Օրեր առաջ «Հայաստանի ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան» քննարկում էր կազմակերպել Հայաստանում զբոսաշրջության զարգացման, մասնավորապես` այլ երկրներ մուտք գործելու արտոնագրերի թույլտվության մասին:
Քննարկմանը ներկա էին ՀՀ-ում Գերմանիայի փոխհյուպատոսը, ՀՀ արտգործնախարարության Հյուպատոսության վարչության պետը, Բնապահպանության ծրագրերի կենտրոնի ներկայացուցիչը եւ տուրիստական որոշ կազմակերպությունների աշխատակիցներ: Ըստ ՀՀ ԱԳՆ Հյուպատոսության վարչության պետ Տիգրան Սեյրանյանի՝ նախորդ տարի ՀՀ-ում գործող դեսպանատների կողմից տրվել է 20.499 մուտքի արտոնագիր՝ վիզա, եւ 4992 էլեկտրոնային վիզա: Ընդ որում՝ Հայաստան եկած զբոսաշրջիկների ծանրակշիռ մասն, ինչպես միշտ, իրանցիներ են: 2009թ. տվյալներով՝ Պարսկաստանից Հայաստան է եկել 17.000 զբոսաշրջիկ: «18 երկրների ցանկ կա, որոնց քաղաքացիները վիզա կարող են ստանալ միայն դեսպանություններում եւ հրավերների հիմա վրա: Ընդ որում՝ այդ հրավերները ոչ միայն ուղղակիորեն ուղարկվում են օտարերկրացուն, այլեւ հանձնվում են Ոստիկանությանը, իսկ եթե բիզնես-հրավեր է, ապա այն հանձնվում է Արտաքին գործերի նախարարությանը»,- նշեց Տ. Սեյրանյանը: Նրա հավաստմամբ` վերոնշյալ երկրների ցանկը կազմվել է 3 նկատառումով՝ միգրացիոն ռիսկեր, հնարավոր ահաբեկչության վտանգ եւ Հայաստանի հետ ոչ բարիդրացիական հարաբերություններ: Իսկ ցանկում հայտնվել են հետեւյալ երկրները՝ Բանգլադեշը, Կամերունը, Չինաստանը (բացառությամբ Հոնկոնգի եւ Մակաուի հատուկ վարչական տարածքների), Եգիպտոսը, Հնդկաստանը, Նեպալը, Նիգերը, Նիգերիան, Պակիստանը, Պաղեստինը, Սոմալին, Սաուդյան Արաբիան, Շրի Լանկան, Սուդանը, Սիրիան եւ Վիետնամը: Ընդ որում՝ մինչ 2007թ. այդ երկրների ցանկում ընդգրկվել էր շուրջ 70 պետություն: «Ընտրությունը կատարվել է միգրացիոն ռիսկերը կանխելու նպատակով՝ հաշվի առնելով այն բազմաթիվ դեպքերը, որոնք նախկինում եղել էին: 1990-ական թվականների կեսերից մինչ 2003-2004թթ. հնդիկների մեծ խմբեր էին բերվում Հայաստան` Եվրոպա ուղարկելու ակնկալիքով: Մեր իրավապահների կողմից տարբեր ժամանակներում հայտնաբերվել են 30-40 հնդիկներից բաղկացած խմբեր, որոնք առանց փաստաթղթի, գումարի՝ ապրում էին մի փոքր խցում»,- ասաց Տ. Սեյրանյանը: Նա նաեւ նշեց, որ ցուցակում հայտնված Նիգերիան աշխարհում ամենաշատ ապօրինի միգրանտներ սպասարկող երկիրն է: Իսկ ապօրինի զբոսաշրջիկների համար կարեւորագույն խնդիր է՝ հայտնվել մի երկրում, որտեղից հեշտ կլինի մուտք գործել Եվրոպա կամ Ամերիկա: Ամեն դեպքում, եթե օրենսդրորեն հասկանալի են Հայաստանի կողմից մուտքի արտոնագիր տալու կամ մերժելու կարգը, ապա էկոտուրիզմի զարգացման համար, ըստ Բնապահպանության ծրագրերի կենտրոնի աշխատակից Ռուզան Մարտիրոսյանի` դժվարությունները շատ են: Օրինակ, ՀՀ-ում շատ հաճախ հյուրանոցներ կամ ռեստորաններ են կառուցվում ոչ ճիշտ պլանավորված տեղերում, ինչպիսին Դիլիջանում սողանքային գոտում կառուցված հյուրանոցաշինության նախագիծն էր: «Հայաստանում էկոտուրիզմի զարգացման գլխավոր հիմնախնդիրն է օրենսդրական դաշտի կատարելագործումը, տնտեսական հաշվարկների պակասը եւ ներդրումների պլանի բացակայությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Ռ. Մարտիրոսյանը՝ ցավով նկատելով, որ Հայաստանում էկոտուրիզմը զարգացման սկզբնական փուլում է: Ի դեպ, նշենք, որ զբոսաշրջության զարգացման միտումների, խնդիրների մասին քննարկումները, ըստ «Հայաստանի ամերիկյան շրջանավարտների ասոցիացիայի» նախագահ Խաչիկ Գեւորգյանի՝ այսուհետ կլինեն ամենամսյա: