Լուսանկարում պատկերված այս եռահարկ կիսակառույց առանձնատունը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Բաբայան փողոց 2/17 հասցեում եւ պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանին: Օրերս «168 Ժամի» խմբագրություն էր զանգահարել նույն համայնքի Չոլակյան 2-րդ փողոցի 30 տան բնակչուհի Զարուհի Հակոբյանը` փորձելով գոնե լրատվամիջոցների օգնությամբ «զսպել» պատգամավոր Վ. Հակոբյանի գործողությունները: Վ. Հակոբյանը 2007թ. նույն հասցեի մի քանի բնակիչներից գնել է ընդհանուր առմամբ 3000քմ-ից ավելի հողատարածք: Արդեն երեք տարի է, ինչ պատգամավորը շինարարություն է իրականացնում, որտեղ, ինչպես նշեցինք, եռահարկ բնակելի տուն է կառուցվում (փակ լողավազանով եւ էլի ինչ-որ կցակառույցներով), որոնց նշանակությունն առայժմ անավարտ շինարարության պատճառով դժվար է որոշել: Մինչդեռ այս հսկայական կիսակառույցի շինարարության հետեւանքով Վ. Հակոբյանի «դղյակի» աջակողմյան հատվածում տեղադրված մեծ պատուհաններն ամբողջովին սահմանափակել են տիկին Զարուհու ընտանիքի առանձին կենցաղավարությունը:
«Եղել է նախնական նախագիծ, ըստ որի` մեր հողատարածքը կիսող պատից 3 մետր հեռավորության վրա` իրա տան պատին պետք է լինեին փոքրիկ օդանցքներ, որպեսզի չխախտեր քաղաքաշինական նորմերը եւ մեզ չխանգարեր: Բայց տեսեք, թե ինչ հսկայական պատուհաններ է կառուցել: Այսինքն` շենքի բարձրությամբ ու պատուհանների մեծությամբ եկել-մտել է մեր տուն, մեր կենցաղ, մեր հողատարածք»,- ասում է տիկին Զարուհին` մատնացույց անելով պատգամավորի տան պատուհանները: Ըստ նրա` 3 տարվա ընթացքում բազմաթիվ դիմում-բողոքների արդյունքում Վ. Հակոբյանը երեք անգամ նախագիծ է փոխել, բայց միեւնույն է` կառուցել է այն, ինչ ի սկզբանե նախատեսել է, եւ ինչն, ի դեպ, համարվել է քաղաքաշինական խախտում. «Անցած տարի ՀՀ դատախազությունից, քաղաքապետարանից մարդիկ են եկել ու շինարարությունը կասեցրել են: Գալիս-կասեցնում գնում են, սա էլի կառուցում է… Մեռանք պետական այրերին դիմումներ գրելով»: Այսպիսով, բազմաթիվ դիմումներին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանը 2009թ. փետրվարին Զ. Հակոբյանին մի գրություն է ուղարկել, ըստ որի` բնակելի տան աջակողմյան սեփականատիրոջ հողամաս նայող ճակատը նախատեսվել է առանց բացվածքների. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում ուսումնասիրվել է Բաբայան փող. 2/17 հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետին ուղղված Ձեր դիմումը: Հայտնում ենք, որ նշված հասցեում կառուցապատող Վ. Հակոբյանին տրվել է բնակելի տան ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ 13.12.07թ. համաձայնեցվել է հ.02/18-05/1-Հ-3192-1287 նախագիծ, ըստ որի՝ եռահարկ բնակելի տան աջակողմյան սեփականատիրոջ հողամաս նայող ճակատը նախատեսվել է առանց բացվածքի»,- այս գրության տակ ստորագրել է քաղաքապետարանի Աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Քասարյանը: «Փաստորեն, մեր աչքի առաջ կատարում են ապօրինի գործողություններ, կառուցում են այն, ինչը քաղաքապետարանը թույլ չի տալիս, բայց, միեւնույն է, չենք կարողանում անօրինականությունն ապացուցել»,- ասում է տիկին Զարուհին, ում դիմումներն ուղղված ՀՀ վարչապետին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, Երեւանի քաղաքապետին, բնականաբար, վերահասցեագրվել են Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն: Նույն վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Լալայանցն իր գրությամբ կրկին հաստատել է, որ պատգամավորի գործողություններն անօրինական են. «Համաձայնեցված նախագծով` շինարարության կատարման ընթացքում գտնվող առանձնատան ընդլայնման համար, կառուցապատող Վ. Հակոբյանը Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն է ներկայացրել նախագիծ, որը համաձայնեցվել է: Համաձայնեցված նախագծում առանձնատան եւ օժանդակ շինությունների` դեպի կից հողամաս ուղղված ճակատները խուլ են, բացվածքներ չունեն»: Այնուհետեւ պրն Լալայանցը տիկին Զարուհուն հորդորում է, որ իր դիմում-բողոքներում Բաբայան 2/17 հասցեում կատարվող շինարարությունում տեղ գտած խախտումներն ուսումնասիրելու եւ խախտումները կանխելու նպատակով, վարչությունը գործը ուղարկել է քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն: Այս նամակը տիկին Զարուհին ստացել է 2009թ. արդեն նոյեմբեր ամսին: Այսինքն` մինչեւ դիմում-բողոքների պատասխանները «պտտվում են» քաղաքապետարանի մի վարչությունից մյուս վարչություն` կառուցապատող Վ. Հակոբյանը շարունակում է մեծ թափով շինարարությունն ավարտին հասցնել: «Հասկանո՞ւմ եք, երեխաներիս համար եմ վախենում: Թող նրանք չկարծեն, թե ես վախկոտ կին եմ, ես իմ իրավունքն ու օրինականությունը պաշտպանելու համար ամեն քայլի կդիմեմ: Պատգամավոր էլ չէ` ով ուզում է թող լինի: Նա Ղափանից եկել է էստեղ հող է առել, առել է` լավ է արել, թող բարով վայելի, բայց թող ուրիշների տարածք չներխուժի: Մերոնք էստեղ դեռեւս 1944թ.-ից են ապրում, Զեյթունի հերոսներից են եղել ու էս համայնքի համար շատ բան են արել: Էսօր պատգամավորը տեր է դարձել ու իսկական զեյթունցու վրայով ուզում է անցնել: Իմ օրինական պահանջն է, որ նա իմ տան կողմից էդ ահագին պատուհանները չտեղավորի ու իմ տարածք, իմ տուն չմտնի: Դա օրինական պահանջ է, որն էսօրվա մեր օրենսդիրը խախտում է: Մի անգամ տղայիս նրա թիկնապահները կանչել են ու սպառնացել, թե` «Նայի հա, քեզ խելոք պահի, թե չէ հացից էլ կկտրենք»: Սրանք ամեն ինչի ընդունակ են, բան են ման գալիս, որ կռվի մեջ ներքաշեն, մի բան անեն, ազատվեն: Երբ շինարարությունը սկսում էր` ինձ ասում էր` արխային եղիր, քո կողմից պատուհան չեմ բացելու, բայց, փաստորեն, սուտ էր ասում: Համաձայն եմ` թող անի, բայց գոնե փոքրիկ օդանցքներ տեղադրի, իսկ մյուս կողմերից ինչ մեծության ուզում է թող անի: Դուք նայեք, թե մենք ինչ վատ պայմաններում ենք ապրում: Տղաներ ունենք, վաղը-մյուս օրը հնարավորություն ունենալու դեպքում տան շարունակություն ենք գցելու, հողամասը տուն ենք դարձնելու: Բայց էդ ժամանակ ինքը չի թողնելու, որ մեր հողամասում տուն սարքենք, ասելու է` պատ մի շարեք, իմ պատուհանները փակում եք»:
Ի դեպ, եթե քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներից ստացված վերոնշյալ երկու գրություններով հաստատվում է, որ համաձայն նախագծի` շինության աջակողմյան ճակատը բացվածքներ չպետք է ունենա, ապա մեկ այլ գրությամբ նշվում է, որ «Քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, Քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչության աշխատակիցների, նախագծի հեղինակի մասնակցությամբ տեղում կատարված համատեղ ուսումնասիրություններով հաստատվել է շինարարության համապատասխանությունը նախագծին եւ անօրինականություն չի արձանագրվել»: Ստացվում է` նախագծով բացվածքն արգելվում է, մասնագետները տեղում ուսումնասիրություններ են կատարում եւ արձանագրում են, որ բացվածքներ գոյություն չունեն, բայց մեր լուսանկարչական սարքն, այնուամենայնիվ, այդ բացվածքները ֆիքսում է: Այն էլ ինչպիսի բացվածքներ…
Մենք նաեւ զրուցեցինք ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանի հետ, ով, բնականաբար, վստահեցրեց, թե ինքը օրենքի մարդ է եւ ամեն ինչ անում է օրենքի շրջանակներում. «Բոլոր փաստաթղթերն ունեմ շինարարության նախագծի հետ կապված, որը տրվել է բոլոր պատկան կառույցների կողմից: Բացվածքը նախատեսված է եղել, եւ ես ոչ մի խախտում չեմ արել: Զարիկ տատիկին էլ բան չունեմ ասելու, շատ լավ տատիկ է: Թե ինչո՞ւ է նման բաներ անում` չեմ հասկանում: Այսինքն` հասկանում եմ, ինքն ուզում էր, որ իրա հողն առնեմ, բայց կրկնակի գին ա ասում` ես էլ չեմ առնում»: Մենք Վ. Հակոբյանին տեղեկացրեցինք, որ մեր ձեռքի տակ են քաղաքապետարանի տարբեր վարչություններից ստացված գրությունները, ըստ որոնց` իր առանձնատան աջակողմյան ճակատում բացվածքներ նախատեսված չեն եղել. «Տո քաղաքապետարանը ի՞նչ ա, քաղաքապետարանը… կարամ էդպիսի մի հարյուր հատ թուղթ էլ ես ցույց տամ: Ես ոչ մի խախտում չեմ արել, կրկնում եմ, իսկ շինարարությունն իրականացնում է լիցենզավորված կազմակերպությունը: Բոլոր փաստաթղթերն օրինական են: Դուք ավելի լավ է Զարիկ տատիկին խորհուրդ տվեք դատարան դիմել. եթե խախտում է եղել` թող գան քանդեն»:
Վ. Հակոբյանն անընդհատ կրկնում էր` եթե խախտում կա, թող քանդեն: Իսկ խախտումն ակնհայտ է, եւ պատգամավորն այդկերպ նաեւ ստիպում է հարեւաններին շուկայականից չափազանց էժան գներով իրեն վաճառել այդ հողատարածքը: Տիկին Զարիկն այս ամենը գիտակցում է` պատրաստ լինելով ցանկացած ձեւով պաշտպանել իր իրավունքները: Նույնիսկ, եթե պատգամավորի մեջքին կանգնած լինի նրա հայրը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: