«DigiTec». աջակցություն երիտասարդներին

08/10/2010

Տեղեկատվական հանրությունն ամեն տարի սպասում է «DigiTec Expo» ցուցահանդեսին։ Այն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպություններին հավաքվելու, ունեցած ձեռքբերումները քննարկելու, ծրագրային նոր լուծումները ցուցադրելու լավագույն հարթակն է։ «DigiTec»-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ «DigiTec Expo»-ն ունի ձեւավորված լավ ավանդույթներ. այն ոչ միայն տաղավարային ցուցադրություն է, այլեւ մի շարք թեմատիկ միջոցառումների համախումբ, ինչը ՏՏ մասնագետներին կրթելու, տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունի։ Ցուցահանդեսի շրջանակներում ձեւավորված ավանդույթներից մեկն էլ ԻՏՁՄ-ի եւ բազմաթիվ այլ կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատումն է։ Նման օրինակներից է ԻՏՁՄ-ի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի համագործակցությունը, որի արդյունքում «DigiTec»-ի շրջանակներում անցկացվում է «ԴիջիԼայֆ» սեմինարների շարքը։ Այս համատեքստում ՏՏ ոլորտի մի խումբ ընկերություններ ներկայացնում են տեխնոլոգիական նորագույն լուծումները, որոնք կարող են կիրառվել տնտեսության տարբեր ճյուղերում։ «DigiTec Expo»-ում CAPS-ի աջակցությամբ ներկայանում են նաեւ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները։ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը նշում է, որ սկսնակ նորարար ընկերություններին աջակցությունը չի սահմանափակվում միայն «DigiTec Expo»-ի շրջանակներում. «Մեր հիմնական նպատակն է՝ քաջալերել նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ մասնագետներին եւ բուհերի շրջանավարտներին։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք իրենց գաղափարները կարողանան վերածել բիզնեսի։ Մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք աջակցել ձեռնարկատիրությանը եւ բարձր տեխնոլոգիական ոլորտը վերածել մի բիզնեսի, որտեղ կա մրցակցություն։ Ես սկսնակ ընկերություններին աջակցությունը կդիտեի այս շրջանակներում, եւ «DigiTec Expo»-ն բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները՝ ներկայանալով թե՛ ՏՏ համայնքին, թե՛ ավելի լայն լսարանին»։ 2009-ին «DigiTec»-ում CAPS-ի աջակցությամբ ներկայացել էին 9 նորարար սկսնակ ընկերություններ։ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգով նախատեսված է մինչեւ 2018թ. ոլորտում ունենալ 1000 ընկերություն։ Այժմ մենք ունենք մոտ 200 ընկերություն, եւ վերջին 2 տարիներին բացվել են ընդամենը 60-ը։ Տեմպերը դանդաղ են, եւ CAPS-ի գործունեությունը հենց այդ ոլորտում ակտիվությանը նպաստելն է։ Ա. Ղազարյանը կարծում է, որ մեր երիտասարդների շրջանում կա ձեռնարկատիրական գիտելիքների, վստահության, նախաձեռնողականության պակաս։ «Սիլիկոնային հովիտը դարձել է աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը, քանի որ այստեղ գործող համալսարանների շրջանավարտների համար ստեղծվել են համապատասխան պայմաններ՝ գաղափարը հեշտությամբ բիզնեսի վերածելու համար։ Հենց նույն համալսարանները կապ են ապահովում վենչուրային ֆինանսավորման մեխանիզմներ կիրառող կազմակերպությունների հետ։ Այսինքն՝ մարդիկ այստեղ բուհն ավարտում են որպես պոտենցիալ գործարարներ»։ Ի դեպ, CAPS-ի ղեկավարը նաեւ լուրջ խնդիր է համարում, երբ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները գումար են ծախսում իրենց երիտասարդ մասնագետներին վերապատրաստելու համար, եւ այդ ամբողջը, մտնելով գործառնական ծախսերի մեջ, հարկվում է։ Տեխնոլոգիական ոլորտը զարգացնել ցանկացող երկրների համար այս մոտեցումն անընդունելի է։