Խոշորներն ու աուդիտը

07/10/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նախորդ տարի խոշոր ընկերությունների թղթաբանական «գլխացավանքների» թիվը ավելացավ եւս մեկով։ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այն խոշոր կազմակերպությունները, որոնց 2009 թվականի գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին:

Այսինքն, սկսեց կիրառվել պարտադիր հրապարակային աուդիտի մեխանիզմը։ 2009թ. արդյունքներով՝ մեկ միլիարդ դրամ շրջանառությունը, ըստ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, գերազանցել են 361 ընկերություններ։ Նրանք պետք է պարտադիր աուդիտ անցնեին եւ հրապարակեին իրենց հաշվետվությունները մինչեւ ս.թ. հուլիսի մեկը։

Սակայն ոչ բոլորն են կատարել օրենքի պահանջը։ Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իրականացված ուսումնասիրություններից պարզվել է, որ 48 խոշոր կազմակերպություններ աուդիտի չեն ենթարկվել եւ չեն հրապարակել 2009 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` աուդիտորական եզրակացությունների հետ միասին:

Դրանց թվում են, օրինակ, խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «Միկմետալ», «Քաղ պետրոլ սերվիս», «Արսօյլ» ընկերությունները:

Երեկ զանգահարեցինք մի քանի խոշոր ընկերություններ, պարզելու համար, թե նրանք ինչո՞ւ չեն կատարել պարտադիր աուդիտի պահանջը։ Սակայն գրեթե բոլորը հրաժարվեցին մեկնաբանություններ տալ։ Ֆինանսների նախարարությունից այս ընկերությունների հետ կապված մեզ պարզաբանեցին, որ «աուդիտից խուսափել» արտահայտությունը ոչ բոլորի համար կարելի է օգտագործել։ Կան ընկերություններ, որոնք առաջին անգամ են աուդիտ անցնում, եւ գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ ՀՀ ՖՆ Հաշվապահության եւ աուդիտի մեթոդաբանության վարչության պետ Ռազմիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում չբացառեց նաեւ այն հանգամանքը, որ որոշ ընկերություններում գուցե տեղյակ չեն եղել օրենքի պահանջին (չնայած խոշոր ընկերությունների պարագայում դա քիչ հավանական է)։

Նկատենք, որ պարտադիր աուդիտը «ականջի հետեւ գցելու» հարցում պակաս դեր չունի նաեւ պատժի սիմվոլիկ փոքր գումարը։ Ըստ օրենքի, եթե պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունները չեն հրապարակվում սահմանված ժամկետում, ապա տուգանքը կազմում է առաջին անգամվա համար ընդամենը 50 հազար դրամ։ Եթե թերությունը չի շտկվում, այն դառնում է 500 հազար, սակայն դա եւս մեծ գումար չէ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների համար։

Հիմա անդրադառնանք այս շղթայի մյուս օղակին՝ աուդիտորական ընկերություններին։ Երբ մտցվեց պարտադիր աուդիտի դրույթը, շատերը կանխատեսում էին, որ այս դաշտում գործող ընկերությունների եկամուտները կտրուկ կաճեն։ Այսօր գործող շուրջ 40 աուդիտորական ընկերություններից շատերը միայն վերջերս են գրանցվել՝ հենց վերը նշված օրենսդրական փոփոխության արդյունքում։ Սակայն առավել երկար տարիների փորձ ունեցող եւ ճանաչված աուդիտորական ընկերությունները, կարծես, այնքան էլ գոհ չեն ներկայիս վիճակից։

Օրինակ, «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում ասել էր, որ նշված օրենսդրական փոփոխությունների հետ կապվող ակնկալիքները չեն արդարացել: Մեզ հետ զրույցում Գ. Գյուլբուդաղյանը եւս մեկ անգամ հաստատեց իր այդ տեսակետը՝ պարզաբանելով, որ չնայած իրենց ընկերությունը հաճախորդների թվի աճ է ունեցել, սակայն դա այդ օրենքի հետ կապված չէ։ «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի տնօրենն ավելացրեց նաեւ, որ 361 ընկերություններից շատերն առանց այդ էլ հանդիսանում էին իրենց հաճախորդը, այնպես որ, օրենքի փոփոխությունը իրենց հաճախորդների թվի առումով մեծ փոփոխություն չէր կարող բերել։

Գ. Գյուլբուդաղյանի խոսքերով, իրենք ամեն մի հաճախորդի հետ չեն աշխատում։ Գոյություն ունի, այսպես կոչված, «client acceptance». հաճախորդ ընկերությունը պետք է բավարարի որոշակի պայմանների, որպեսզի «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն համաձայնի այնտեղ աուդիտ անցկացնել։ Սա խոսում է աուդիտորական ընկերության, եւ նրա տված եզրակացության լրջության մասին։ Տնօրենի խոսքերով, ներկայումս դաշտում գործող շատ քչերն են այդպես վարվում, իսկ ոմանք պարզապես «կնիք են վաճառում»։ Իսկ վերը նշված 361 խոշոր ընկերությունների թվում եղե՞լ է այնպիսին, որին «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն մերժել է աուդիտ անցկացնել։ Այս հարցին ընկերության տնօրենը դրական պատասխան տվեց։

Գ. Գյուլբուդաղյանի կարծիքով, պարտադիր աուդիտի ինստիտուտի արդյունավետության բարձրացման համար կառավարության կողմից պետք է ընդունվի հեղինակավոր աուդիտորական ընկերությունների «կարճ ցուցակ», որին էլ կվստահվի աշխատանքը խոշոր տնտեսվարողների հետ։ Մեզ հետ զրույցում «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի տնօրենը նշեց, որ այդ փորձը կիրառում է, օրինակ, Համաշխարհային բանկը եւ այլ միջազգային կառույցներ։

Այս տեսակետը, սակայն, ոչ բոլորն են կիսում։ Ընդ որում, համաձայն չեն ոչ միայն «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի մրցակից նորաստեղծ աուդիտորական ընկերությունները, այլեւ կառավարությունը։ «Անձամբ ես այդ կարծիքը չեմ կիսում։ Նախ՝ դժվար է չափորոշիչներ դնել եւ որոշել, թե ով պետք է ընդգրկված լինի այդ ցուցակում։ Բացի այդ, այս պահին այդպիսի «կարճ ցուցակ» կազմելը կլինի օրենքի խախտում, եւ կսահմանափակի ընկերությունների ընտրության հնարավորությունը։ Մոտ 37 լիցենզավորված կազմակերպություններ կան, որոնք ունեն նույն լիցենզիան, նույն իրավունքները։ Վերջին հաշվով, դա շուկան պետք է որոշի, ընկերությունները իրենք են որոշում, թե ում պատվիրեն աուդիտը»,- մեզ հետ զրույցում նշեց Ռազմիկ Մելիքյանը։

Ինչեւէ, դատելով արդեն իսկ առկա վիճակից եւ հեռանկարներից՝ աուդիտորական ընկերությունների միջեւ մրցակցությունը հաջորդ տարվանից ավելի է թեժանալու։ Բանն այն է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նաեւ օրենքի մյուս դրույթը, որի համաձայն՝ պարտադիր աուդիտ պետք է անցնեն նաեւ այն ընկերությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը։ Մոտավոր հաշվարկներով, այդ սանդղակի տակ կհայտնվեն մոտ 500 ընկերություններ, որոնց համար, հնարավոր է, իսկական որս սկսվի, քանի որ աուդիտը թանկ հաճույք է։