Ավտոպատահարներ

07/10/2010

Հոկտեմբերի 5-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 15 ՏԼ 061 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարուժան Հունանյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով Ստեփանավան քաղաքի բնակիչներ՝ 1965թ. ծնված Վարուժան Հունանյանը, 1975թ. ծնված Գարուշ Գրիգորյանը եւ 1960թ. ծնված Ծաղիկ Ավետիսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարների օգնությամբ տուժածները դուրս են բերվել մեքենայից եւ տեղափոխվել Տաշիր եւ Ստեփանավան քաղաքների հիվանդանոցներ: Վ. Հունանյանը ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել: Գ. Գրիգորյանի եւ Ծ. Ավետիսյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը, ժամը 23:20-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 28 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլ.սյանը, որի հետեւանքով վարորդ՝ Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 17 տան բնակիչ, 1985թ. ծնված Դավիթ Եղոյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կյուլպենկյանի անվան հիվանդանոց: Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության: