Ճակատագրի բերումով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականները հանդես են գալիս Եվրոպայի առաջնության նույն ընտրական խմբում: Երկու հավաքականներն էլ բավականին հավակնոտ պլաններ ունեին, սակայն երկուսն էլ առանձնապես հաջող չսկսեցին խաղը: Եվ կարող է այնպես լինել, որ հոկտեմբերի 8-ին` երրորդ տուրից հետո, ռուսաստանցիների եւ հայաստանցիների հակառակորդ թիմերը` համապատասխանաբար Իռլանդիան եւ Սլովակիան, առավելագույն` 9-ական միավորներ հավաքելով, շատ առաջ կանցնեն, ինչի դեմ չափազանց դժվար կլինի պայքարել: Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների հնարավորությունների ու հեռանկարների եւ առհասարակ ֆուտբոլի մասին է «168 ԺԱՄ»-ի թղթակցի հետ զրուցում սպորտի վաստակավոր վարպետ, 70-ականների հիանալի պաշտպան, այժմ` ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչեւը:
– Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականներն այնքան էլ լավ իրավիճակում չեն հայտնվել` իրենց իսկ մեղքով նախընտրական փուլում չկարողանալով բավարար միավորներ հավաքել: Ռուսաստանն անսպասելի պարտություն կրեց Սլովակիայից, Հայաստանը կարող էր տանուլ չտալ առաջին խաղը Իռլանդիայի հետ եւ կարող էր հաղթանակ տանել Մակեդոնիայի դեմ խաղում: Բայց, ցավոք, այսօր խմբում առաջատարները հենց իռլանդացիներն ու սլովակներն են:
– Մրցաշարի տեսանկյունից` Սլովակիայի թիմին պարտվելուց Ռուսաստանի հավաքականի հետ սարսափելի ոչ մի բան տեղի չի ունեցել: Ամեն ինչ իրենցից է կախված: Թիմը ֆուտբոլիստներ ունի, որոնք հանդես են գալիս արտասահմանյան ուժեղագույն ակումբներում: Այլ բան է, որ Սլովակիայի հետ կոնկրետ այդ խաղում որոշ ֆուտբոլիստներ իրենց ուժերը լիովին չօգտագործեցին: Երկար կարելի է խոսել ու քննարկել, թե ինչու: Իսկ ես այսպես կասեմ. այսօր անհնար է որեւէ մեկին հաղթել, եթե խաղադաշտում պարզապես քայլում ես, ուժերդ 100%-ով չես օգտագործում: Որովհետեւ բոլորը չէ, որ լավ էին աշխատում, արդյունքն էլ այդպիսին եղավ` 0-1: Թեեւ Սլովակիայի թիմի նման թիմին պիտի որ հաղթեին: Սա կորուստ է: Ես նայել եմ նաեւ Հայաստանի թիմի խաղը Մակեդոնիայի հետ, եւ ասեմ, որ հայերը կարող էին հաղթել սլովակներին` դատելով խաղի ընթացքից: Սակայն նկատեմ, որ Հայաստանի հավաքականի համար ավելի դժվար է խմբից դուրս գալը, քան Ռուսաստանի հավաքականի համար: Հայաստանը բարձր որակավորում ունեցող խաղացողներ ավելի քիչ ունի, եւ այս հանգամանքն աչքի էր զարնում Մակեդոնիայի հետ խաղում: Հայաստանն ու Մակեդոնիան իրար հետ կմրցեն 4-5-րդ տեղերի համար:
– Հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանի եւ Հայաստանի թիմերն իրար դեմ հանդիման դուրս կգան: Ռուսաստանի թիմը Մոսկվայում պիտի որ հաղթանակ տանի: Երեւանում խաղալն ավելի դժվար կլինի, հատկապես, եթե դաշտի տերերը խմբից դուրս գալու հնարավորություն ունենան: Ձեր կարծիքով` կարո՞ղ է արդյոք իրավիճակին պետական մակարդակով խառնվել Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցներ լինելու հանգամանքը:
– Ես դրան բացարձակ չեմ հավատում: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակից պետություններ են, եւ դա հրաշալի է: Բայց սպորտը, ֆուտբոլը չի կարելի խառնել քաղաքականությանը: Կարելի է, իհարկե, մի պահ երեւակայել այդպիսի բան… ասենք` միավորներ ռազմակայանների համար: Ո՛չ: Ավելին ասեմ, Ռուսաստանի հավաքականի դեմ նախկին ԽՍՀՄ երկրները խաղում են է՛լ ավելի մեծ եռանդով: 20-ամյա հետխորհրդային փորձը դրա վառ ապացույցն է. կարող եք նայել վիճակագրությանը եւ համոզվել: Առանց քաղաքականության էլ Ռուսաստանը պիտի հաղթի: Հայերը լավ ֆուտբոլ ունեին 70-ականներին` Արկադի Անդրեասյան, Հովհաննես Զանազանյան, Լեւոն Իշտոյան…: Եվ հավատացե՛ք, մինչ օրս էլ ինչ-որ բան փոխանցվում է ներկայիս սերնդին: Ես մի քանի տարի առաջ եղել եմ Հայաստանում. Արկադի Անդրեասյանն ինձ հրավիրել էր իր հոբելյանին, ու ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Եվ հետո, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին մասնակցությունն իզուր չի անցնում, թիմը անգնահատելի փորձ է ձեռք բերում: Այդպես է եւ Հայաստանի հավաքականի հետ. նա դառնում է ավելի վտանգավոր: Իզուր չէ, որ Դոնեցկի «Շախտյորը» վերջերս բավականին խոշոր գումար վճարեց Հենրիխ Մխիթարյանի համար:
– ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հանրապետություններն առանձնապես հաջողությունների չեն հասել ֆուտբոլային դաշտում: Առանձին հաջողություններ կան, սակայն դա չի կարելի համեմատել նախկին հզորության հետ. ԽՍՀՄ հավաքականը, իբրեւ կանոն, ում հախից ասես որ չէր կարող գալ: Ո՞րն է այդ ընդհանուր հիվանդության պատճառը:
– Մի հիվանդություն կա. երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մանկական ֆուտբոլը, փաստորեն, դադարեց գոյություն ունենալուց: Ամենուր սպորտը սկսեցին շատ վատ ֆինանսավորել: Կյանքն է փոխվել: Ի՞նչ է, հարավային հանրապետություններում` Վրաստանում, Հայաստանում, սկսել են ավելի քի՞չ ծնվել ճարպիկ տղաներ: Իհարկե՝ ոչ: Պարզապես առաջներում ֆուտբոլը բոլորի համար գերակա ուղղություն էր, իսկ հիմա նրան այլ հետաքրքրություններ են փոխարինել:
– Չհաշված 2006թ. Ուկրաինայի դուրս գալը աշխարհի առաջնություն` նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միայն Ռուսաստանը կարող է հպարտանալ. մասնակցություն 2002թ. մունդիալում, երրորդ տեղը Եվրոպայի վերջին առաջնությունում: Հիմա Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը խիստ հավակնոտ նպատակ է դրել` հաղթանակ տանել 2018թ. աշխարհի առաջնությունում:
– Այդ մասին լսե՛լ անգամ չեմ ուզում: Այդ ինչո՞ւ հանկարծ այդպես, ո՞ւմ խելքին է դա փչել: Մեր ղեկավարությունը գիտի՞ արդյոք, թե ինչ է ֆուտբոլը: Այդ ես էի, որ 20 տարեկանում` 1970թ., ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել էի Մեքսիկա` աշխարհի առաջնությանը, եւ միամտաբար կարծում էի, թե մենք հաղթելու ենք: Հիմա ես 60 տարեկան եմ եւ գիտեմ, որ այդպես չի լինում` հենց այնպես վերցնել ու հաղթել աշխարհի առաջնությունը: Ի՞նչ է դրա համար արվել: Ոչի՛նչ: Ֆուտբոլի ֆեդերացիան լի է քաղաքական գործիչներով, բիզնեսմեններով, նախկին նահանգապետերով, տարբեր մենեջերներով, որոնք հեռու են ֆուտբոլից: Միայն Նիկիտա Սիմոնյանն է մնացել պրոֆեսիոնալներից: Մենք` պրոֆեսիոնալներս, եւ նրանք` ֆեդերացիայի չինովնիկները, տարբեր լեզուներով ենք խոսում:
– Իսկ հաջողության հասնելու համար զուտ ֆուտբոլային ռեսուրսներ կա՞ն: Օրինակ` ես ցնցված էի, երբ ՀԱՀ-ում աշխարհի առաջնության օրերին կարծեմ «Սովետական սպորտը» Ռուսաստանի հավաքականի մի քանի խաղացողների հարցրել էր մունդիալի մասին, եւ մեծ մասը պատասխանել էր, որ չի նայում առաջնության խաղերը, այլ հանգստանում է: Այսինքն` ֆուտբոլը նրանց կյանքում առաջին տեղը չի զբաղեցնում…
– Բանն էլ հենց դա է: Հենց այդ պատճառով է Ռուսաստանում հավաքականը՝ մի կողմում, երկրպագուներն ու մենք բոլորս` մյուս: Ինչպե՞ս ընդունել, եթե Գերմանիային պարտվելուց հետո հավաքականի կապիտան Անդրեյ Արշավինն ասում է, որ Ադրբեջանում տեղի ունենալիք հաջորդ խաղին, թող որ այն առանձնապես կարեւոր չէ խաղի տեսանկյունից, թիմը կմեկնի իբրեւ զբոսաշրջիկ: Այդպես նաեւ Սլովենիա, Հունգարիա, Բուլղարիա, Սլովակիա… Անհնարին է ընդունել նրանց այդպիսի դիրքորոշումը: Հավաքականը նեղանում է, թե՝ դուք մեզ չեք սիրում: Իսկ ինչի՞ համար սիրենք: Վարպետության պակաս կա. ոմանք արտասահման մեկնեցին, բայց այդպես էլ փառքի չհասան: Ուրեմն` որեւէ կերպ պետք է փոխհատուցել: Առաջին հերթին՝ նվիրումով: Պիտի միայն մի Աստծու աղոթել` Ֆուտբոլին: Քնել գնդակի հետ, երազում տեսնել գնդակը: Ինչպես ձեր Խորեն Հովհաննիսյանը, պետք է ֆուտբոլը ֆանատիկի պես սիրել: Միայն այդ դեպքում եւ համապատասխան տաղանդ ունենալու դեպքում ֆուտբոլը կպարգեւատրի ձեզ: Իսկ երբ նույն Արշավինը գալիս ու արհամարհանքով խոսում է լրագրողների, երկրպագուների հետ, ապա այդպիսի վերաբերմունքը թույլ չի տալիս ազգային հերոս դառնալ:
– Ռուսաստանում կա՞ մի մարդ, թող որ նա դեռ հայտնի չէ, եւ մենք նրա մասին դեռեւս չգիտենք, որ կարող է երեւույթ դառնալ ֆուտբոլում:
– Ալան Ձագոեւը: Չնայած նրան դժվար է ոչ հայտնի անվանել. նրան արդեն նկատում են: Ինձ թվում է` նա կկարողանա լուրջ բարձունքների հասնել: