«Հայֆեստը» «քարի» դեր է կատարում

07/10/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«ԿուկԱրտ» տիկնիկային փառատոնի նախագահ Դավիդ Բուրմանը խոստովանում է, որ իր ցանկությունը փառատոնային շարժումն ակտիվացնելն է` վերածելով այն յուրատեսակ թատերական օլիմպիադայի: Նա սիրում է «ինովացիա», «ինֆրաստրուկտուրա», «ստրատեգիական պլանավորում» եւ այլ խորիմաստ բառեր, քանի որ այդ բոլորը փառատոնային եռուզեռի անբաժանելի բնորոշումներն են: Սանկտ Պետերբուրգում ապրող ու աշխատող Դ.Բուրմանը անսահման սիրով սիրում է իր քաղաքն ու տարբեր փառատոների հյուրը լինելով` փորձում է գտնել անսպասելի թատերական միաձուլումները: Նա ասում է. «Թատերական արվեստը սենյակներում չես սովորեցնի, մարդիկ պետք է անընդհատ շարժման մեջ լինեն, զբոսնեն, շնչեն, հանդիպեն տարբեր խենթ ու խելառ անցորդների հետ, զգան իրենց քաղաքի շունչը, «որսան» մթնոլորտը»:

– Երեւանում գտնվելու օրերին էլ ես փորձում եմ ժանրային տարբեր միքսեր տեսնել: Թատրոնը զարգանում ու վերափոխվում է` համադրելով դերասանների խաղը, տիկնիկներին, վիդեոինստալյացիաները: Եվ առավել հետաքրքիր են համատեղ արտադրությունները, երբ նույն բեմում են հայտնվում տարբեր մշակույթների կրողներն ու տարբեր ժանրերում աշխատելու սովոր արտիստները: Կոպրոդուկցիան այսօր ամենահետաքրքիր թատերական պլատֆորմներից մեկն է:

– Ինովացիոն թատերական ֆորմաների ի հայտ գալուն արդյոք չի՞ խանգարում սովետական թատրոնի մոդելը` կայուն դերասանախմբով, խաղացանկով ու փոփոխություններ անելու վախով:

– Ողջ աշխարհում թատրոնը ռեֆորմների է ենթարկվում: Հավատացնում եմ ձեզ, որ նույնը տեղի է ունենում նաեւ Հայաստանում: Ռուսաստանում, օրինակ, թատրոնի ռեֆորմն արդեն 15 տարի է տեւում: Այսպես թե այնպես, թատրոնները ստիպված են շարժվել, առաջխաղացման նոր ուղիներ փնտրել, այլապես` կմեռնեն:

– Շատ հայ թատրոններ եթե չեն մեռել, ապա խորը հոգեվարքի մեջ են:

– Կարող եմ հակադարձել. Երեւանի Տիկնիկային թատրոնը ոչ միայն չի մեռնում, այլեւ զարգանում է: Այն հետխորհրդային տարածքում զարմանալի ու ստաբիլ թատրոններից մեկն է, եւ ես էլ ամեն անգամ մեծ հաճույքով թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանին Սանկտ Պետերբուրգի «ԿուկԱրտ» փառատոնին մասնակցելու եմ հրավիրում: Ռուբիկը թատրոնը ընկալում է որպես հենց այս պահին եւ հենց այս վայրում տեղի ունեցող գործողություն: Եվ շատ թատրոններ ստիպված են լինելու նույնը անել, այսինքն` վերակենդանանալ: Այլ բան անել նրանք պարզապես չեն կարող, քանի որ այլ ելք չկա: Այնպես որ, հանգիստ եղեք, կգան վերափոխողներն ու կվերափոխեն հայկական թատրոնը:

– Մարդկային գործոնը որոշի՞չ է այդ վերափոխման մեջ:

– Մարդկային գործոնը հաջողության 99% տոկոսն է կազմում եւ ընդամենը 1%-ն է առնչվում ֆինանսների հետ: Մարդն է ամենամեծ շարժիչ ուժը: «Հայֆեստի» հիմնադիր Արթուր Ղուկասյանն, օրինակ, հենց այդ վերափոխման հեղինակներից մեկն է, որը շատ կոնկրետ ու արդյունավետ աշխատանք է անում: Մարդն է ամեն ինչի կենտրոնում, քանի որ հենց մեկ մարդուց է կախված հանդիպումներ կազմակերպելը, պայմանավորվածություններ ձեռք բերելն ու մյուս մարդկանց իրար կապելը: Կատարողական արվեստների մենեջմենթը ենթադրում է, որ այդ անհատները ինքնաբերաբար են ի հայտ գալիս: Երբ ցանց ստեղծելու պահանջը հասունանում է, թատրոնի մարդիկ իրենք են նախաձեռնող դառնում: Ես, օրինակ, դերասան եմ (ինչպեսեւ Արթուր Ղուկասյանը), բայց օրերից մի օր որոշեցի, որ պետք է փառատոնային շարժումը զարգացնեմ, հատկապես տիկնիկային արվեստը: Եվ հետո արդեն թատրոնի անիվը սկսեց ինքնուրույն պտտվել ու նորանոր հետաքրքիր իրադարձությունների ծննդյան սկիզբ դնել: Հայերը զարմանալի դիմացկուն ժողովուրդ են, նրանք շատ լավ հասկանում են՝ ի՞նչ է պետք անել, ու հեշտությամբ հարմարվում են գլոբալ պահանջներին: Եվ ես վստահ եմ, որ թատրոնը Հայաստանում մեծ ապագա ունի:

– Ինչո՞ւ:

– Այլ տարբերակ պարզապես չկա, քանի որ ստեղծագործական էներգիան պետք է արտահայտվի: Ես միշտ հավասարության նշան եմ դնում Հայաստանի ու Իսրայելի միջեւ, քանի որ մեծ հաշվով այդ երկու պետությունները ոչ մի կերպ չեն աջակցում նոր թատերական նախագծերին: Այն, ինչ կա այդ պետությունների բեմերում, միայն եվրոպացիների ու նախկին ԽՍՀՄ-ի բնակիչների ստեղծածն է: Տեղական պրոյեկտները չեն խրախուսվում, եւ մեծ իմաստով` թատերական շարժում չկա: Ցավոք, Իսրայելը կոնսերվատիվ եւ շատ դեպքերում` կոնսպիրատիվ երկիր է: Սակայն, ամեն դեպքում, Իսրայելը լավ հանդիսատես ունի, որն ուզում է ներկայացումներ դիտել ու գնում է ներկայացումներ դիտելու: Դահլիճները միշտ լեփ-լեցուն են, իսկ դա արդեն շատ լավ ցուցանիշ է: Կարծում եմ, նույն իրավիճակը սկսել է ստեղծվել նաեւ Հայաստանում:

– Հանդիսատեսը կարո՞ղ է ազդել պրոցեսի վրա` պահանջելով հետաքրքիր «տեսարաններ»:

– Իհարկե, հանդիսատեսը անմիջականորեն է ազդում թատրոնի վրա: Դա նման է ջրի վրա ի հայտ եկող ալիքների. հերիք է մի քար գցես անշարժ ջրավազանի մեջ, որպեսզի անմիջապես սկսեն ալիքներ ծնվել: Չես գցում քարը` ջուրը անշարժացած վիճակում մնալով` փտում է: Հայաստանում նման «քար» է «Հայֆեստը», որը նոր տիպի հանդիսատեսին թատրոն բերեց:

Երբ 4 տարի առաջ Սունդուկյանի անվան թատրոնում ազգային թեմայով մի վերամբարձ ներկայացում դիտեցի, համոզվեցի, որ թատրոն են գալիս միայն խստաբարո ու «պատասխանատու» գործ անող տիկնայք (մեկ էլ դպրոցականները, որոնց պարզապես ձեռքից քաշելով են թատրոն բերում): Կարծես մեկընդմիշտ որոշված էր, որ Հայաստանի գլխավոր թատրոնը իր սեփական հանդիսատեսն ունի, եւ այդ հանդիսատեսի շարքերում ինքնակամ թատրոն եկող երիտասարդներ չպիտի լինեն: Երբ տեսնում ես, որ թատրոն գնալը հատուկ նախապատրաստվող գործ է, հասկանում ես, որ թատրոնը մշակութային անհրաժեշտություն չէ, ինչպես, ասենք` երաժշտությունը, կինոն, շենքերը, օդը, հանդիպումները, այսինքն` այն ամենը, ինչը պետք է մարդուն: Իսկ հիմա իրավիճակը բոլորովին այլ է, եւ երիտասարդները գնում են թատրոն:

– Դուք նշում եք, որ ուզում եք անսպասելի ֆորմայի ներկայացումներ դիտել Երեւանում: Իսկ ո՞րը կարող է անսպասելի թեմա համարվել:

– Դա շատ բարդ հարց է, որի պատասխանը միայն ինքներդ պիտի գտնեք: Իմ կարծիքով` անսպասելին այն է, ինչը ինքնաբուխ է ծնվում, պահի ազդեցության տակ, եւ մտքերի ու հույզերի սիմբիոզ է դառնում: Մաքուր ժանրերն այլեւս հետաքրքիր չեն, ճիշտ կլինի ասել` բավարար չեն` ինքնարտահայտվելու, ինչպես նաեւ` դիտելու համար: Սիմբիոզը ուղղակի անհրաժեշտություն է: Եվ տարբեր ռեժիսորների ու փորձագետների հետ շփումը դրա մասին է վկայում: «Հայֆեստն» էլ, որը արդեն իր գլխավոր գործն արել է (նոր տիպի հանդիսատեսին ցուցադրել է սիմբիոզի գրավչությունը), առաջարկում է` դիտեք, վայելեք, օգտագործեք: