Հեռանալիս անիծեց

05/10/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը երեկ խորհրդարանին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ նրա կուսակցությունը` «Բարգավաճ Հայաստանը», օրեր առաջ որոշել էր նրան ետ կանչել այդ պաշտոնից ու փոխարենը առաջադրել վերջերս կուսակցությանն անդամակցած Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Ա.Պետրոսյանը երեկ իր հրաժարականի ելույթում կարծես պատասխան տվեց այն մեղադրանքներին, թե ինքը ակտիվ գործունեություն չի ծավալում, եւ հայտարարեց, թե այս երեք տարիներին հեղինակել կամ համահեղինակել է մոտ 20 օրինագծեր, որոնք արդեն գործող օրենքներ են: Ավելին՝ «Առավել քան 16 տարի ես մասնակցել եմ պետական շինարարությանը, կառավարման նոր համակարգերի մշակմանը եւ ներդրմանը»,- հայտարարեց տիկին Պետրոսյանը: Իսկ հնչած մեղադրանքներին, թե ԲՀԿ-ի քվոտայով զբաղեցրել է բարձր պաշտոն, բայց կուսակցության օգտին որեւէ գործունեություն չի ծավալել, ավելացրեց. «ԱԺ ընտրություններին չեմ մասնակցել պաշտոն զբաղեցնելու համար. ընտրվելով պատգամավոր` ես ազատվել եմ բարձր պետական պաշտոնից, որը պետք է պաշտոնավարեի մինչեւ 2013թ.: Ընտրարշավին ունեցել եմ ակտիվ մասնակցություն` ներկայացնելով առաջարկներ, տեսակետներ այն ոլորտների վերաբերյալ, որոնց տիրապետել եմ նաեւ գործնականում: Զբաղեցնելով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը` իմ լիազորությունների, ինձ տրված հնարավորությունների շրջանակներում բարեխղճորեն կատարել եմ կանոնակարգային պարտականություններ»: Իսկ Ա.Պետրոսյանին շնորհակալական խոսք ասաց միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ա.Պետրոսյանն էլ իր հերթին ելույթում ընդհանրապես չհիշատակեց ԲՀԿ-ի անունը: Եվ դա պատճառաբանեց նրանով, որ «ԱԺ ամբիոնը կուսակցական խնդիրներ բարձրացնելու համար չէ, այլ հանրությանը հուզող խնդիրներ բարձրացնելու եւ քաղաքական այլ ուժերի հետ կապված հարցեր ճշտելու համար»: Ավելացրեց, թե կշարունակի մնալ ԲՀԿ պատգամավոր: Ինչ վերաբերում է հրաժարականի պատճառներին` ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց. «Կուսակցության ղեկավարի հետ քննարկել ենք, եւ արդյունքում ես հրաժարական եմ ներկայացրել, այլ մեկնաբանություններ տալու ցանկություն չունեմ»: Լրագրողների հարցին, թե՝ արդարացի՞ է համարում կուսակցության որոշումը, պատասխանեց, թե «մեկնաբանություններ պետք չեն»: Իրեն ետ կանչելու որոշման հիմնավորումների համար էլ խորհուրդ տվեց դիմել կուսակցություն: Մամուլում հրապարակում էր եղել, թե նա ԱԺ ԲՀԿ խմբակցությունում էլ չի մնա եւ ցանկություն ունի դառնալ Սահմանադրական դատարանի անդամ: Ա.Պետրոսյանը նախ ասաց, թե ինքն այդ լուրը մամուլից է իմացել, իսկ հետո ավելացրեց. «Ցանկացած իրեն հարգող իրավաբանի համար արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմնում պաշտոն զբաղեցնելը բարձր պատիվ է»:

Իսկ արդյո՞ք իրեն ետ կանչելու համար նա նեղացել է իր կուսակցությունից. այս հարցին նա անուղղակի պատասխանեց. «Մի՞թե նեղանալը քաղաքական կատեգորիա է»: Եվ ընդհանրապես լրագրողների հարցերին պատգամավորը խուսափողական, բայց ենթատեքստ ունեցող պատասխաններ էր տալիս: Օրինակ, երբ հարցրեցին, թե կմասնակցի՞ Ս.Բալասանյանի ընտրությանը, հարցով պատասխանեց. «Հարցը պատասխան ակնկալո՞ւմ է»: Ելույթից ու լրագրողների հարցերին պատասխանելուց հետո նա հեռացավ շենքից` անուղղակիորեն ցույց տալով, որ հրաժարական ներկայացնելու պատճառով Ա.Պետրոսյանը վիրավորվել է ԲՀԿ-ից ու նրա ղեկավար Գ.Ծառուկյանից: Ակնհայտ էր նաեւ, որ չէր ցանկանալու մասնակցել իր փոխարեն առաջադրված Ս.Բալասանյանի ընտրությանը: Դժվար չէ կռահել նաեւ, որ համապատասխան նոր աշխատանք գտնելուց հետո թերեւս դուրս կգա թե ԱԺ-ից, թե ԲՀԿ-ից: Իսկ ինչ վերաբերում է Ս.Բալասանյանին, երեկ պատգամավորը տեղեկացրեց, թե այսուհետ «Օրինաց Երկրի» հետ միասին իր ճակատին գրվելու է «Բարգավաճ Հայաստան» ու «Առաջ Հայաստան»: Պարզապես ավելացրեց, թե դրանք լինելու են որպես անուններ եւ ոչ թե կուսակցություններ: Մինչդեռ տարիներ առաջ իր ճակատին «Օրինաց Երկիր» դաջելով` Ս.Բալասանյանը կուսակցությանը նկատի ուներ: Իսկ հարցին, թե մտավախություն չունի՞, որ վաղն էլ ինքը կարող է հայտնվել Ա.Պետրոսյանի կարգավիճակում, Ս.Բալասանյանը պատասխանեց. «Եթե հանկարծ սկզբունքներ փոխվեն, էդ դեպքում հնարավոր է, բայց հիմա այստեղ սկզբունքի փոփոխություն չկա: Ես ինտեգրվել եմ եւ պետք է ակտիվ գործունեություն ծավալեմ ոչ միայն ԱԺ-ում` կապված ԲՀԿ-ի հետ, այլեւ այն ընտրատարածքում, որտեղ ես ունեմ ուղիղ ընտրողներ` թիվ 35 ընտրատարածքում»:

Իսկ թե ինչպես կքվեարկի ՕԵԿ-ը իր նախկին անդամի ընտրության ժամանակ, Ս.Բալասանյանը չգիտի: Իսկ ՕԵԿ-ը երեկ հրավիրած քաղխորհրդի նիստում որոշել է չմասնակցել իր նախկին անդամի թեկնածության քվեարկությանը: Չի բացառվում, որ քվեարկությանը չմասնակցի նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Եվ Ս.Բալասանյանի ընտրությունը կախված է լինելու Հանրապետական, Դաշնակցություն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արդեն ինտենսիվ աշխատանք է տանում իր խմբակցությունում Ս.Բալասանյանի օգտին քվեարկելու համար: ԱԺ կանոնակարգի համաձայն՝ Ա.Պետրոսյանը 3 օրվա ընթացքում պետք է հաստատի իր հրաժարականը, որից հետո ԲՀԿ-ն կառաջադրի Ս.Բալասանյանին, իսկ ԱԺ-ն ընտրությունը կկազմակերպի: Եվ այդ ամենը հնարավոր է կազմակերպել այս քառօրյայի ընթացքում: