Խաղաղության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն, ով այժմ գտնվում է բանտում: Ըստ հայտարարության` մրցանակը նրան շնորհվել է «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»: Հիշեցնենք, որ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահը նախապես հայտարարել էր, որ իրենց որոշումն անակնկալ է լինելու, եւ որ իրենք ստիպված են լինելու արդարացնել ու պաշտպանել իրենց ընտրությունը։ «Դուք կհասկանաք, երբ լսեք անունը»,- ասել էր նա: Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի Լյու Սյաոբոն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, այսպես կոչված` 08 Խարտիան մշակելու համար, որը կոչ էր անում Չինաստանում բազմակուսակցական դեմոկրատիա սահմանել եւ հարգել մարդու իրավունքները: Իսկ Չինաստանի ԱԳՆ-ն անցած շաբաթ նախազգուշացրել էր Նոբելյան կոմիտեին, որ այդ մրցանակը չշնորհի Սյաոբոյին՝ նշելով, որ դա կհակասի Նոբելյան սկզբունքներին: