Ուսուցի՞չ, թե՞ դասատու

05/10/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին, Ուսուցչի մասնագիտական օրվան ընդառաջ, ուսուցիչներին պատվոգրեր եւ նվերներ փոխանցելիս` ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հատուկ ընդգծեցին, որ պարգեւատրման համար ընտրված են հատկապես այն ուսուցիչները, ովքեր աշակերտներին մոտ են պահում ազգային արմատներին եւ նպաստում են հայրենասիրական ոգու ամրապնդմանը: Ի դեպ, ուսուցիչներն, ինչպես պարզվեց, կուսակցականներ էին` հիմնականում ՀՀԿ-ից: Ենթադրաբար` բոլորն անխտիր հայրենասեր էին, եւ պարգեւատրողները լուծել էին բարդագույն մի խնդիր` հայրենասերներից գտնել առավե՛լ հայրենասերներին, ազգային արմատներին մոտ կանգնածներից զատել առավել արժանավորներին` նրանց, ովքեր արմատներից ուղղակիորեն կառչած են:

Իսկ թե ի՞նչ է հայրենասիրությունը, ինչո՞ւ է Տոլստոյը հայրենասիրությունը անհեռատեսորեն համարել սրիկաների վերջին կայարանը, եւ թե ինչպե՞ս պետք է համատեղեն ազգային ոգին, հայրենասիրությունն ու, օրինակ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաները ուսուցիչները, պարգեւատրման արարողության ընթացքում ոչ ոք, հասկանալի է, չմանրացավ:

Հետաքրքիր է` ԿԳ նախարարության տեսանկյունից հայրենասե՞ր են Ֆրանսիայի այն տասնյակ-հազարավոր ուսուցիչները, ովքեր գործադուլ են հայտարարել: Նրանք դեմ են կենսաթոշակային տարիքը 60-ից 62 դարձնելուն եւ, փաստորեն, «մատաղ սերնդին» Ֆրանսիայի ազգային ավանդույթներին, արմատներին մոտ պահելու, հայրենասիրություն սերմանելու փոխարեն, խնդրեմ, փողոցում են` չնայելով հորդառատ անձրեւին: Հոկտեմբերի 1-ին պարգեւատրված ուսուցիչներից եւ պարգեւատրվել ձգտողներից ոչ ոք իրեն նման բան թույլ չէր տա:

Իսկ իրականությունն այն է, որ ֆրանսիացի ուսուցիչներն իրենց աշակերտներին տալիս են ամենակարեւոր դասը` լինել ազատ, հարգել սեփական արժանապատվությունը, տեր կանգնել իրավունքներիդ, հասկացնել իշխանություններիդ, որ պետք է հաշվի նստեն քո` որպես երկրի քաղաքացու, մասնագետի եւ ընտրողի կարծիքի հետ: Դժվար թե նման ուսուցիչներին աշակերտները չհարգեն, քանի որ այսպիսի ուսուցիչներն ակնհայտորեն իշխանությունների համախոհները չեն, իշխանությունները նրանց երբեք չեն առաջարկի, չեն վստահի ընտրությունների ժամանակ կեղծարարությամբ զբաղվել` դրանից առաջ մասնակցելով, օրինակ, թաղապետների կողմից ռեստորաններում կազմակերպված խնջույքներին: Ֆրանսիացի ուսուցիչները դժվար թե իրենց առաջ այնպիսի բարդ խնդիրներ են դրել, որպիսիք են հայրենասիրական ոգին եւ ազգային արմատները քարոզելը: Սրանք ավելորդություններ են, որոնցով իրեն չպետք է ծանրաբեռնի ոչ ոք, հատկապես ուսուցիչը: Հայրենասեր դառնալու համար ոչ մի հավելյալ ջանք եւ խոսք պետք չէ: Հայրենասիրությունը պետության եւ քաղաքացու փոխադարձ ազնիվ եւ հարգալից հարաբերություններն են:

Պետք չէ երազել, թե մեր երկրում եւս ուսուցիչները կարող են համախմբվել եւ պահանջել իշխանություններից չոտնահարել իրենց իրավունքները: Դա չարեցին անգամ այն ժամանակ, երբ օպտիմալացման անվան տակ դպրոցներից զտեցին բանիմաց, բարեկիրթ ու տարիքն առած ուսուցիչներին: Դա չեն անում նաեւ այսօր, երբ իշխանությունները փոփոխություններ են պատրաստում «Հանրակրթության» եւ «Լեզվի մասին» օրենքներում: Իսկ որքան կհարգեին ուսուցիչներին իրենց աշակերտները, եթե նրանք եւս խնդրով մտահոգ շատ մարդկանց հետ դուրս գային փողոց` ի պաշտպանություն հայոց լեզվի առաջնահերթության: Եթե չեմ սխալվում, վերջին անգամ դպրոցների ուսուցիչներն` իրենց սաներով, մանկապարտեզների դաստիարակները` առանց սաների, մասնակցել են Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հայտնի հանրահավաքին:

Ինչպես պետական չինովնիկները, այնպես էլ դպրոցի ուսուցիչներն այնպես են օպտիմալացվել, որ (հատուկենտ բացառություններով) վեր են ածվել վերահսկելի մի խավի` պատրաստ աշխատանքը չկորցնելու համար գործարքի գնալ իշխանությունների հետ, տեղական ինքնակառավարման մարմինների կամ համապետական նշանակության ընտրությունների ժամանակ քարոզել եւ կեղծել իշխանության թեկնածուի օգտին: Կոռուպցիան դպրոցից արմատախիլ անելու հարցում չինովնիկները ոչ մի հաջողության մինչ օրս չեն հասել, քանի որ, ինչպես պետական ողջ ապարատը, այնպես եւ դպրոցը կոռուպցիայի համար պարարտ հող է:

Եվ հետո, տեսե՞լ եք, թե ի՞նչ է կատարվում դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների հետ, երբ սեպտեմբերի մեկին իրենց դպրոցում բարձրաստիճան պաշտոնյա է հայտնվում: Աշակերտները տեսնում են, թե ինչպես են իրենց ուսուցիչներն ամեն կերպ փորձում հաճոյանալ նրան: Տեսախցիկների առաջ հայտնվում են այն ուսուցիչները, ովքեր սկսում են հուշեր պատմել, թե ինչպիսի աշակերտ էր պաշտոնյան` կարգապահ, ընկերասեր, «մի փոքր չարաճճի», միայն «գերազանց» էր ստանում, եւ իրենց համար արդեն ակնհայտ էր, որ երկրի պատասխանատու ոլորտներից մեկի ղեկավարությունը հենց նրան է վստահվելու: Եվ, ստացվում է, չեն սխալվել:

Երեխաները նկատում են ամեն ինչ: Թե ինչ արժեքներով են առաջնորդվում իրենց ուսուցիչները, տեսնում են այն խտրական վերաբերմունքը, որն ուսուցիչն ունի այսինչ օլիգարխի կամ պաշտոնյայի երեխայի հանդեպ: Հայրենասիրական եւ ոչ մի ճառ չի կարող երեխային ստիպել հավատալ կամ հարգել այսպիսի ուսուցչին:

Եվ երբ պետությունն ինչ-որ չափով բարձրացնում է ուսուցիչների աշխատավարձը, ուսուցիչներն այդ քայլը չեն ընկալում որպես իրենց վաստակի գնահատում: Ինչպես նախադեպերն են ցույց տալիս, բարձրացված աշխատավարձը նոր ծառայություններ է ենթադրում: Բայց այդ մասին՝ արդեն 2012 եւ 2013 թվականներին:

Այսօր Ուսուցչի օրն է: Այսինքն` այսօր բոլոր նրանց օրն է, ովքեր ինչ-որ մեկի համար Ուսուցիչ են եղել կամ ե՛ն: Հետեւաբար, այսօր ամենակարեւոր մարդկանց օրն է: Շնորհավոր: