ` երեւանցիներիս, գիտակցությունը, որ մեր քաղաքն այդքան հին պատմություն ունի: Հպարտությո՞ւն: Դժվար թե: Հատկապես որ, տարիքն ինքնին արժանիք չէ, եթե տարիները չեն նպաստում իմաստնությանը, փորձի կուտակմանը: Աշխարհի մայրաքաղաքները, որպես իրենց հազարամյա պատմության վկայություն, աչքի լույսի պես պահում են ամեն մի ավերակ, հին թաղամասերը նորոգում են այնպես, որ չկորցնեն հնության շունչը: Իսկ Երեւանն այս տարիներին նմանվել է տարիքն առած կնոջ, ով անհարմար է զգում իր տարիքից, կնճիռներից ու փորձում է երիտասարդ երեւալ` պլաստիկ վիրահատություններով, հաստ շպարով: Հետաքրքիր է, այն, որ մեր մայրաքաղաքը մոտ երեքհազարամյա պատմություն ունի, մե՞ր արժանիքն է, թե՞ Բնության շնորհ է: Կամ գուցե պատահականությո՞ւն է:
Երկար մտածելու հարկ չկա. դատելով մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ցանկից` Երեւանի քաղաքապետարանում համոզված են, որ դա բացառապես իրենց արժանիքն է: Չլիներ Երեւանի քաղաքապետարանը, չլինեին հայ աստղերը, «ավանդական Կոխի ցուցադրական ելույթները», հրավառությունը, մայրաքաղաքի տարիքն այդպես էլ անհայտ կամ աննկատ կմնար: Այս տարի կազմակերպիչներն աշխատել են օրը տոնական դարձնել բոլոր խավերի ու տարիքի մարդկանց համար: Դասական երաժշտության սիրահարները կարող են հավաքվել Կոմիտասի արձանին կից պուրակում, ջազի երկրպագուները` Կասկադի հարեւանությամբ, ռոք կարելի է լսել «Մոսկվա» կինոթատրոնում: Փողոցներում մանուկներին կուրախացնեն հեքիաթների հերոսները: Հասկանալի է, որ Ազատության հրապարակում այդ օրը նախապես խոստացված «միջոցառումներն» են, որոնք այնպես հետեւողականորեն փակում են իշխանություններից դժգոհ մարդկանց մուտքը այդ հրապարակ: Տրամաբանությունը հուշում է, որ Ազատության հրապարակում արդեն երկուշաբթի կսկսվեն մայրաքաղաքի 2793-ամյակին նվիրված միջոցառումների փորձերը: Համարժե՞ք են, սակայն, այս պատրաստությունները երեւանցիների տրամադրությանը: Մայրաքաղաքի բնակիչները, հատկապես հնաբնակները, Երեւանն այնքան իրենցը համարո՞ւմ են, որ Երեւանի քաղաքապետի կամ ռուսական էստրադայի աստղ Վալերի Մելաձեի անկեղծությամբ ասեն. «Երեւանը մենք ենք»: Երեւանի կենտրոնից տեղահանված մարդիկ անգամ ամենամեծ ցանկության դեպքում իրենց թույլ չեն տա արտաբերել այս կարգախոսը: Երեւանում իրենց օտար են զգում նաեւ մտավորականներից շատերը, ում հետ մասնագիտությանս բերումով զրուցել եմ: Դատելով Էրեբունի-Երեւան տոնակատարության նախապատրաստական աշխատանքներից` այն պետք է որ շքեղ տպավորություն թողնի հատկապես մարզերից Երեւան ժամանած երիտասարդների վրա: Նրանք երբեք չեն մոռանա տոնակատարությունը, քանի որ եզակի առիթ կունենան բեմում տեսնելու ռուս երգչուհի, շքեղ Աննա Սեմենովիչին: Նրա ելույթը, հավանաբար, նախատեսված է Հանրապետության հրապարակում երեկոյան կայանալիք տոնական ամփոփիչ համերգի համար, որին հրավիրված կլինեն երկրի առաջին դեմքերը: Կազմակերպիչներն այս տարի, կարծում եմ, առավել խոհեմ կգտնվեն. կա՛մ Ամենայն Հայոց կաթողիկոսին համերգին մասնակցելու հրավեր չեն ուղարկի, կա՛մ «Բերյոզկայի» պարուհիները կանկանը կփոխարինեն ավելի համեստ պարով: Արդեն կարծիքներ են հնչում, թե հայերս ուրախանալու, տոնախմբություններ կազմակերպելու ավանդույթ չունենք, որ մեր տխուր պատմությունը թույլ չի տալիս լիարժեք ուրախանալ, լիցքաթափվել: Չափազանցություն է: Պարզապես այնքան ջանք, ձայնային տվյալներ ու արհեստական ապրումներ ենք ներդնում անկեղծ ուրախության պատրանք ստեղծելու համար, որքան մեր մարզական մեկնաբանները` այս կամ այն մրցաշարում հայերի հաղթանակի դեպքում: Ամենատիպականը ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ մեր սպորտային մեկնաբանի գոռում-գոչյուններն էին, երբ հայ ծանրամարտիկը զբաղեցրեց առաջին տեղը. «Այո՜, Հա-յաս-տաաա՜ն: Ահա այսպե՛ս կապացուցենք, որ մենք լավագույնն ենք: Մենք ուժեղագույնն ենք: Օ՜, հայրենակիցնե՛ր, սա պատմական պահ է: Տիգրա՛ն, ես քեզ սիրում եմ: Հա-յաս-տա՜ն »: Ակնհայտ է, որ բախվում ենք գավառականությունը անկեղծ ուրախության հետ շփոթելուխնդրին: Էմոցիաները (լավ կամ վատ) կառավարել իմանալը, իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելն ու ադեկվատ արձագանքելը` բարեկրթության, տվյալ դեպքում` պրոֆեսիոնալիզմի դրսեւորում է: Նույնը` նաեւ Էրեբունի-Երեւան տոնակատարության պարագայում է: Այդ օրը ուրախության անկեղծ խոսքեր են փորձում ասել աստիճանավոր չինովնիկները, սակայն չի ստացվում. ծոցագրպանից հանում են նախապես գրված, խմբագրված տեքստն ու կարդում: Երգիչները երգում են Երեւանին նվիրված երգեր: Սակայն այդ ապրումներն իրականության հետ ընդհանրություններ չունեն: Հակառակ դեպքում Մենուայի որդի Արգիշտի թագավորի գլխավորած զորախումբը առավոտ կանուխ ճանապարհ կբռներ ոչ թե դեպի Հանրապետության հրապարակ, այլ ուղիղ քաղաքապետարան` հետաքրքրվելու` այս ի՞նչ են անում քաղաքի հետ: