Մանուկների փառատոն

07/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեխաների եւ պատանիների համար կինոյի զարգացման հիմնադրամը, որը կրում է անվանի ռուս դերասան Ռոլան Բիկովի անունը, ամեն տարի Մոսկվայում ու Երեւանում կինոփառատոն է կազմակերպում: Այս տարի հոկտեմբերի 12-16-ը՝ արդեն 6-րդ անգամ փառատոնը տեղի կունենա Երեւանում, եւ հետո արդեն, ձեւավորված ավանդույթի համաձայն` կտեղափոխվի Հայաստանի մարզեր եւ Արցախ: «Ռոլան Բիկով» հիմնադրամի հրավերով Երեւան կայցելեն «Երալաշ» կինոհանդեսի տնօրեն, կինոռեժիսոր Բորիս Գրաչեւսկին, մուլտիպլիկատորներ Էդուարդ Նազարովն ու Գարրի Բարդինը եւ Երեւանյան փառատոնի պատվավոր նախագահ Արմեն Մեդվեդեւը:

Այս տարի մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի օրերին կցուցադրվեն 81 գեղարվեստական ու անիմացիոն ֆիլմեր, որոնք կգնահատեն միաժամանակ եւ՛ երեխաներից, եւ՛ մեծահասակներից կազմված ժյուրիները: Այս տարվա նորամուծություններից է լինելու «Ես իրավունք ունեմ» հատուկ անվանակարգի ստեղծումը: ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի գլխավորությամբ բազմազգ ժյուրին (որի կազմում են թուրք, վրացի, ուզբեկ եւ աֆրիկացի կինոգործիչները) կընտրի այն ֆիլմը, որը լավագույնս արտահայտում է երեխաների իրավունքների պաշտպանվածության թեման: Մանուկներին ու դեռահասներին ուղղված այս կինոփառատոնն այսուհետ զուգակցվելու է նաեւ սոցիալական ծրագրերով: Այս տարի նախատեսվում է առողջապահական «Դու մենակ չես, միասին կհաղթենք» ակցիա անցկացնել: Մոսկվայից հրավիրվել է անվանի բժիշկ-արյունաբան Ալեքսեյ Մասչանը, ով հեմատոլոգիական խնդիրներ ունեցող երեխաների համար անվճար բուժզննումներ կանցկացնի:

Առողջ լինելու իրավունքը զուգակցվելու է նաեւ սատարման ծրագրերով: «Ռոլան Բիկով» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն իր նախորդ փառատոների ընթացքում, հետեւելով երեխաների երազանքներին, այս տարի փորձելու է դրանց մի մասն իրականացնել: Օրինակ, Գյումրիի «Թռչունյան» մանկատան այն սաները, որոնք ցանկանում են Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում սովորել, հնարավորություն կստանան կինոարտադրման գաղտնիքներին ծանոթանալ հայտնի մուլտիպլիկատոր Գարրի Բարդինի օգնությամբ, ով այդ երեխաների հետ արվեստի բուհ կայցելի:

Պետք է նշել, որ մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը ցուցադրելու է Գարրի Բարդինի վերջին աշխատանքը` «Անճոռնի ճուտիկը» տիկնիկային, երաժշտական կինոժապավենը, որը շատ մեծ արձագանք է ստացել աշխարհում: Անդերսենի անմեղ հեքիաթի սյուժեի մեջ հեղինակը ազգայնամոլության ու ֆաշիզմի ծնունդն է կռահել` ստեղծելով մի պատմություն, որը Օրուելի հայտնի «Անասնաֆերման» է հիշեցնում:

Բարդինից ֆիլմն ավարտին հասցնելու համար 4 տարի է պահանջվել, ֆիլմում տարբեր անիմացիոն տեխնիկա եւ 400-ից ավելի տիկնիկներ են օգտագործվել: Եվ արդյունքում ստացվել է մի ֆիլմ, որը դիտելն ուղղակի պարտադիր է: «Անճոռնի ճուտիկում» ներկայացվող թռչնաբակը տոտալիտար պետության նման մի կառույց է, որտեղ ամեն առավոտ բակի օրհներգն է հնչում, դրոշ է բարձրացվում ու հայրենասիրական (բակասիրական) ճառեր են ասվում: Իսկ գլխավոր հնդկահավի համար էլ տարբեր մանր-մունր թռչնատեսակներ երգերի մրցույթներ են կազմակերպում: Այս մթնոլորտում հայտնվող ցանկացած էակ ինքնաբերաբար որպես «ազգի թշնամի» է ընկալվում եւ հալածվում է: Ֆիլմում հնչում է Չայկովսկու երաժշտությունը, իսկ գլխավոր հերոսները խոսում են Արմեն Ջիգարխանյանի (գլխավոր հնդկահավ), Վլադիմիր Սպիվակովի (աքլոր), Կոնստանտին Ռայկինի ձայներով: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաեւ Սպիվակովի նվագախումբը եւ զինվորական երգչախումբը: Ուշագրավ է, որ ֆիլմում անճոռնի ճուտիկը միայն փափուկ ու ճերմակ անձ չէ, կան դրվագներ, որտեղ նա նույնիսկ ավելի տհաճ ու անմիտ է, քան իրեն հալածողները: Խոսելով իր նոր ֆիլմի մասին՝ Գարրի Բարդինը նկատել է. «Անդերսենը երբեք երեխաների հետ մանկական լեզվով չի խոսում, նա ասում է` լսիր, տղաս, կյանքը դժվար բան է, ես էլ քեզ կցուցադրեմ այդ բոլոր դժվարությունները, եւ եթե դու դիմանաս, ապա վերջում կարապ կդառնաս: «Կարապ» դառնալու համար մեր երեխաները պետք է հոգեւոր աշխատանք կատարեն, եւ հենց այդ մասին է իմ ֆիլմը: Հուսով եմ, որ այն հնարավոր չէ փոփ-կորն ուտելով դիտել»: