Հանցակից են

07/10/2010

«Նրանք, ովքեր նկարահանել են միջադեպը, որի ժամանակ սպան ստորացնում էր զինվորներին, այնուհետեւ այդ տեսանյութը տեղադրել են YouTube-ում, ըստ էության, հանցակից են տեղի ունեցածին»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պարզաբանելով, թե այդ տեսանյութը նկարահանող մարդիկ նստած են եղել զինվորներին ստորացնող սպայի կողքին, հանգիստ դիտել են եւ որեւէ քայլ չեն ձեռնարկել տեղի ունեցողը կանխելու համար: Անդրադառնալով իր նախկին հայտարարությանը, թե ինքը չի հավատում, որ հայկական բանակում նման բան կարող է տեղի ունենալ, Ս. Օհանյանն ասել է. «Այո, անկեղծ ասած, ես նախկինում չէի հավատում, բայց պարզվեց, որ դա ճշմարտություն է: Այդուհանդերձ, ես դեռ որոշակի կասկած ունեմ, որ այդ միջադեպը հատուկ է սարքվել եւ նկարահանվել»: Նշենք, որ սեպտեմբերի 11-ին YouTube-ում տեղադրվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է սպան նվաստացնում զինվորներին, նրանց ականջների մեջ ջուր լցնում ու հարվածում: