Մեր հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ազգային ժողովում բարեգործության վերաբերյալ հայտնի հայտարարությունից հետո իր եւ ԲՀԿ ղեկավարի անձնական հարաբերությունների լարվածության մասին խոսակցությունները, ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսպես պատասխանեց. «Հումորով նկատեմ, որ հազիվ թե այդ հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաակտուալ հարցն է, չնայած առ այսօր այն բազմակողմանիորեն քննարկվում է»: «Կցանկանայի հիշեցնել հայտարարության հենց հաջորդ օրը Ձեր հարցին տված իմ պատասխանը, որը տպագրվել է «168 Ժամ» թերթի սեպտեմբերի 16-ի համարում. «Վ. Դալլաքյանից փորձեցինք ճշտել՝ իր հայտարարությունն, արդյո՞ք Գ. Ծառուկյանին էր ուղղված, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ»: Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ում այդպես ընկալեցին: «Ես մեջբերում եմ արել Շիրվանզադեից, թե ով ինչպե՞ս է ընկալել, հարցերն ուղղեք այդպես ընկալողներին: Ընդհանրապես, եթե ես որեւէ մեկին նկատի եմ ունենում, դա ասում եմ ուղղակի»: Այս գնահատականները ես բառացիորեն կրկնել եմ հոկտեմբերի 2-ին` «Առավոտ» թերթին տված հարցազրույցում: Հայտարարության վերաբերյալ ինձ ուղղված հարցադրումների հիման վրա մեկնաբանելով իմ պատասխանները՝ «Հենարան» էլեկտրոնային լրատվամիջոցի 2010 թ. սեպտեմբերի 29-ի հրապարակման մեջ նշվում է. «Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ իր նախորդ հայտարարության ժամանակ խոսքն ուղղակիորեն կոնկրետ անձի, այսինքն՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին չէր վերաբերում, եւ դա ընդհանրական հայտարարություն էր. «Եթե ես իմ ելույթում որեւէ անձի վերաբերյալ որեւէ գնահատական ուզում եմ տալ, ես ուղղակի այդ գնահատականը տալիս եմ»: Եվ վերջապես հոկտեմբերի 5-ին «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում եւ նույն օրը ԱԺ-ում ունեցած հայտարարության մեջ ես ամբողջությամբ վերահաստատել եմ իմ վերոհիշյալ գնահատականները: Ինձ համար վաղուց ձանձրալի է դարձել չեղած բանի վրա ժամանակ վատնելը, բայց մի վերջին անգամ ուզում եմ կրկնել, որ բարեգործության մասին իմ հայտարարությունը ուներ ընդհանրական բնույթ, բացարձակապես անձնավորված չէր, եւ այնտեղ Գ. Ծառուկյանին ուղղված որեւէ ակնարկ չկար, որի հետ, ի դեպ, ունեմ նորմալ հարաբերություններ եւ ծանոթ եմ նրա բարեգործական գործունեությանը»,- ասաց Վ.Դալլաքյանը: