Այս տարվա «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին լրջորեն խանգարեց եղանակը: Հորդառատ անձրեւները, կարծես, ստիպում էին որեւէ ներկայացում դիտելուց առաջ նախապես մտածել` արդյոք թրջվելը իմաստ կունենա՞, ու նոր միայն տնից դուրս գալ: Իսկ երբ սպասելիքները չէին արդարանում, հաջորդ անգամ թատրոն այցելելու ցանկություն այլեւս չէր լինում: Փառատոնի կազմակերպիչներին անձրեւը ստիպեց նաեւ հրաժարվել ավանդական դարձած բացման երթից, ինչը բավական անշուք դարձրեց «Հայֆեստը», որը միշտ փորձում է թատերական հրապարակներն ընդլայնել ու քաղաքին ուրախ մթնոլորտ հաղորդել:
«Հայֆեստի» հանդիսատեսն այս տարի բավականին նոսրացել էր: Կարելի է ենթադրել, որ եղանակից բացի` այդ փաստի վրա ազդել էր նաեւ ներկայացումների ընդհանուր որակը: Իր հիմնադրման առաջին իսկ տարում «Հայֆեստը» կարողացավ իրական իրարանցում առաջացնել մեր թատերական կյանքում, քանի որ թարմ էր, նոր էր ու պրոֆեսիոնալ էր կազմակերպված (այն թատրոնից հասկացող մարդիկ էին հիմնադրել. այլ ոչ թե չինովնիկները): Եվ հանդիսատեսն էլ, այդ փառատոնին զուգահեռ` երիտասարդացավ, թարմացավ ու հմտացավ: Նիրհող թատերական դահլիճներում հայտնվեց հայաստանցիների այն տեսակը, որի համար թատրոն այցելելը ժանրային նորարարություն գտնելու ու թատրոնի ընկալումն ընդլայնելու շանս էր: Ակտիվ, շարժունակ ու դեմոկրատական (ոչ էլիտար) փառատոն լինելով` «Հայֆեստն» առաջին հերթին մտորելու նյութ էր տալիս` մի կողմից՝ հղկելով հանդիսատեսին, մյուս կողմից` հայկական թատրոնի մարդկանց «հավեսի» գցելով: Ի դեպ` «հավեսը» շատ ցայտուն բնորոշում է բեմական գործողությունը բնութագրելու համար, քանի որ հաճույքով արված բեմականացումը հանդիսատեսի մասնակցություն է պարտադրում ու «սնվում» հանդիսատեսի էմոցիոնալ արձագանքով: 8 տարիների ընթացքում մենք ծանոթացանք փողոցային թատրոնի բուֆոնային, գունեղ ֆորմատի հետ, մինիմալիստական` մատների, փոքր դեկորացիաների ու դետալների թատրոնի, ինչպես նաեւ` վավերագրական, գրեթե լրագրողական ռեպորտաժ հիշեցնող նյութի վրա հիմնվող նոր թատերական ռեալիզմի հետ: Հայաստանցիներից շատերի համար «Հայֆեստը» տոն է, մեկ շաբաթ բեմական հագեցած կյանքով ապրելու հնարավորություն:
Արդեն 8-րդ անգամ անցկացվող «Հայֆեստն» այս տարի փոքր-ինչ այլ ուղիով գնաց` հրաժարվելով փողոցային թատրոնից ու բազմամարդ ու բարդ տեխնիկական սարքավորումներ օգտագործող բեմադրություններից: Պատճառը հասկանալի է. ցանկացած լավ աշխատանք թանկ արժե: Թատերական աշխատանքը բացառություն չէ: Ըստ «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանի` փառատոնը նախնական պայմանավորվածություններ ուներ տարբեր թատրոնների հետ, սակայն, ցավոք, դրանք Երեւան չժամանեցին, քանի որ շատ ավելի մեծ հոնորար էին պահանջել, քան կարող էր վճարել հայկական կողմը: Ուղեւորության տոմսերը նախապես չպատվիրելու պատճառով Երեւան չհասավ իրանական «Էմրուզ» թատրոնը, որը պետք է բացեր «Հայֆեստը», ինչպես նաեւ չեկավ աֆրիկացի թմբկահար-դերասանը, որին, ըստ Ա.Ղուկասյանի շատ անմիջական մեկնաբանության` երեւի, «կերան»:
Կարելի է վստահ լինել, որ եթե Ա.Ղուկասյանը ֆինանսական ավելի շատ միջոցներ ու լծակներ ունենար, փառատոնի ծրագրերն ավելի հարուստ կլինեին, քանի որ «Հայֆեստի» հիմնադիրը լավ գիտի, որ թատրոնի հիմնական նպատակը հանդիսատեսի հոգում իրարանցում առաջացնելն է: Նա միշտ այն խմբերին է հրավիրել, որոնք պրովոկացիոն բնություն ունեն ու ունակ են թատրոնի «համն ու հոտը» փոխանցել:
Այս տարի պրովոկացիան շատ չէր, շատ չէր նաեւ ժանրային ներկապնակը: Փոխարենը՝ շատ տպավորիչ էր հայկական ներկայությունը:
Իրանական ֆենոմեն
Այս տարվա «Հայֆեստի» ծրագրերից մեկը նվիրված էր իրանական ժամանակակից թատրոնին, որը սկսել է աշխարհում մեծ հետաքրքրություն առաջացնել: Իհարկե, իրանական թատրոնը դեռ չի կարող մրցել իրանական կինոյի ֆենոմենալ հաջողության հետ, սակայն որպես երեւույթ՝ շատ ուշագրավ է: Փակ, տոտալիտար երկիր լինելով` Իրանը փորձում է բեմում տարատեսակ տաբուների հաղթահարման ուղիներ գտնել: Երբեմն հենց այդ որոնումներն էլ թատերային չափազանց սուր ֆորմա են ստանում: Իրանական թատրոնը փորձում է կրոնական ու իշխանական արգելքները շրջանցել, ինչը բեմադրիչներին դրդում է թատերային էքսպերիմենտների դիմել, որպեսզի հնարավոր լինի միաժամանակ եւ ասել, եւ չասել այն, ինչը նրանց հուզում է:
Օրինակ, այն կանայք, որոնք բեմ են բարձրանում, պարտավոր են ենթարկվել իսլամի պարտադրանքներին` բեմում հրաժարվելով սերտ կոնտակտ ցուցադրելուց, գրկախառնվելուց, պարտնյորի ձեռքը սեղմելուց, ձեռքերը մերկացնելուց: Չի կարելի բեմում հայտնվել առանց գլխաշորի ու ցուցադրել բաց մազերը, համբուրվելու մասին նույնիսկ չենք խոսում: Եվ զարմանալի է, որ այդ արգելքները դրդում են ռեժիսորներին առավել լարել իրենց երեւակայությունը ու դրանք որպես հնարք օգտագործել: Կարելի է, օրինակ, մազերը թաքցնել բազմապիսի գլխարկների տակ կամ ավելի պարզ քայլի դիմել ու կեղծամների հավաքածուով բեմ դուրս գալ: Իսկ հույզեր ցուցադրելու պահին` գործողությունն ընդմիջել որեւէ անմեղ խոչընդոտով: Ասենք, համբույրի հասունացման պահը ընդհատել հեռախոսազանգով կամ դռան թակոցով: Այդպիսով եւ օրենքներն են պահպանվում, եւ էմոցիոնալ վիճակ է ստեղծվում:
Երբ բեմի վրա սկսում է աշխատել երկակի իմիտացիայի սկզբունքը, ծնվում են գործեր, որտեղ շրջանառության մեջ է դրվում թատրոնի հիմնական սկզբունքը` պայմանականությունը:
Նման պայմանական թատրոնի մոդել առաջարկեց երեւանցիներին «Էդե» թատրոնն՝ իր «Շրջանի ամենալավ մայրիկը» ներկայացմամբ: Դա շատ օրիգինալ մի պատմություն էր, որը միահյուսել էր դրամատիկ նյութն ու կլոունադան: Բեմում 2 աթոռ ու 2 դերասան են` քույր եւ եղբայր: Քույրը պատմում է, որ մոր սիրեկանը բռնաբարել է իրեն, եւ որ հիմա ինքը հղի է: Եղբայրն էլ շշմելով այդ նորությունից, որոշում է մեղսավոր սիրեկանին գոլֆ խաղալու հրավիրել ու գնդակով հարվածելով` պոկել նրա քիթը: Այդ դրամատիկ թեման ու թեմայի ներկայացման թեթեւամիտ, կատակերգական ձեւը այնքան անսպասելի ու թատերային են, որ թվում է՝ 2 դերասան պարզապես մանկական ուրախ խաղ են խաղում: Դրաման «կոտրվում» է մանկական հնարքներով, իսկ ծաղրածուությունը` չասված, ենթադրվող ծանրությամբ: Դերասաններն օգտագործել էին հայելու էֆեկտը, այսինքն` խոսում էին իրար հետ, դիպչում միմյանց, սակայն այդ ամենը անում էին հեռավորության վրա, ոչ թե իրականում, այլ` պայմանականորեն: Մի կողմից՝ դա թույլ էր տալիս կրոնական որեւէ օրենք չխախտել, մյուս կողմից` ցուցադրել դերասանական վարպետությունը: Ստացվում էր, որ ապտակը կամ համբույրը «ռապիդով»` դանդաղեցված կադրերով են տեղ հասնում: Երբեմն էլ, ընդհակառակը, տեմպը խտանում էր ու ծիծաղելի դառնում: Ներկայացման մեջ օգտագործված էր նաեւ «հետկադրային» մեկնաբանումը, որի մեջ տեղ գտած հումորը զարմանալիորեն ներդաշնակվում էր կամերային այդ կատակերգության հետ ու կրկնվող դեպքերի էֆեկտ էր թողնում:
Մեկ այլ իրանական ներկայացում էր «Ագրեեն» թատրոնի «Սթեյշն» բեմադրությունը, որի հերոսները երկաթուղային կայարանում պատահաբար միմյանց հանդիպած իրանցի տղան ու եվրոպացի աղջիկն են: Գործող անձինք միմյանց չեն հասկանում, քանի որ տարբեր լեզուներով են խոսում, սակայն մարդկային շփման ծարավը (առնվազն այն ժամանակահատվածում, երբ հերոսները գնացքի են սպասում ու հանգամանքների բերումով նույն տարածքում են «բանտարկված») օգնում է որոշ խնդիրներ հաղթահարել:
Իրանական թատրոնը շատ քիչ է առնչվում եվրոպական թատրոնի հետ, ու կարծես ինքն իր մեջ ներփակված լինելով` ինքն իր մեջ է վերափոխման ներուժ գտնում: Ու թեեւ «Հայֆեստում» մյուս իրանական հյուրը` «Դեսսեի» թատրոնը իր «Աննատ» մինիմալիստական աշխատանքով ավելի շատ ուսանողական աշխատանք էր հիշեցնում, սակայն այդ աշխատանքը նույնպես ինքնաորոնման էր նման ու լի էր ազգային կոլորիտով: Մանր կենցաղային դրվագներից կազմված այս ներկայացման գործողությունները տեղի էին ունենում պատուհանների փեղկերում: Խոսք չկա, միայն շարժում է, որը դանդաղ հոսող ժամանակի է նման:
Իհարկե, իրանական թատրոնն աշխարհում որպես էկզոտիկ մի երեւույթ է ընկալվում, սակայն, եթե հաշվի առնենք, որ Իրանը երիտասարդ երկիր է, որի բնակչության կեսը մինչեւ 30 տարեկան երիտասարդներ են, ապա շատ շուտով նրանք կկարողանան թատրոնին փոխանցել այն թարմ շունչը, որը շատ «թանկ» ապրանք է թատերական տարածքում:
Նշենք նաեւ, որ տարեցտարի ավելի որակյալ ու հետաքրքիր է դառնում հայաստանյան թատրոնների ներկայությունը «Հայֆեստում»: Եվ եթե մեր թատերախմբերի ծրագրերը հնարավոր լիներ այլ փառատոներում ներկայացնել այնպիսի ծավալով, որպիսին ներկայացվել էր իրանական ծրագիրը, ապա մենք հաստատ շատ լավ տպավորություն կթողնեինք: Սերժ Մելիք-Հովսեփյանի երկու աշխատանքները, Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» պոետիկ դրաման շատ «մրցունակ» ու որակյալ գործեր են: Նկատելի էր նաեւ, որ հայկական ներկայացումներն ավելի շատ հանդիսատես ունեին, քան արտասահմանյանները: Եվ եթե «Հայֆեստից» դրական լիցքեր ստանալուց հետո հայ դերասաններն ու ռեժիսորները հետագայում ավելի ակտիվ ու թարմ նախագծերով հանդես գան, ապա հանդիսատեսն անկասկած կսատարի նրանց: Կարեւորն այն է, որ «Հայֆեստերից» հետո հայ հանդիսատեսն արդեն առավել հաճույքով է թատրոն գնում` շատ լավ տարբերակելով լավ ու վատ գործերը: