Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ փառատոնը, որը Երեւանում տեղի է ունենալու հոկտեմբերի 12-16-ը, մեծ ուշադրություն է դարձնելու երեխաների իրավունքների պաշտպանությանը: «Ես իրավունք ունեմ» հատուկ անվանակարգի ժյուրիի նախագահը ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանն է, ով առաջին անգամ է ակտիվորեն մասնակցելու այս փառատոնին: Նա նշում է, որ մարդու իրավունքները սկիզբ են առնում մշակույթից: «Արժանապատիվ մարդ լինելու իրավունքի գիտակցումը սկսվում է միջավայրից: Երեխային հարկավոր չէ դաս տալ, նրա համար պետք է օրինակ ծառայել»,- ասաց նա: Արվեստը եւ հատկապես՝ կինոն, շատ բան կարող են փոխել երեխայի գիտակցության մեջ` սեփական ուժերի նկատմամբ վստահություն ներշնչելով: Փառատոնի նախագահ Նունե Մանուկյանն էլ հույս հայտնեց, որ հետագայում հնարավորություն կլինի նաեւ հայ մանուկների աշխատանքները վիդեոգրքերի ձեւաչափով ներկայացնել: Իսկ առայժմ հոկտեմբերյան մեկ շաբաթվա ընթացքում կարելի է սեփական երեխայի ձեռքը բռնած կինոթատրոն գնալ ու թույլ տալ նրան տեսնել, թե ինչպես են ապրում այլազգի մանուկներն, ու ինչ խնդիրներ են նրանց հուզում: Հնարավոր է, որ հենց այդ դիտումներն էլ կդրդեն նրանց՝ արժանապատիվ լինել ու հպարտ կեցվածքով անցնել իրենց կյանքի ուղին: Փառատոնն այդ հնարավորությունն ընձեռում է. խաղարկային, անիմացիոն ֆիլմերի ընտրությունը շատ լայն է: