Մարսել Պրուստ. «Ընդդեմ Սենտ-Բյովի» գրքից

07/10/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Սենտ-Բյովի մեթոդը

Եվ այս ամենն ավարտվում է երկու գոհարներով. «Անկեղծության որոշ չափով քննարկելով այս կերպ Բեյլի (Ստենդալի) վեպերը, ես հեռու եմ այն բանից, որպեսզի դատեմ հեղինակին դրանք գրելու համար… Նրա վեպերը ինչ թերություն ասես ունեն, բայց դրանք գռեհիկ չեն: Դրանք նման են նրա քննադատական հոդվածներին, հատկապես, երբ խոսքը նրանց մասին է, ովքեր քննադատությունից չեն խուսափում…»: Եվ էսսեի վերջին խոսքերը. «Բեյլի մեջ առկա են ուղղամտությունն ու ինքնավստահությունը մտերիմ մարդկանց հանդեպ, ինչը որ ամենեւին պետք չէ անտեսել, երբ ճշմարտությունն ես ասում հենց իր մասին»: Ի վերջո, այս Բեյլը, պարզվում է, լավ տղա է: Նմանատիպ հետեւություն անելու համար, գուցե թե, կարիք էլ չկար այդքան հաճախ ընթրիքի սեղանի շուրջ, Ակադեմիայում եւ այլն, հանդիպել պարոն Մերիմեին, այդքան շատ «հարցուփորձել պարոն Ամպերին»։ Սա ընթերցելով, պակաս տագնապով ես մտածում, քան Սենտ-Բյովը, նոր սերունդների գալստյան մասին: Բարեսը դասախոսության մեկ ժամում եւ առանց ամենայն «տեղեկությունների», շատ ավելիին հասավ, քան դուք: Ես չեմ պնդում, թե այն ամենը, ինչ դուք ասում եք Ստենդալի մասին, ակնհայտորեն սուտ է: Բայց հարկ է մտաբերել, թե ինչ ոգեւորությամբ եք դուք ծավալվում տիկին դե Գասպարենի կամ Տյոպֆերի նովելների շուրջ, եւ պարզ է դառնում` եթե պատահի, ասենք, որ 19-րդ դարի բոլոր ստեղծագործություններն այրվեն, ի բացառյալ «Երկուշաբթիների», եւ եթե մենք 19-դարի յուրաքանչյուր գրողի տեղը որոշելիս ղեկավարվենք դրանցով, Ստենդալը մեր առջեւ կհառներ առավել նվազ նշանակալից գրող, քան Շառլ Դը Բեռնարը, Վինեն, Մոլեն, Տիկին Վերդելենը, Ռամոն, Սենակ Դը Մեյենը, Վիկ դ Ազիրը եւ շատ ու շատ մյուսները, մի խոսքով, ինչ-որ միջանկյալ բան Ալտոն Շեի եւ Ժակմոնի արանքում: Բայց չէ՞ որ Սենտ-Բյովը պատճառ չուներ Ստենդալին թույլ տալու այդպես կորչելու մնացյալ անունների կողքին` նա չէր կարող նրա հանդեպ տածել այն չարությունը, որ երբեմն զգում էր այլ գրողների նկատմամբ:

«Արվեստագետը»` սկսում է Կարլեյլը, եւ ավարտում այն բանով, որ ընկալում է աշխարհը, սոսկ որպես «Միջոց պատրանքի վերստեղծման համար»:

Սենտ-Բյովը, հավանաբար, այդպես էլ չհասկացավ, թե որն է ներշնչանքի եւ գրական աշխատանքի անկրկնելիությունը եւ ինչն է արմատապես զանազանում այդ աշխատանքը այլ մարդկանց գործունեությունից: Նա զրույցի եւ գրական աշխատանքի միջեւ տարբերություն չէր դնում, երբ, ստիպելով բառերին համրանալ, որ նույնչափ պատկանում են այլոց, որքան եւ մեզ, որոնց օգնությամբ մենք նույնիսկ մենության մեջ դատում ենք ինչ-որ բանի մասին, չլինելով ինքնեկ, մենք մեկուսի ենք մնում սեփական «Եսի» հետ եւ փորձում ենք լսել լռության մեջ եւ հաղորդել մեր սրտի անեղծ ձայնը: «Գրել…»:

Լոկ գործի խաբուսիկ արտաքին կողմը գրական աշխատանքին ինչ-որ ավելի արտաքին ու տարտամ տեսք է հաղորդում, իսկ այլոց հետ շփմանը` մեծ խորացում եւ կենտրոնացում: Իրականում հասարակությանն է հանձնվում մենության մեջ քեզ համար գրվածը, այսինքն՝ հիրավի անձնական ստեղծագործությունը… Շփման մեջ (այսինքն՝ զրույցի ժամանակ, որքան էլ այն նրբին լինի, իսկ ամենանրբինը` ամենից վատթարն է, քանի որ ճիշտ լույսի ներքո չի ներկայացնում հոգեւոր կյանքը, ասես հարմարեցնելով այն քեզ` Ֆլոբերի խոսքուզրույցը զարմուհու կամ ժամագործի հետ վտանգից դուրս է), կամ շփման համար նախատեսված տեքստերում, այսինքն, հարմարեցված երկու կամ մի քանի անձանց ճաշակին եւ իրենցից գրական ձեւով զրույց ներկայացնող, ստեղծվում է առավել արտաքին «եսի» ստեղծագործություն, այլ ոչ թե այն խորունկը, որ ձեռք են բերում վերացարկվելով մյուսներից եւ «եսից», որը ծանոթ է այդ մյուսներին, նա, այդ խորունկ «եսը», սպասում էր, քանի դեռ արտաքին «եսը» արտահայտվում էր, բայց միայն այն է ճշմարիտը, եւ միմիայն նրա համար են ապրում արվեստագետները, ավելի ու ավելի փարվելով նրան, հանց Աստծո, որի փառաբանմանը նրանք ընծայաբերում են ողջ կյանքը: Անկասկած, «Երկուշաբթիներից» սկսած Սենտ-Բյովը ոչ միայն չի փոխի իր կյանքը, բայց եւ կբարձրանա` իհարկե, ոչ այնքան վեր, այն մտքին, որ տաժանակրորդի կյանքը, հար եւ նման իր վարած կյանքին, ըստ էության, ավելի պտղաբեր եւ անհրաժեշտ է որոշ պարապ մարդկանց, որոնք առանց դրա չէին տա իրենց հարստությունները… կասի նա Ֆավրի, Ֆրոյելի եւ այլոց մասին:

Նա հաճախ կկրկնի, որ գրողի կյանքը կենտրոնացած է իր գրասենյակում, հակասելով աղմկոտ բողոքներին, որոնցով նա կհարձակվի «Զարմուհի Բետտայում» Բալզակի ասածի վրա: Եվ այդուհանդերձ նա այդպես էլ չի ըմբռնի բանաստեղծի հոգին, այդ բացառիկ, ներփակ աշխարհը, որ չի առնչվում արտաքինին: Նա կհամարի, որ մյուսները կարող են բանաստեղծին հրահանգել, քաջալերել նրան, այպանել: «Բուալոն է պակասում…»:

Եվ չտեսնելով գրողին մարդուց զատող վիհը, չհասկանալով, որ գրողը դրսեւորում է իր «եսը» միայն գրքերում եւ ի տես ամենքի ներկայանում է (նույնիսկ այլ գրողների հետ շփման մեջ, ովքեր ինքնեկ են դառնում սոսկ իրենք իրենց հետ մնալուց) այնպիսին, ինչպիսին բոլորը, Սենտ-Բյովը սկիզբ կդնի իր հանրահայտ մեթոդին, որը, ըստ Թենի, Բուրժեի եւ այլոց՝ կազմում է իր փառքը, մեթոդ, որի էությունն այն է, որ, ձգտելով ճանաչել պոետին կամ գրողին, հարկ է անկշտորեն հարցուփորձելով վրա տալ բոլորին, ովքեր ճանաչել են նրան, եղել են նրա մոտ եւ կարող են հաղորդել, թե ինչպես էր նա վարվում կանանց հանդեպ եւ այլն, այսինքն՝ հենց այն, ինչն անմասն է ստեղծագործողի ճշմարիտ «եսին»:

Թվում է, իր ողջ կյանքի ընթացքում Սենտ-Բյովն այդպես էլ չի հասկացել, թե որն է գրականության էությունը: Նա այն զրույցի հետ նույն հարթության վրա էր դնում:

Ինչպես մենք կտեսնենք, նրա մակերեսային կոնցեպցիան փոփոխություններ չի կրի, բայց նրա արհեստական իդեալը ընդմիշտ կկորսվի: Անհրաժեշտությունը նրան ստիպեց հրաժարվել սովորական կյանքից: Ստիպված լինելով հեռանալ Մազարինիի գրադարանի վարիչի պաշտոնից, նա մի զբաղմունքի կարիք էր զգում, որը թույլ կտար… (եւ այլն), եւ հոժարությամբ առաջարկներ էր ընդունում…

Այդ պահից սկսած նրա տենչալի ժամանցը փոխարինվեց մոլեգին աշխատանքով: «Հենց առավոտից»,- վկայում է նրա քարտուղարներից մեկը…

Այդ աշխատանքը ստիպեց նրան հրապարակել մի բոլուկ գաղափարներ, որոնք, հնարավոր է, երբեք լույս չէին տեսնի, եթե նա կենար իր անփութկոտ կյանքում, որը նա ընտրել էր իր ուղու սկզբում: Նա ասես խոցված է այն պահով, որ որոշ ուղեղներ ունակ են կորզելու ստեղծագործելու անհրաժեշտությունից (Ֆավրը, Ֆորյելը, Ֆոնտանը): Տասը տարվա ընթացքում, այն ամենը, ինչ կարող էր պահ տրվել ընկերների, եւ հենց իր համար, իր մեջ երկար հասունացող ստեղծագործության համար, որը նա, իհարկե, երբեք չէր գրի, բառերով էր պարուրվում եւ անդադար ցայտում էր նրանից: Այն մթերանոցները, ուր մենք պահում ենք ամենաթանկարժեք մտքերը, եւ այն, որից պետք է բյուրեղանա վեպը, եւ մյուսը, որը կարելի է վերածել բանաստեղծական պատկերի, եւ երրորդը, որի գեղեցկությունը մի անգամ զգացել ես` բացվում էին այն ժամանակ, երբ նա գիրք էր կարդում, որի առթիվ հարկ էր արտահայտվել, եւ նա արիաբար ընծայում էր ամենահիասքանչը` զոհում էր իր լավագույն Իսահակին, հիասքանչ իր Իֆիգենիային: «Գործածության մեջ եմ դնում բոլոր միջոցները,- ասում էր նա,- վատնում եմ մինչեւ վերջին փամփուշտը ներառյալ»: Հարկ է ասել, որ հրթիռների լիցքերը, որոնք նա ամպրոպային ճայթյունով արձակում էր տասը տարվա ընթացքում յուրաքանչյուր երկուշաբթի, նա ներմուծեց այն ժամանակվանից կորուսյալ տարրերը, որոնք նախատեսված էին առավել երկարակյաց ստեղծագործությունների համար:

Սակայն Սենտ-Բյովը լավ գիտեր, որ այդ ամենը զուր չէ, քանզի այդ վաղանցիկ խառնուրդի մեջ հունցված էր դույզն-ինչ անփուտ մի բան, կամ` հարատեւ նյութ, այդ խառնուրդը հասարակության սրտով է, կընկալվի, եւ հետագա սերունդները չեն դադարի դրանից կորզել այդ հարատեւը: Եվ իրոք այդ ամենը փոխակերպվեց երբեմն այնքան հետաքրքրական, տեղ-տեղ այնքան հաճելի գրքերի, որոնք այնքան անկեղծ հաճույքի պահեր էին պարգեւում, որ ոմանք, ես համոզված եմ, Սենտ-Բյովին կհղեին այն խոսքերը, որ նա ասել էր Հորացիոսի մասին:

«Երկուշաբթիներ» վերնագիրը մեզ հիշեցնում է այն մասին, թե ինչ էին դրանք Սենտ-Բյովի համար` շաբաթական տենդալի եւ հմայքով լեցուն աշխատանք երկուշաբթի առավոտյան փառավոր արթնացումով: Մոնպառնասի իր տնակում ձմռան այն ժամին, երբ լույսը հազիվ ներս է թափանցում ծածկած վարագույրների ետեւից, նա ամեն երկուշաբթի թերթում էր «Կոնստիտուսիոնելը» եւ զգում էր, թե ինչպես այդ պահին իր սիրած խոսքերը բազում փարիզյան ննջարաններ լցնում են իրեն պատկանող փայլուն մտքերի ոսկեբույլքով, բազմաթիվ ընթերցողների մեջ արթնացնելով այն հիացմունքը, որն ապրում է ինքն իր հետ կենալով, նա` մտքի ծնունդի վկան, առավել լավը, քան այն, որը նա երբեւէ կարդացել էր այլ մի տեղ, որ պարգեւում է այդ միտքը իր ողջ ուժով, իր բոլոր մանրամասներով, որոնք նա ինքն էլ սկզբում չէր նկատել, լիակատար լուսաբանման ներքո, բայց եւ սիրահոժար սնուցվող ստվերներով: Իհարկե, դա նորեկի հուզմունք չէր, ով, հոդվածը թերթի խմբագրություն ուղարկելուց հետո, անհամբեր սպասում է դրա հրապարակմանը եւ արդեն սկսում է տագնապել՝ արդյո՞ք այն չի կորել: Բայց ահա մի առավոտ նրա ննջարան է մտնում մայրը եւ թերթը նրա առաջ է դնում, ընդ որում, նրա տեսքն ավելի ցրված է, քան սովորաբար, ասես այնտեղ ոչ մի հետաքրքրական բան չի տպագրվել: Սակայն թերթը նա դնում էր որքան հնարավոր է տղային մոտ, որպեսզի նա, Աստված չանի, չմոռանա դրա մասին, իսկ ինքը հապճեպ հեռանում է, բրթելով ներս խցկվող պառավ սպասուհուն: Նա ժպտում է, հասկանալով, թե ինչ է ուզում իր թանկագին մայրիկը` որ նա ոչնչի մասին գլխի չընկնի, լիաթոք զգա անսպասելի բերկրանքը եւ մենության մեջ, առանց նեղսրտելու, հաճույք ապրի դրանից, ստիպված չլինելով թաքցնել իր ուրախությունը նրանց անտակտ ներկայությունից, ովքեր կուզենային համամասնակից լինել դրան: Սպիտակավուն քաղաքի վրա շիկացած ածխագույն երկինքն է, իսկ մշուշոտ փողոցներով, տանելով նրա բազմիցս կրկնված միտքը բոլոր կացարանները, միլիոնավոր թերթեր են բաժանվում, որ դեռ խոնավ են տպագրական ներկից ու առավոտյան թարմությունից, առավել ախորժալի եւ կալորիական, քան տաք-տաք բուլկիները, որոնք դեռ չմարած լուսամփոփների ներքո թաթախվում են սուրճով կաթի մեջ: Նա խնդրում է իսկույնեւեթ թերթի մի քանի օրինակ բերել, որպեսզի տառացիորեն հպվի բազմացված մտքի հրաշքին, ներթափանցվի յուրաքանչյուր նոր ընթերցողի զգացողությամբ, ասես դարձյալ շրջելով մյուս օրինակը, եւ այնտեղ հայտնաբերի նույն բանը: Նա զննում է, թե ինչպես իր իսկ միտքը, արեւի գնդի նման, լեցուն, ուժեր կուտակած, բռնկված եւ սահող հորիզոնի գծի վրա, հաղթականորեն հառնում է ուղեղներից յուրաքանչյուրում, ամբողջովին ներկելով դրանք իր տոնայնությամբ:

Սենտ-Բյովը արդեն նորեկ չէ, եւ նրա բերկրանքներն այլ կարգի են: Եվ այդուհանդերձ, նա պատկերացնում էր, թե ինչպես տիկին Բուանը, գրգվելով անկյուններում բարձր սյուներով իր ննջարանում, թերթում է «Կոնստիտուսիոնալը», թե ինչպես է ժամը երկուսին իրեն այցելում կանցլերը, եւ իրենք քննարկում են ընթերցածը, թե ինչպես երեկոյան, նա, գուցե թե տիկին Աժարից կամ տիկին Արբուվիլից երկտող կստանա, որից հայտնի կդառնա, թե ինչպես է ընդունվել իր հոդվածը: Այլ կերպ ասած, իր հոդվածները պատկերանում էին նրան կամարի տեսքով, դեպի որի մի ծայրը գնում են իր մտքերն ու արձակը, իսկ մյուսը թաղված է հասարակության մտքերի ու հիացական երկրպագության մեջ, եւ որը ողջ կառույցին ավարտվածություն եւ չբավող գույներ է պարգեւում: Դա` մոտավորապես նույնն է, ինչ հաշվետվությունը Պալատի նիստերի մասին, որը մենք ներքին սարսուռով կարդում ենք թերթում. «Մինիստրների Խորհրդի պարոն նախագահը, Ներքին գործերի եւ պաշտամունքների նախագահը. «Դուք կտեսնեք…» (Բարձր բողոքներ աջից, ձախից` ծափահարությունների հեղեղ, տեւական աղմուկ)»,- հաշվետվություն, որտեղ նախնական տեղեկությունները եւ դյուրահույզ դիտողությունները` տեքստի նույնպիսի անբաժանելի մասն է, ինչպես եւ ինքը՝ խոսքը: Եվ իրոք, «Դուք կտեսնեքով» նախադասությունն ամենեւին չի ավարտվում, այն հազիվ սկսվել է, փոխարենը՝ «աղմկոտ բողոքներ աջից եւ այլն»` նրա ավարտն է, առավել հիասքանչ, քան նրա միջնամասը, եւ նրա սկզբին արժանի: Այլ կերպ ասած, թերթային հրապարակման գեղեցկությունն ամենեւին էլ հոդվածի մեջ չէ պարփակված, մտքերից կտրված, որոնցում այն գտնում է իր ավարտը, այն իրենից ներկայացնում է սոսկ ջարդված Վեներան: Եվ քանի որ դրան վերջնական տեսք է հաղորդում ամբոխը (թող որ ընտրյալ), այդ ձեւը միշտ էլ թեթեւակի գռեհիկ է: Լրագրողը ծանր ու թեթեւ է անում իր խոսքերը եւ հավասարակշռության է բերում իր մտքերի հետ այս կամ այն ընթերցողի երեւակայական հավանության կշեռքի վրա: Այդ պատճառով նրա ստեղծածը, որն արարվում է այլոց հետ չգիտակցված համահեղինակության մեջ, պակաս անձնական է:

Քանի որ, ինչպես մենք տեսնում ենք, որ իրեն այդքան հոգեհարազատ սալոնային կյանքն անհրաժեշտ է գրականությանը, նա այն գտնում էր բոլոր ժամանակներում` Լյուդովիկոս 14-րդի պալատը, ընտրյալների խումբը Դիրեկտերիայում կամ… Իրականում այդ գրական աշխատավորը, որ հանգիստ չուներ նույնիսկ կիրակի օրը եւ ով երկուշաբթի օրերին Փառքից հաճույքի տեսքով հոնորարներ էր ստանում, եւ նա ուզածդ գրական ստեղծագործություն ըմբռնում էր որպես «Երկուշաբթիների» տարատեսակ, հնարավոր է, դրանք չեն էլ վերընթերցի, բայց դրանք պետք է գրված լինեն տեղին, հաշվի առնելով լավ դատավորների կարծիքը, նրանց հաճոյանալու համար, եւ առանց գալիքի վրա առանձնապես հույս դնելու: Գրականությանն ուղղված նրա հայացքում առկա է ժամանակի կատեգորիան: «Ես ձեզ հետաքրքրական պոետական սեզոն եմ կանխագուշակում»,- գրում է նա Բերանժեին: Նա կասկածում է, թե արդյո՞ք ապագայում կսիրեն գրականությունը, եւ այդ մասին է ասում Գոնկուրներին «Տիկին Ժերվեզեի» առիթով: Գրական ստեղծագործությունը պատկերանում է նրան, որպես որոշակի դարաշրջանի հետ կապված երեւույթ եւ այնքան արժեցող, որքան այն ստեղծող հեղինակը: Մի խոսքով, ավելի լավ է երեւելի քաղաքագետ լինել եւ չստեղծագործել, քան անհաջող քաղաքագետ եւ բարոյախրատական գրքեր գրել… եւ այլն: Արդյո՞ք նա չի նմանվում Էմերսոնին, ով պնդում էր, որ հարկ է որ քո կառքին աստղ լծես: Նա փորձում է իր կառքին լծել հնարավոր բաներից ամենապատահականը` քաղաքականությունը` «Կարեւոր սոցիալական շարժմանը մասնակցելը ինձ հետաքրքիր գործ թվաց»,- խոստովանում է նա: Նա բազմիցս ափսոսանք է հայտնում, որ Շատոբրիանը, Լամարթինն ու Հյուգոն քաղաքականությամբ են զբաղվել, բայց իրականում քաղաքականությունը առավել խորթ էր նրանց ստեղծագործությանը, քան նրա քննադատական հոդվածներին: Ինչո՞ւ է նա ասում Լամարթինի մասին` «Նրա տաղանդի ակունքը դրսում է»: Շատոբրիանի մասին` «Այդ «Գրառումները» անդուր են… Ինչ վերաբերում է տաղանդին…», «Ես իսկապես չէի կարողանա Հյուգոյի մասին գրել»:

Բարձրաշխարհիկ հասարակության մեջ նրա հանդեպ դյուրահաճ էին, բայց ոչ առանց վերապահման: «Գիտեք, եթե ձեզ համար թանկ է այլոց կարծիքը, նրանց համար էլ թանկ կլինի ձերը»,- գրում էր նրան Տիկին դ Արբուվիլը: Նա պատմել է մեզ այն դեւիզի մասին, որ նա հորինել էր իր համար. «Ցանկանալ դուր գալ, բայց մնալ անկախ»: Իրականում նրա անկախությունն այնքան չնչին էր, որ քանի դեռ ողջ էր տիկին Ռեկամյեն, նա մտքով իսկ չէր կարող անցկացնել, թեկուզ փոքր-ինչ թշնամաբար արտահայտվել Շատոբրիանի մասին: Սակայն բավ էր, որ տիկին Ռեկամյեն ու Շատոբրիանը մահանան, ապա նա տեղնուտեղն ասաց իրենը, դժվար է ասել, արդյո՞ք այդ մասին չէ նա գրում իր «Նշումներ եւ դատողություններում»: «Լինելով դատապաշտպան, ես կամեցա դատավոր դառնալ»:

ԷՍՍԵՆԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տոլստոյ

Մեր ժամանակներում Բալզակին Տոլստոյից վեր են դասում: Դա խենթություն է: Բալզակի ստեղծագործությունն անհրապույր է, անհեթեթություններով եւ ծամածռություններով լի, դրանում մարդկությանը դատում է մի գրող, ով տենչում է մեծ ստեղծագործություն արարել, այնինչ Տոլստոյն այդ իմաստով` անվրդով աստված է: Բալզակին հաջողվում է վեհասքանչության տպավորություն ստեղծել, Տոլստոյի դեպքում, նրա հետ համեմատած, ամեն ինչ առավել վիթխարի է, ինչպես փղի թրիքը այծի թրիքի կողքին: Վեհասքանչ հունձքը, որսը, չմշկասահքը «Աննա Կարենինայում» նման են ահագին արգելոցների, որ ասես լիցքաթափում են վեպի բոլոր մնացյալ դրվագների օդը, տարածության զգացողություն են ստեղծում: Թվում է, թե Վրոնսկու երկու խոսակցությունների միջեւ փռված է չհնձված խոտի մի ամբողջ դաշտ, մի ամբողջ ամառ: Հաջորդաբար սիրահարվում ես այն ամենին, որ հայտնվում է այդ տիեզերքում` ձիուն քառատրոփ վարգի թողած հեծյալի հուզմունքին («Օհ, քնքուշս, օհ»), հերոսի զգացմունքներին, որ գրազով որոշել է, պատշգամբի եզրին կանգնած մի շիշ ռոմ խմել, ուրախությանը, մանր կալվածատերի վարք ու բարքին, որսի սիրահար, ծեր իշխան Շչերբացկուն, որ արտասահմանում խոհածում է իր սրտին հոգեհարազատ ռուսական կյանքի մասին, ճանաչված մսխիչին (Նատաշայի եղբորը. «Պատերազմ եւ խաղաղություն» վեպում), տարեց իշխան Բոլկոնսկուն եւ այլն: Այս վեպերը զննումներ չեն, այլ ինտելեկտուալ կառուցվածքի բերված: Յուրաքանչյուր նկատված հատկանիշ` սոսկ քող է, ապացույց, վիպագրի մակաբերած օրենքի օրինակ` ռացիոնալ կամ իռացիոնալ օրենքի: Հզորության եւ կենսականության տպավորությունը սերում է նրա վեպերից շնորհիվ այն բանի, որ դրանք ոչ թե դիտողականության արդյունք են, այլ այն բանի, որ յուրաքանչյուր շարժում, խոսք, իրադարձություն սոսկ հաստատում են այս կամ այն օրենքը, քեզ զգում ես օրենքների առանցքակետում: Բայց քանի որ այդ օրենքների ճշմարտացիությունը հեղինակին թելադրվում է ներսից, դրանցից ոմանք մեզ անհասանելի են մնում: Երբ նա խոսում է Կիտիի դեմքի խորամանկ արտահայտության մասին, հենց նա խոսք է բացում կրոնի մասին, կամ Վրոնսկուն նվաստացնող Աննայի ուրախության մասին, հեշտ չէ հասկանալ, թե նա ինչ նկատի ունի: Մեզ հաճույք է պատճառում զննել, թե ինչպես մեծ միտքը չի խորշում սրամտությունից, որը հասկանալի է մեզ (Իր շան` Վեզիրի եւ աղախին Էննի հետ կապված Ռյոսկինի կատակները, Տոլստոյի կատակները, որոնք ասես կազմում են «Աննա Կարենինայի» սկզբի երկրորդ պլանը): Եվ, չնայած ոչ մի բանի, այնպիսի զգացողություն է ծնվում, որ իր անսպառ թվացող ստեղծագործության մեջ Տոլստոյը կրկնվում է, որ նրա սյուժեներն այնքան էլ շատ չեն` նորացված, այլ տեսանկյունից մատուցված, դրանք քոչում են մի վեպից մյուսը: Լեւինի նկատած աստղերը, երկինքը, մասամբ հիշեցնում են Պիեռի տեսած գիսաստղը, եւ բարձր կապույտ երկինքը իշխան Անդրեյի գլխավերեւում: Առավել շատ Կիտին, որ սկզբում մերժել էր Լեւինին հանուն Վրոնսկու, իսկ այնուհետեւ դարձյալ մտքով վերադարձել էր առ նա, հիշեցնում է Նատաշային, որ հանուն այլ մեկի մոռացել էր իշխան Անդրեյին, իսկ հետո կրկին դարձել էր առ նա: Եվ մի՞թե միեւնույն հիշողությունը չի դրվագվում կառքի պատուհան նայող Կիտիի, եւ վիրավորներով լեցուն կառքով ընթացող Նատաշայի համար:

Դոստոեւսկի

Իր ամենասարսափելի տառապանքների մեջ բանտում Դոստոեւսկին նշում է բոլոր չորս տարիների ընթացքում միայնակ մնալու անհնարինությունը: Սակայն, թվում էր, թե նույնիսկ ստիպված լինելով տանել այլ մարդկանց մշտական ներկայությունը, մարդ ունակ է ներքնապես առանձնանալ, մտովի վերանալ շրջապատից: Դա հասանելի է յուրաքանչյուրին, եւ ավելի քան յուրաքանչյուրին, պետք է որ ներհատուկ լիներ Դոստոեւսկուն` երեւակայության անհավանական ուժի շնորհիվ նա պետք է որ կարողանար չնկատել այն, ինչ կատարվում է շուրջը: Ամեն դեպքում, կան խոչընդոտներ, որոնք շատ ավելի դժվար են վերացման տրվում, քան մարդկանց ներկայությունը, որոնք կարող են նեղել լոկ արտաքնապես, բայց չխանգարել մտքի աշխատանքին: Ես նկատի ունեի ներքին խոչընդոտները: Մարդը, որ իր մեջ հիվանդություն է կրում, ողջ այդ նույն չորս տարիների ընթացքում (իսկ հաճախ եւ շատ ավելի) տառապել է ահավոր ցավերով, չի դադարում բթացնող տկարություն ապրել, որը չնվազող ջերմության արդյունք է, ինչը դժվարացնում է նույնիսկ անկողնուց ինքնուրույն ելնելը, ահա, այսպիսի մարդը, որ մշտապես սրտնեղում է, շատ ավելի քիչ մենակ է, քան Դոստոեւսկին կալանավորների մեջ, որոնց հետ նա ոչ մի գործ չուներ, եւ որոնք, իրենց հերթին, ոչ մի հետաքրքրություն չէին ցուցաբերում նրա հանդեպ: Իսկ ջերմությունն ու հիվանդությունը ստիպում են հետաքրքրվել շրջապատող մարդկանցով:

Հնարավոր է, տաժանակիր աշխատանքները Դոստոեւսկու համար ճակատագրի ընծա էին, որ բացեցին նրա համար ներքին կյանքի հնարավորությունը: Հետաքրքրական է, թե այդ պահից սկսյալ ինչ աստիճանի է նրա նամակագրությունը հիշեցնում Բալզակի նամակագրությունը` պարտքով փող տալու խնդրանքները, հազարապատիկը վերադարձնելու խոստումները, որոնք հիմնված էին գալիք փառքի հավատի վրա: «Ապուշը» հիասքանչ գիրք կլինի, ինչպես եւ «Հովտաշուշանը», քանզի նա զգում է, թե ինչպես է իր մեջ հասունանում նոր մարդը: Ինչ ուզում է Ժիդն ասի, վեպի պատումի մեջ ներմուծված են ինտելեկտուալ դատողություններ, օրինակ, մահապատժի մասին:

Դոստոեւսկու բոլոր վեպերը (ինչպես եւ Ֆլոբերի բոլոր վեպերը, եւ հատկապես «Տիկի Բովարին», ինչպես նաեւ «Զգացմունքների դաստիարակությունը») կարող էին կոչվել «Ոճիր եւ պատիժ»: Սակայն, հնարավոր է, նա երկուսի է բաժանում այն, ինչն իրականում միասնական է: Նրա կյանքում անշուշտ կա եւ ոճիրը, եւ թե պատիժը (գուցե թե, ոչ մի կապ չունեցող տվյալ ոճրի հետ), բայց նա գերադասում էր զատել դրանք, պատժի մասին տպավորությունները բառնալ իր վրա («Գրառումներ մեռյալ տնից»), իսկ ոճիրն` այլոց: Նրա յուրօրինակությունը այն հատկանիշներում չէ, որոնց մասին գրում է Ռիվյերը, այլ ստեղծագործությունների կոմպոզիցիայում:

Գյոթեի մասին

Այն, ինչի մասին սովորաբար պատմվում է մեր գրքերում, ցուցանում է մեր ներշնչանքի ակունքը, եւ ընթերցելիս շատ շուտով պարզ է դառնում, թե այդ պահերին մեր միտքն ինչով էր զբաղված: Գյոթեի համար չափազանց կարեւոր է իր ստեղծագործությունները գրելու վայրը: Նրա ընթերցողները հաճախ են ացելում այդ վայրերը, որոնց բնորոշ են ընդարձակությունը եւ բնապատկերի բազմազանությունը: Հայացք են նետում հեռաստանների, ծառերի եւ լուսայգով պայծառացած հիասքանչ գետի վրա: Նրանց հայացքը շոյում են նաեւ գրողի աշխատասենյակները` գեղանկարչության սիրահարի աշխատասենյակը, բնագետի աշխատասենյակը: Զգացվում է, որ նկարներն ու ցուցանմուշներն այստեղ ժողովված են ոչ միայն հաճույքի համար, որ դրանք արտասովոր կերպով մոտ են գրողի ինտելեկտուալ կյանքին, որ նրա մտքի աշխատանքն ուղղված էր առ այն, որ հասկանա, թե ինչն էր այն հաճույքի իրականությունը, որը դրանք պատճառում են իրեն (չէ՞ որ ամենից առաջ բարձրագույն կարգի բավականության շնորհիվ է, որ մեր ինտելեկտի առջեւ հառնում են առարկաները, որի կարեւորությունը հենց այդպես է նրան հաղորդվում, եւ որոշել նրանց ազդեցության աստիճանը մտքի վրա: Թեպետ տարաբնույթ երեւույթների կարեւորությունը ստեղծագործությունների հերոսները հաճախ վիճարկում են, որպեսզի ներթափանցվեն Գյոթեի ողջ մտքով, բավ չէ հասկանալը, որ նրա համար առավելապես համակրելի հերոսներից մեկը` երիտասարդ, որ սիրում է մեծախոսել ճշմարտությունների մասին, չի խորշում խրատական խոսքերից եւ հեշտությամբ պերճախոսության մեջ է ընկնում, ինչը թույլատրում է որոշել նրա հարաբերությունները զանազան երեւույթների եւ առարկաների հետ: «Քանզին», ինչից սկսվում է մաքսիմը, նույնպես բավարար չէ: Հաճախ պատումն ընդհատվում է օրագրային գրառմամբ, գրքից մեջբերմամբ, որտեղ ժողովված են հերոսներից մեկի մտքերը: Ըստ Գյոթեի, դա կոչված է ցուցանելու հերոսի մտքերի սովորական ուղղվածությունը: Բայց ինքը՝ հերոսը, այն փաստը, որ նա որոշակի բնավորություն է մարմնավորում, որ կյանքը նրա համար ինչ-որ բան է, Գյոթեի վերաբերյալ հանդես են գալիս նույն դերում, ինչ օրագրի հատվածը հերոսի նկատմամբ: Նա մեզ ցույց է տալիս գրողի մտքերի սովորական ուղղվածությունը: Անշուշտ, այս կամ այն օրագրային գրառումը դժվարությամբ է կապվում հերոսի կյանքին: Մենք մտորմունքի մեջ ենք ընկնում, թե ինչը կարող էր ծնել այն, բայց իրադարձությունների մի մասը մեզ անհայտ է: Այսպիսով, Գյոթեի գրքերը չեն կարող մեզ համար վերականգնել նրա կյանքի իրադարձությունները, բայց ինքդ քեզ համար գրված օրագրի հանգույն կարող են կրել նրան ներհատուկ մտքերի կնիքը: Ոչ թե օրագիրը, այլ գրքերն ենք մենք գրում ինքներս մեզ համար, մեր ճշմարիտ «եսի» համար:

Գյոթեի վեպերում մեծ տեղ է հատկացված արվեստներին եւ դրանցում առկա կատարելագործման միջոցներին` դերասանական խաղի արվեստին, ճարտարապետի, երաժշտի, մանկավարժի արվեստին, եւ ամենից առաջ այն բանին, ինչը որ դրանցում ճշմարիտ արվեստ է: Դժվարությունը ներդաշնության հասնելու, որի դեպքում յուրաքանչյուրը ծայրահեղ ուշադիր լինի, ակնհայտորեն ապշեցնում է նրան՝ որպես հենց գեղարվեստական ճիգի էության անբաժանելի մաս: Այստեղից է հետաքրքրությունն իմպրովիզացիոն աշխարհիկ կատակերգությունների հանդեպ, առաջին ներկայացման հանդեպ, որում Վիլհելմ Մայսթերը ուզում է մասնակցել: «Ընտրական ազգակցության» մեջ կարեւոր տեղ է հատկացված այգեգործության, կառույցների ստեղծման խնդրին: Այնտեղ ցույց է տրված, որ եթե ղեկավարվես կեղծ տեսանկյունով, կարելի է պարապորեն ողջ կյանքը տալ այդ արվեստներին, ցուցադրված է, թե ինչպես հեռանկարի դերի կամ գերեզմանոցում հուշարձանների տեղադրման ըմբռնումը որոշ ուղեղների համար, ասենք՝ Գյոթեի, կարող է դառնալ այն փաստերից մեկը, որի շնորհիվ մեզ տրված է զգալ խորունկ իրականությունը: Ինձ թվում է, որ Գյոթեի համար վիթխարի նշանակություն ուներ պահանջը, դիմելով արարողություններին` այլաբանական եւ մեզ այդքան պաղ եւ աննշան թվացող` ստեղծել էական, մեզ անտեսանելի սիմվոլներ: Ահա մի կետ, ըստ որի՝ անիմաստ կլիներ վերացական զրույցներ վարելը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գերին է փաստերի, որոնց օգնությամբ նրան է հաղորդվում ճշմարտության եւ ներշնչանքի ոգին: Մեկի համար` դա բույրերն են, որ թարմացնում են նրա հիշողությունը եւ փոխադրում են նրան բանաստեղծականի ոլորտը, մյուսի համար` ինչ-որ այլ մի բան: Այսպես, «Վիլհելմ Մայսթերում», «Ընտրական ազգակցության» մեջ մեր առջեւ հառնում են երկրներ, ուր առաքինությունները փառաբանվում են հատուկ տոներով, ուր արտասովոր տաճարները ընծայված են ոչ թե հին աստվածներին, այլ այն բանին, ինչը պիտի երկրպագվի, ուր հանդիսանքներն ամրապնդում են մարդկանց իրենց բարի մտադրություններում:

Բնագիտությունը Գյոթեի մտքի համար՝ ինչ-որ նեգատիվ բեւեռ էր, ինչպես որոշ մարդկանց համար շվայտ կյանքը, այլոց համար` մտքի քննադատական կերպը, մեկ այլ մեկի համար` շռայլությունն ու հաճույքները, մի խոսքով, այն, ինչ հեռացնում է ներշնչանքը, հակադրվում է մեր ճշմարիտ զարգացմանը: Նրա շատ մտքերը, երբ նա այդքան մեծ տեղ է հատկացնում մարդկային ֆիզիոլոգիային եւ կենդանական աշխարհի տագնապալից եւ անսովոր տեսակետներին` խենթության ոլորտից է: Աշխարհը նրա վեպերում բավարար չափով կառուցված է որպես խամաճիկների թատրոն, այնքան, որ այնտեղ զգացվում է, թե ինչպես Գյոթեն, թելերը իր ձեռքում բռնած, ղեկավարվում է միայն իրեն հայտնի նպատակով:

Ի դեպ, այստեղ է հենց նրա պերսոնաժների հմայքը: Ննջարաններում կառուցված են փոքրիկ թատրոններ երեխաների համար: Աշխատանքային գրասենյակներում կախված են կտավներ կամ փռված են զանազան գործիքներ: Մի պատումի մեջ ներթափանցում է մյուսը, այս կամ այն հերոսի շուրթերից փրցված, ինչն, իր հերթին, ընդհատվում է հիմնականով: Հերոսները դիտավորյալ ինչ-որ առանձնահատուկ նշաններ չունեն, դա, որպես կանոն, «Թատրոնի երկու սիրահար են» («Վիլհելմ Մայսթերի ուսման տարիները») կամ երկու մարդ, որոնց համար բարոյականություն գոյություն չունի: Պերսոնաժները հայտնվում են դրամայի սկզբում, եւ այնուհետեւ երկու-երեք անգամ՝ հենց ավարտի մոտ: Հաճախ նրանք հայտնվում են հենց ֆինալի մոտ, որը նրանց հայտնի չէ, որի պատճառով հայտնվելը փոքր-ինչ առեղծվածային է: Եվ, ի վերջո, զանազան իրադարձությունները կանխագուշակում են այն, ինչ պետք է տեղի ունենա: Պերսոնաժներից ոմանք խորհրդանշում են մարդկային բնավորության կողմերից մեկը, որը ոնց որ թե հետաքրքրում է Գյոթեին` կանանց մեջ շինծու ակտիվության զարգացումը (Ֆիլինան՝ «Վիլհելմ Մայսթերում»): Հեղինակը հանձնում, հանձնարարում է դատավորի եւ գիդի իր դերը այս կամ այն պերսոնաժներին, որոնք կարծես մասնագիտացված են բարոյականության այս կամ այն ոլորտում։