«Հայաստանում այսօր փորձ է արվում մաքսիմալ կենտրոնացված իշխանություն ստեղծել, այսպես կոչված` վերտիկալ վլաստի»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` նշելով, որ որոշ երկրներում դա նպաստել է տնտեսության զարգացմանը: Բոզոյանի խոսքով, 20 տարի Հայաստանում այսպիսի իշխանություն են փորձել ձեւավորել տարբեր գործիչներ: Դա, ըստ Բոզոյանի, կարծես թե հաջողվել է գործող նախագահին, ով, նրա կարծիքով՝ նպատակ է հետապնդում իշխանությունը, ֆինանսական հոսքերն ու քաղաքական շրջանակներին կենտրոնացնել իր շուրջը: «Նրան խանգարում է ընդդիմությունը` ի դեմս Հայ Ազգային կոնգրեսի: Ընդդիմացող կուսակցությունների թվում է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Վերջին տարիներին այս տնտեսական քաղաքականության արդյունքում փոքր բիզնես հասկացությունը, կարելի է ասել, ուղղակի ոչնչացվեց»,- ընդգծեց Բոզոյանը: Ըստ նրա, այսօր միջին բիզնեսն ու օլիգարխները նույնպես սկսել են մտահոգվել՝ մտածելով, որ այդ «վերտիկալ վլաստի»-ի տակ կարող են հայտնվել բոլորը: Բոզոյանի կարծիքով, երկրում այսպիսի կենտրոնացում երբեք չի եղել, սա նոր իրավիճակ է: «Հասարակությունը պետք է վերականգնի քաղաքական բանավեճային դաշտը: Եթե մենք չգիտակցենք` ինչ փոփոխություններ են պետք, ապա Հայաստանը բավական ծանր վիճակում կհայտնվի: Մենք պատերազմական վիճակի մեջ ենք, 4 հարեւաններից 2-ի հետ թշնամական հարաբերություններ ունենք: Այն խոսակցությունները, որ մեզ կպաշտպանի այս կամ այն ուժը, ծիծաղելի են: Չպետք է մոռանա իր պատմությունն այն երկիրը, որն ապրել է Ցեղասպանություն եւ կորցրել իր հայրենիքի մեծ մասը: Եթե այդ ժողովուրդը հետեւություններ չի անում պատմությունից, ինչքանո՞վ իրավունք ունի ապրել ապագայում»,- հարցրել է քաղաքագետը: Ըստ նրա, իշխող կուսակցությունում` ՀՀԿ-ում, այսօր բանավեճ չկա: «Դա պետական բյուրոկրատիայի կուսակցություն է,- հայտարարել է Բոզոյանը` ավելացնելով,- Եթե վաղը ցանկացած ՀՀԿ-ական բիզնեսմենի հանեն պաշտոնից, նա միանգամից կուսակցությունից դուրս կգա, բոցաշունչ ելույթներով հանդես կգա եւ կասի, որ Հայաստանում դեմոկրատիա չկա»: