Թատերական ցանց

07/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում, այս տարի առաջին անգամ Երեւանում տեղի ունեցավ IFEA-ի (Միջազգային փառատոների եւ իրադարձությունների ասոցիացիայի) խորհրդի անդամների ամփոփիչ նիստը: Կայացավ նաեւ փառատոների ու թատերական մենեջերների հանդիպումը, որը կրում էր «Բեմից այն կողմ» խորագիրը:

Ինչպես հայտնի է` ցանկացած իրադարձության մեջ կարեւորը ետկուլիսային հանդիպումներն ու շփումներն են, որոնք ոչ ֆորմալ ֆորմատով անցելով` ներկայացումների ու արիտիստների մասին պարունակող ինֆորմացիան ազատ ցանցային շրջանառության մեջ են դնում: Ինչպես ասաց «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը` ցանցերն ու միավորումները երբեմն սկիզբ են առնում մի գավաթ սուրճ կամ մի բաժակ վիսկի ըմպելու ժամանակ: Բեմից դուրս տեղի ունեցող հանդիպումներում մեկը մի բան է ասում, մյուսը` ականջ է դնում, եւ արդյունքում այս կամ այն ներկայացման մասին լուրերը տարածվում են տարբեր փառատոներով:

IFEA-ի անդամ, թատրոնի փորձագետ, Ռուսաստանի ԹԳՄ միության անդամ Օլգա Պերեզենցեւան նկատում է. «Եվրոպական մշակութային քաղաքականությունը կառուցվում է մոբիլ, ցանցային համագործակցության վրա: Երբ հետխորհրդային տարածքում վերացավ կենտրոնացված հյուրախաղային դաշտը, շատ թատրոններ զրկվեցին իրենց աշխատանքը դուրս տանելու շանսից: Մի կողմից՝ հանդիսատեսն էր ուզում նոր ներկայացումներ դիտել, իսկ մյուս կողմից էլ՝ թատրոններն էին ցանկանում իրենց թատրոնից դուրս գալ ու դադարել սեփական յուղի մեջ տապակվելուց, ինչն ուղղակի կործանում էր թատրոնները: Աշխարհում այժմ ահռելի քանակի փառատոներ կան, որոնք հնարավորություն են տալիս իմանալ` ի՞նչ է կատարվում թատերական աշխարհում»:

Երեւանյան հանդիպումները շատ կարեւոր է համարում անգլիացի պրոդյուսեր Ռոջեր Մակքենը, ով փառատոները 2 տեսակի է բաժանում: «Կան փառատոներ, որոնք մեկնարկում են միայն այն պատճառով, որ ոչ մի այլ բան երկիրը չի կարող ստեղծել, եւ կան փառատոներ, որոնք նպատակ ունեն բերել լավագույն գործերը՝ ցանց ստեղծելու համար»։ Ուշագրավ է, որ անգլիացի պրոդյուսերը մի քանի տարի առաջ լինելով «Հայֆեստի» հյուրը` շատ բարձր է գնահատել ուսանողական մի աշխատանք, որի տեսագրությունն էլ տարել է Լոնդոն ու ցուցադրել իր ուսանողներին: Հետագայում Համազգային թատրոնի այդ էքսպերիմենտալ ներկայացումը եվրոպական հարթակներում ցուցադրվելու շանս էր ստացել: «Փառատոները սերմեր են ցանում, որոնցից շատերը կարող են եւ չվերածվել բույսերի, ամեն դեպքում ժամանակ է հարկավոր նոր թատերական համագործակցության հասունացման համար»,- ասում է Ռ.Մակքենը:

IFEA-ի անդամ-փորձագետները նշում են, որ թատերական կյանքի ակտիվացման համար կարեւոր գործոն է մասնավոր կառույցների ու պետության համագործակցությունը: Պեկինի Թատրոնի ակադեմիայի ռեկտոր Շեն Լին ասում է. «Փառատոնը մեծ շուկա է, որտեղ գնվում ու վաճառվում են ոչ միայն պատրաստի ներկայացումները, այլեւ` գաղափարները: Եվ ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա հայկական թատրոնների աշխատանքի հետ: Միգուցե մենք վերհիշելով մեր հազարամյա անցյալը, նոր թատերական «մետաքսե ճանապարհ» կբացենք»:

Բոլոր փորձագետները, որոնք այս օրերին Երեւանում են, ընդգծում են, որ ներկայացումները մի երկրից մյուսը տեղափոխելը ծախսատար է, եւ որպեսզի այդ ծախսերը նպատակային լինեն, հարկ է վստահ լինել, որ հյուրախաղերը մի կողմից՝ օգուտ կտան քո երկրին, իսկ մյուս կողմից` թատերախմբերի համար «կանաչ լույս» կբացեն: Իսկ Ա.Ղուկասյանը ավելացնում է, որ հարկավոր է վստահության կրեդիտ ձեռք բերել, որպեսզի Հայաստանում տարբեր խոշոր թատերական հավաքներ ու փառատոներ կազմակերպվեն: Նրա սպասելիքները այժմ կապված են «Ոսկե Դիմակ» թատերական փառատոնի հետ, որը պարբերաբար հատուկ ծրագրերով ներկայանում է այլ երկրներում: Միգուցե հերթը կհասնի նաեւ մեզ: