Հոկտեմբերի 16-ին ավարտվեց «Ֆորմուլա-1» դասի ավտոմրցարշավի այս տարվա առաջնությունը։ Մրցաշրջանի վերջին փուլը տեղի ունեցավ Չինաստանում՝ Շանհայի մրցուղում։ Քանի որ չեմպիոնության հարցն արդեն վճռված է, եւ ժամկետից շուտ հաղթող է ճանաչվել Ֆերնանդո Ալոնսոն, այս փուլը հետաքրքրություն էր ներկայացնում ավտոարտադրողների տեսանկյունից։ Առաջին տեղին հավակնում էին «Ռենո» եւ «Մակլարեն» թիմերը։ Մասնագետները Ռենոյի շանսերը շատ ավելի բարձր էին գնահատում՝ մեքենաների վրա տեղադրված նոր, ավելի հզոր շարժիչների պատճառով։ Եվ նրանք չէին սխալվում։ Աշխարի չեմպիոն Ալոնսոն նորից ապացուցեց իր բարձր կարգը եւ եզրագիծը հատեց առաջինը՝ կարեւոր միավորներ վաստակելով «Ռենոյի» համար։ Իսկ «Մակլարենի» գլխավոր հույսերից մեկը՝ Խուան Պաբլո Մոնտոյան, վնասեց աջ անիվը եւ դուրս մնաց պայքարից։ Նրա թիմակից Կիմի Ռայկոնենը գրավեց երկրորդ տեղը, իսկ դա բավարար չէր ավտոարտադրողների ցուցակում առաջին հորիզոնականը գրավելու համար։ Այսպիսով, այս առումով եւս, ընթացիկ մրցաշրջանում «Ռենոն» անգերազանցելի էր, իսկ «Մակլարենը» բավարարվեց երկրորդ տեղով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ֆերրարին», որի առաջատարը՝ Միխայիլ Շումախերն այս տարի շատ անհաջող մրցաշրջան անցկացրեց։