«Փակ շուկան» հունվարից կվերանորոգվի

07/10/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» առեւտրականները գործադուլ էին հայտարարել: Նրանք հոկտեմբերի 5-ի առավոտյան հանկարծակիի էին եկել՝ տեսնելով շուկայի պատին փակցված գրությունը, որով շուկայի ղեկավարությունը տեղեկացնում էր, որ վերանորոգման աշխատանքների պատճառով հոկտեմբերի 14-ից «Փակ շուկան» անորոշ ժամանակով փակվելու է:

Գործադուլավորներին հատկապես զայրացրել էր Ամանորին ընդառաջ նման որոշման ընդունումը: «Հիմա արդեն լավ ա, նորմալ ա: Մինչեւ տարեվերջ աշխատելու ենք: Իրենց խնդրել ենք, ու մեզ թույլ են տվել աշխատել: Հունվարի 1-ից շուկան կկանգնի ռեմոնտի»,- երեկ մեզ հետ զրույցում ասացին շուկայի առեւտրականները: Գործադուլավորների կրքերը մարել էին այն բանից հետո, երբ նրանց հետ հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչը: Ի դեպ, հենց Գ. Ծառուկյանն էլ պատրաստվում է վերանորոգել Երեւանի «Փակ շուկան»: Շուկայի աշխատակիցները, ովքեր դեռ երեկ բողոքավորների դերում էին, այսօր արդեն կանգնել էին շուկայի սեփականատեր Գ. Ծառուկյանի կողքին: Նրանց այլեւս չէր անհանգստացնում նաեւ հունվարից հետո սկսվող հարկադիր պարապուրդի փաստը: «Մի բան կմտածենք: Հնարավորություն չունենք, որ պարապ մնանք»,- ասաց տիկին Սուսաննան: «Պարոն Ծառուկյանի ցավը տանեմ՝ իսկական մեծատառով տղա ա: Իրանք աշխատում են ժողովրդի համար: Ի՞նչ հարցով դիմել ենք՝ ատկազ չի արել: Ինքն ասել ա` շուկան ռեմոնտ եմ անելու, էլի մնալու ա շուկա: Ոսկի մարդ ա, ոսկի»,- ոգեւորությամբ նշեց շուկայի աշխատակիցներից մեկը:

Այսօր շուկայում աշխատում է շուրջ 200 մարդ: Հունվարից հետո չեն պատկերացնում իրենց ճակատագիրը: Ոմանց հետ զրույցներում նկատելի էին ապագայի նկատմամբ հուսալքությունը, ներկայի նկատմամբ վախն ու անհանգստությունը: «Կարող ա պարոն Ծառուկյանն իրեն մի քիչ նեղություն տվեց, որ ռեմոնտը 3 ամսով հետաձգեց, բայց ասեց՝ կանգնեք-աշխատեք: Այ տե՛նց մարդ ա Ծառուկյանը»,- մեկը մյուսին հերթ չտալով՝ նշում էին շուկայի վերավաճառողները: Ինչեւէ, եթե շուկայի առեւտրականների դեպքում խնդիրը պարզ ու հասկանալի էր, ապա լիովին անհասկանալի էր շուկայի գործադիր տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանի պահվածքը: Հարցին, թե ներկայումս շուկան ի՞նչ կարգավիճակ ունի, այսինքն՝ պետակա՞ն է, թե՞ սեփական, եւ ո՞ւմ է պատկանում՝ Թ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա ոչ պետական, ոչ էլ սեփական ա՝ ՍՊԸ ա: Ինչ-որ «Մովսես գրուպ» ա»: Մեր հաջորդ հարցադրմանը, թե տվյալ դեպքում ինքը ո՞ր ընկերության անունից է հանդես գալիս՝ «ինչ-որ «Մովսես գրուպի՞», թե՞ մեկ այլ ընկերության, վերջինս պատասխանեց. «Դե հիմա ի՞նչ կարեւոր ա՝ շուկան ումն ա: Նաղդի շուկան ուզում են ոտքի կանգնեցնեն»: Զավեշտալին այն էր, որ նման պաշտոն զբաղեցնող անձնավորությունն անգամ հստակ չգիտեր իր տնօրինած ընկերության անունը, եւ առաջարկեց այս մասին նայել ընկերության հաշվապահական բաժնում: «Թե Մովսես ա, չգիտեմ ի՞նչ ա, ես կարամ հաշվապահությունից ճշտեմ»,- ասաց Թ. Հովհաննիսյանը, ով տվյալ ընկերությունում արդեն 3 տարի զբաղեցնում է գործադիր տնօրենի պաշտոնը: Գործադիր տնօրենը դժվարացավ անգամ նշել, թե իր ղեկավարած ընկերությունը քանի տարի է ստանձնել շուկայի սեփականության իրավունքը: «Ես կոնկրետ չեմ կարա ասեմ: Ես չեմ զբաղվում «Մովսես» ՍՊԸ-ով, Պողոսով, Պետրոսով… Ես զբաղվում եմ շուկայի ներքին կարգավիճակով, ժողովրդին լավ սպասարկելու, գյուղացիներին լավ ընդունելու հարցերով»,- ընդգծեց «Փակ շուկայի» ներքին կյանքին «հետեւող» տնօրենը՝ նկատելով, որ վերանորոգումից հետո կավելացվի նաեւ աշխատակիցների թիվը: Իսկ այն առեւտրականները, ովքեր հետագայում ցանկություն կունենան իրենց աշխատանքը շարունակել շուկայում, որեւէ խնդրի առաջ չեն կանգնի: Նախագծի համաձայն՝ վերանորոգման աշխատանքները տեւելու են 6-7 ամիս: «Ռեմոնտ անելուց հետո էրկու էդքան աշխատատեղ ա բացվելու: Մեզ ավելի շատ մարդիկ են պետք գալու: Ուզում ենք ներքեւում ավտոկանգառ սարքել քաղաքացիների համար: Նորմալ բան ա մարդկանց գրավելու համար: Շուկայի տեսքը լրիվ նույնն է մնալու, մենակ ներքին, կոսմետիկ վերանորոգում ա կատարվելու»,- ընդգծեց շուկայի տնօրենը: Իսկ հարցին, թե, ի վերջո, ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ շուկայի վերանորոգումը կատարելու է Գ. Ծառուկյանը, եւ արդյո՞ք դա չի նշանակում, որ հենց նա է շուկայի սեփականատերը, Թ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի՞գուցե: Միգուցե ինքն օգնությո՞ւն ա ցույց տալիս ռեմոնտն անելու համար: Ես չգիտեմ: Դե հիմա որ արդեն գիտեք՝ ինչի՞ եք հարցնում: Դուք ասում եք՝ Ծառուկյանն ա ռեմոնտ անում: Հա, գաղտնիք ա: Էլ մի հարցրեք՝ չեմ ասի»: Ուշագրավն այն է, որ մեր հետեւողական հարցադրումներից հետո Թ. Հովհաննիսյանն արձագանքեց այս ձեւով. «Հա, ամեն ինչ էլ գիտեմ, բայց չեմ ուզում պատասխանեմ: Ես ինքս ինձ մտածում եմ, որ չեմ ուզում պատասխանեմ: Ուրի՞շ»: Ուրիշ ոչինչ:

Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից պարզեցինք, որ «Փակ շուկայի» 100%-անոց բաժնետերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, ով սեփականաշնորհման իրավունք ստացել էր տարիներ առաջ: