Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) լիագումար նիստում երեկ ընդունվել է մի հայտարարություն, որտեղ Ադրբեջանին կոչ է արվում կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները:
Հայտարարությունը նախաձեռնել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հայտարարության տակ ստորագրել են ԵԽ ԽՎ-ի շուրջ երեք տասնյակ պատգամավորներ: Ընդ որում, հայտարարության տակ ստորագրել են նաեւ Հայաստանի մյուս, այդ թվում՝ իշխանական պատվիրակները` ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը, ՀՅԴ անդամ Արմեն Հարությունյանը, ՕԵԿ անդամ Արծրունի Աղաջանյանը եւ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը: Այս փաստաթղթով Եվրոպայի խորհուրդը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միմիայն խաղաղ ճանապարհով եւ բացառել ուժի կիրառման սպառնալիքը: «Հակառակ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին` Ադրբեջանը շարունակում է իրականացնել երկրի ռազմականացման վտանգավոր քաղաքականություն` հանդես գալով Հայաստանի եւ հայերի դեմ ուղղված ռազմատենչ եւ թշնամություն սերմանող հռետորաբանությամբ»,- ասված է հայտարարության մեջ, որում նաեւ ամրագրված է. «Ադրբեջանը մերժում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, հրաժարվում է բանակցել կոնֆլիկտի հիմնական կողմ հանդիսացող Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, իսկ բոլոր այն մարդիկ, այդ թվում եւ՝ Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ովքեր այցելում են Ղարաբաղ, հայտնվում են Ադրբեջանի սեւ ցուցակում»: Եզրափակելով` հայտարարության հեղինակները շեշտում են. «Խորհրդարանական վեհաժողովը պետք է Ադրբեջանից պահանջի առավել լիարժեքորեն եւ անկեղծորեն կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորությունները»: Ի դեպ` երեկ ԵԽ ԽՎ-ում հրապարակվել էր ադրբեջանցի պատգամավորների նախաձեռնած հայտարարությունը, որտեղ ընդգծվում է ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման անհրաժեշտության մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ թեեւ «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, եւ մոտ 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը», այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Լիագումար նիստում ընդունված այդ հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Հայաստանը մերժում է Մինսկի խմբի կողմից ներկայացված Մադրիդյան նորացված սկզբունքները, որոնք ուղղված են խնդրի արագ կարգավորմանը: Ի դեպ, երեկ ԵԽ ԽՎ-ում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակների հանդիպումը:
Մինչ ԵԽ ԽՎ-ում քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած սկզբունքների հարցը, այդ խմբի համանախագահները երեկ Երեւանում էին եւ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք Հայաստան էին եկել Բաքվից եւ այսօր մեկնելու են Ղարաբաղ՝ իրականացնելու փաստահավաք առաքելություն: Նրանց հետ են նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի գրասենյակի երկու ներկայացուցիչ: Երեկ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ ԵԱՀԿ դաշտային փաստահավաք առաքելությունը ՄԱԿ-ի հետ առնչություն չունի: «ՄԱԿ-ի որեւէ այլ կառույցից մասնակից եւ ուղեկցող չի լինելու, ինչպես այսօր որոշ թերթերում հրապարակում եղավ, թե արտգործնախարարը մի բան է հայտարարում, բայց այլ բան է դուրս գալիս: Այդպիսի բան չկա: Երբ արտգործնախարարը հայտարարություն է անում, դա պաշտոնական հայտարարություն է»,- ասել է Է.Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Շվեյցարիայի, Հայաստանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հեռախոսազրույցներ են տեղի ունենում, Է. Նալբանդյանն ասել է, թե Շվեյցարիայի Արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ իրենց արտգործնախարարը ընթացող կամ ենթադրվելիք բանակցությունների վերաբերյալ ոչինչ չի ասել: «Վստահեցնեմ, որ որեւէ հեռախոսազրույց կամ բանակցություն թուրքական կողմի հետ վերջին ամիսների ընթացքում տեղի չունի, եւ մոտակա ժամանակներս չի էլ նախատեսվում, որովհետեւ դա հնարավոր կլինի անել այն ժամանակ, երբ Թուրքիան նորից պատրաստ լինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա:
Իսկ ինչո՞ւ են ՄԱԿ-ի երկու փորձագետներն ուղեկցում ԵԱՀԿ առաքելությանը: Արտգործնախարարն ասել է, որ սա դաշտային առաքելություն է, որն ուսումնասիրելու է իրավիճակը այս տարածաշրջանում: Հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահները նոր են նշանակվել եւ իրավիճակին մանրամասն ծանոթ չեն: Է.Նալբանդյանը նաեւ նշել է, որ փախստականներ կան երկու կողմից. թե՛ Ադրբեջանից, թե՛ Հայաստանից, եւ հարցը կարող է քննարկվել միայն այն ժամանակ, երբ անվտանգության համապատասխան երաշխիքներ ապահովվեն, սակայն փախստականները բազմաթիվ հարցեր ունեն, եւ նրանք բազմիցս դիմել են իրենց հարցերով: