Չհասցրեցինք: Ոչ Ազգային վիճակագրությունը հասցրեց հրապարակել «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2010թ. հունվար-սեպտեմբեր» հաշվետվությունը, ոչ էլ մենք հասցրինք կարդալ: Ափսոս: Ի՜նչ ոգեւորությամբ էինք ընթերցելու օգոստոս ամսի հետ համեմատած գյուղմթերքների գների նվազումը սեպտեմբերին: Եղանակը միանգամից փչացավ, ու գյուղմթերքների գները միանգամից թռան: Ուստի սեպտեմբերյան գների համեմատությունը օգոստոս ամսվա տվյալների հետ՝ անիմաստ դարձավ: Բայց մեր վիճակագիրները գները միայն նախորդ ամսվա տվյալների հետ չէ, որ համեմատում են: Հաշվետվության մեջ կան նախորդ տարվա սեպտեմբերի ու 2005-ի գների հետ համեմատականներ: 2005-ի հետ համեմատությունները սահմռկեցուցիչ են: Տպագիր մամուլում, ի տարբերություն հեռուստաեթերի, սարսափ նյութերի հրապարակումը կանոնակարգված չէ: Բայց միեւնույն է, հարգելով ընթերցողի նյարդերը, կարելի է կոչ անել բոլոր ԶԼՄ-ներին՝ ձեռնպահ մնալ 2005-ի համեմատականները տպելուց: Միայն մեկ ցուցանիշից պարզ կդառնա, թե ինչու` պարենային մթերքները անցած չորս տարում թանկացել են 32,5 տոկոսով: Պաշտոնապես: Ուստի առաջարկում եմ գնաճը դիտարկել միայն 2009-ի սեպտեմբերի հետ համեմատելով: Սպառման ապրանքների գներն այդ համեմատության մեջ աճել են 10 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 6,1 տոկոսով: Իսկ պարենային մթերքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 12,7 տոկոսով: Թե ինչպես է վիճակագիրներին հաջողվում այսքան համեստ գնաճ արձանագրել, այլ խնդիր է:
Օրինակ, հաշվետվության մեջ նշվում է, որ «բանջարեղեն, կարտոֆիլի» գները մեկ տարում աճել են 58 տոկոսով: Այն ակնհայտ չի համապատասխանում իրականությանը: Բայց դրանից չի կարելի ենթադրել, որ պաշտոնական հաղորդագրությունները արժանահավատ չեն: Խորհրդային անցյալը պաշտոնական հաղորդագրություն ընթերցողին հուշում է առավել ուշադիր ընթերցել դրանք եւ տողատակեր փնտրել: Այդպիսի մի տողատակում կարելի է գտնել հետեւյալ տվյալները: 2009-ի սեպտեմբերին մեկ կգ կարտոֆիլի միջին գինը եղել է 127,6 դրամ: 2010-ի համար գինը նշվում է 263 դրամ: Ակնհայտ է, որ կարտոֆիլի գնաճը մոտ երկու անգամ պակաս է նշվել: Հավանաբար ազնիվ նպատակով: Որպեսզի խուճապ չառաջանա: Բայց մեկ-մեկուկես տարի առաջ, երբ ՕԵԿ-ական գյուղնախարարը խոսեց կարտոֆիլի առատ բերքի ու այն արտահանելու հեռանկարների մասին, հասարակությունն իսկույն գլխի ընկավ` կարտոֆիլը թանկանալու է: Հիմա էլ մեր մամուլում մի գլուխ կանխատեսումներ կան, որ կարտոֆիլը ձմռանը վաճառվելու է մեկ կգ-ն 500 դրամով: Որովհետեւ պետությունը չփորձեց կարգավորել կարտոֆիլաբուծության ոլորտում տեղի ունեցող գործընթացները: Փոխարենն՝ ադմինիստրատիվ մեթոդներով փորձում է պահել հացամթերքի գինը: Այն մեկ տարվա ընթացքում թանկացել է ընդամենը 10 տոկոսով: Թե որքան ժամանակ կհաջողվի պահել այս ցուցանիշը, պարզ չէ: Ռուսաստանն առայժմ չի հանել հացամթերքի արտահանման վրա դրած արգելքը: Իսկ մեր ներմուծողների ու վաճառականների ազնիվ դասը գնային քաղաքականության հարցերում կողմնորոշվում է հենց ռուսական շուկայով: Ռուսական լրատվամիջոցները հենց հայտարարեցին, որ ռուսաստանյան մի շարք քաղաքներում վաճառքում հնդկացորեն չկա, մերոնք անմիջապես բարձրացրեցին գները ներքին շուկայում: Հնդկացորենի գինը մեկ-երկու ամսում թռավ 34,6 տոկոսով: Բայց մեր պետական մարմինները միշտ ըմբռնումով են մոտենում ներկրողների հոգսերին: Հարեւան (ու ոչ այնքան) երկրների ներքին շուկայի ամեն մի թանկացում բավարար հիմք է մեր շուկայում գները բարձրացնելու համար: Երբեք ոչ մի գործարար չի պատժվել էժան ներկրած ապրանքը թանկ գնով վաճառելու ու գերշահույթ ստանալու համար: Գերշահույթ ստանալը դարձել է զուտ հայկական ավանդույթ: Ինչպես պարենային շուկայում գնաճն արդարացնելը: Բարդ տեսություններ ու խելոք պատասխաններ հորինել պետք չէ: Ներկրվող ապրանքների թանկացումը հիմնավորվում է միջազգային գնաճով (հետո ինչ, որ ցորենի միջազգային գնաճ չկա), իսկ տեղական գյուղմթերքի գնաճը` եղանակային պայմաններով: Օրինակ, պաշտոնապես հայտարարվում է, որ նախորդ տարվա համեմատ մրգի գինը Հայաստանում աճել է 21,2 տոկոսով: «Ինչո՞ւ» հարցը միշտ նույն պատասխանն ունի` «Տարին անբարենպաստ էր, շատ լիներ, գինը չէր բարձրանա»: «Սպառողական գների ինդեքսը» հրապարակման համաձայն՝ ամենահամեստ գնաճն արձանագրվել է «ծխախոտ, ոգելից խմիչքներ» տողի դիմաց` 1,7 տոկոս: Այս փաստն առաջինը հավանաբար վարչապետ Տիգրան Սարգսյանն է արձանագրել: Մի քանի օր առաջ վարչապետը խոսեց ծխախոտի էժանության մասին: Ծխախոտի գինը բարձրացնելու իր կոչը վարչապետը հիմնավորեց ազգի առողջության մասին սեփական մտահոգությունով: Ոչ մի խոսք չասվեց այն մասին, որ ծխախոտի գինն աճելու է ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով: Հանուն պետբյուջեի: Ոչ մի անձնական շահ: Չարախնդալ պետք չի, թե վարչապետը նկատել է, որ համընդհանուր երկնիշ գնաճի մեջ 1,7 տոկոսը չի ինտեգրվում: Նկատել ու փորձում է դա էլ երկնիշ դարձնել: Հետո ինչ, որ կառավարությանը չի հաջողվում բյուջեի մուտքերն ապահովել ստվերային տնտեսությունը կրճատելու ճանապարհով: Ի վերջո, ստվերի դեմ պայքարը բարդ ու անշնորհակալ գործ է: Իսկ բնակչության առողջության մասին մտածելն ու ակցիզային հարկն ավելացնելը հո հաստատ բյուջեանպաստ ձեռնարկ է: Մեր ժողովուրդն անգամ հացի ու կարտոֆիլի գնաճն է ներում, ուր մնաց՝ ծխախոտինը չների: