Պարզվում է՝ Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի թափոնների գերեզմանոցով, կամ, ինչպես տեղաբնակներն են անվանում՝ մկնդեղի «մագիլնիկով» հետաքրքրվում են ոչ միայն խոշոր եղջերավոր անասուններն ու սիրահար զույգերը, այլեւ «Վալլեքս» գրուպին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ն:
Վերջինս խիստ «դեմոկրատական» կեցվածք ընդունելով՝ նախ առաջ քաշեց գործարանի 100 մետր բարձրությամբ ծխատարի տեղափոխման նախագիծը, որը ստացավ «Նոր նախածխանցքի եւ ծխնելույզի նախագիծ» անվանումը, ապա այդ առիթով հանրային լսումներ կազմակերպեցին: Թեեւ լսումների մասին ալավերդցիների մեծ մասն ավելի ուշ իմացավ, սակայն ընկերությունը «մեծահոգաբար» նշեց, թե իրենք այդ մասին նույնիսկ հաղորդագրություն էին տարածել «Հայաստանի Հանրապետություն» թերթում: Չգիտես ինչու, մոռացել են տեղական հեռուստաալիքների գոյության մասին, որոնցից մեկը «Անկյուն +3» հեռուստաընկերությունն է, որը գտնվում է «Վալլեքս» գրուպի սեփականատեր Վալերի Մեջլումյանի անմիջական հովանավորության ներքո: Ինչեւէ, ձեւական այս արարողակարգի արդյունքում պարզվեց, որ հասարակությունը կողմ է ծխատարի տեղափոխմանը, եւ թե այն բխում է բոլորի շահերից: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ժողովրդի առողջության մասին «հոգացող» ընկերությունն այսօր արդեն սկսել է ծխատարի տեղափոխման աշխատանքները: Հիշեցնենք, որ ծխատարը տեղափոխում են Կոշաբերդ սարի գագաթ, որտեղից ծուխը, մասնագետների հավաստմամբ, կտարածվի ավելի լայն շառավղով՝ վնասելով Աքորի, Հաղպատ, Օձուն, Սանահին, Մադան գյուղերը: Ավելին, վտանգի առաջ կկանգնեն Լալվարի անտառները, այսինքն՝ եթե նախկինում տուժում էր միայն Ալավերդին, ապա վտանգն այլեւս կտարածվի ավելի լայն աշխարհագրությամբ: «Մեր տեսակետը գիտե՞ս որն ա. ձորի մեջ ենք, էսքանից հետո կամ բերեք ջրով խեղդեք, կամ էլ հող լցրեք ու թաղեք-պրծեք: Մենք էլ պրծնենք, իշխանությունն էլ: Հա, կամ էլ գնա իշխանություններին ասա, թող ամենքիս համար մի-մի թոկ ուղարկեն, կախվենք-պրծնենք: Սենց ապրելն ո՞ւմ ա պետք: Առանց էդ էլ թունավորված ապրում ենք: Հիմի էլ ասում են՝ Մադանի գերեզմանոցը՝ մկնդեղի «մագիլնիկն» ա վտանգ առաջացնում»,- մեզ հետ զրույցում ասում են Ալավերդու «Հայպետշին» թաղամասի բնակիչները, որոնց մի մասը տեղյակ էր գերեզմանոցի ներկա վիճակի մասին, մյուս մասը մոռացել էր մկնդեղի պահեստավայրի գոյության մասին:
Կյանքը՝ մկնդեղի «մագիլնիկում»
Ալավերդու մկնդեղի թափոնների գերեզմանոցը կառուցվել է 1978-80-ականներին՝ որպես Ալավերդու պղնձաձուլական ընկերության քիմիական թունավոր նյութերի թափոնների պահեստավայր: Գերեզմանոցն ունի 150 մետր երկարություն եւ 130 մետր լայնություն, որից 1կմ վերեւ գտնվում է Ալավերդու Մադան թաղամասը, իսկ ներքեւում հոսում է Լալվար (շատ հաճախ անվանում են Մադան) գետը: Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի ծխատարով տարեկան շուրջ 27 մլն տոննա արտանետումներ են լինում, որի 95%-ը կազմում է ծծմբային անհիդրիդը: Խորհրդային տարիներին այն կորզվում էր, եւ ծծմբաթթվի արտադրության արդյունքում մկնդեղ էին ստանում, որը թաղվում էր հենց այս գերեզմանոցում: Հայաստանի անկախացումից հետո գերեզմանոցը, մեղմ ասած՝ մատնվեց անուշադրության՝ պահելով միայն իր ձեւական գոյությունը: Ընդ որում՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն իր գործարկման օրից մինչ նախորդ տարվա դեկտեմբեր ամիսը չէր օգտագործել գերեզմանոցը: Սակայն դեկտեմբերին, տեղաբնակների վկայությամբ, 3 բեռնատար ավտոմեքենայով գերեզմանոց են բերվել 3 կապրոնե եւ երկաթե զմռսված տակառներ, որոնք թաղվել են գերեզմանոցի տարածքում: Ուշագրավն այն է, որ ըստ գյուղացիների` ընկերությունն արածը քողարկելու համար տրակտորով մեծ քանակությամբ հող է ավելացրել` փակելով թունավոր նյութերով լի տակառները: Ի դեպ, դա կարելի է տեսնել գերեզմանոց մտնելիս: Մկնդեղի պահեստավայրն իր ներկա վիճակով ավերակների է նման, ու եթե չլինեն, ասենք, քիմիական թունավոր նյութերի մեծ կույտերն ու դրանցից արձակվող սարսափելի հոտը, այն կարող էր անգամ գրավիչ լինել տուրիստների համար՝ իբրեւ հնատեղի: Գերեզմանոցի տարածքի բետոնապատ հատվածը ճաքել է, թույնը դուրս է եկել արտաքին միջավայր, եւ սկսել են թունավոր օքսիդացման պրոցեսները: Գերեզմանոցի պատերի միջեւ հսկայական ճեղքեր են առաջացել, ուղղաձիգ որոշ պատեր թեքվել են, գետնին մեծ խոռոչներ են գոյացել: Ընդհանրապես արսենիումը, այսինքն` մկնդեղը, ֆիզիոլոգիապես ակտիվ տարր է եւ, միաժամանակ, տոքսիկ մետալոիդ է համարվում: Այն էկոլոգիապես վտանգավոր տարր է, եւ ունի հիվանդացության եւ տեխնոգենության աստիճան: Գերեզմանոցում նույնիսկ 1 րոպե մնալն ահավոր գլխացավ, գլխապտույտ է առաջացնում: Դրանից չեն դժգոհում միայն այդտեղ արածող անասունները: Տեղանքի նշանակության մասին հիշեցնող որեւէ ցուցանակ չկար դեռեւս մինչեւ հունվար ամիսը: Սակայն «Հետք» էլ. թերթի, մասնավորապես՝ լրագրող, «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հ/կ-ի նախագահ Լարիսա Փարեմուզյանի հետեւողական հոդվածների շնորհիվ տարածքը մասնակիորեն ցանկապատվել է եւ ցուցանակ է տեղադրվել: Փետրվարի 25-ից մեկնարկեց մկնդեղի թափոնավայրի ուսումնասիրության նպատակով ԵԱՀԿ-ի «Անվտանգ միջավայր» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացրեց «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հ/կ-ն՝ Ալավերդու «Օրհուս» բնապահպանական կենտրոնի աջակցությամբ: Հետազոտական աշխատանքները կատարել են Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը եւ Պրահայի «Աիկա» հ/կ-ն, որն, ի դեպ, հետազոտության արդյունքները դեռ չի ներկայացրել: Հետազոտվել են մկնդեղի գերեզմանոցում թաղված տոքսիկ նյութերի բաղադրությունը, մասնավորապես, մկնդեղի եւ սնդիկի հավանական արտահոսքերն ու դրանց ազդեցությունները բնակչության առողջության վրա, ինչպես նաեւ գերեզմանոցի սեյսմիկ անվտանգությունն ու հիդրոիզոլյացիան:
«Մագիլնիկի» վնասները
Օրեր առաջ Ալավերդու «Օրհուս» բնապահպանական կենտրոնում ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը կատարված հետազոտության արդյունքները ներկայացրեց: Ուսումնասիրության ընթացքում նմուշառվել էին 11 ջրային, 5 հողային եւ հատակային նստվածքների նմուշներ: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ գերեզմանոցի եւ դրան հարակից թմբի տակից (նկատենք, որ գերեզմանոցի միակ առավելությունը աշխարհագրական հարմար դիրքն է. այն գտնվում է թմբի վրա) մկնդեղի՝ արսենիումի արտահոսք կա, սակայն տեղանքի թթվային միջավայրը կասեցնում է դրա ակտիվ դրսեւորումը: Հողերի եւ ժամանակավոր հոսքերի հունից կավավազի բոլոր նմուշներում անխտիր արսենիումի մեծ պարունակություն է գրանցվել: Ընդ որում՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ ՍԹԿ-ն, նորման գերազանցում է 10,93-ից մինչեւ 29, 83 անգամ: Երկու հատակային նստվածքներում եւս արսենիումի եւ սնդիկի պարունակություն է գրանցվել: Եթե այստեղ սնդիկի պարունակությունները չեն գերազանցում ՍԹԿ-ն, ապա նույնը չի կարելի ասել արսենիումի պարագայում՝ երկու նմուշներում էլ մկնդեղի պարունակությունը գերազանցում է հողերի ՍԹԿ-ն՝ 14,97 եւ 12,29 անգամ: Լալվար գետից վերցրած նմուշներում արսենիումի պարունակությունը եղել է ոչ մեծ: «Պետք է խոսել պոտենցիալ վտանգի մասին: Ժամանակին գերեզմանոցի տեղանքը շատ ճիշտ է ընտրվել: Երկրաքիմիական միջավայրն այնպիսին է, որ արտահոսքը կանգնեցնում է թթվային միջավայրը, բայց այդ ամբողջ մկնդեղը կուտակվում է հողային շերտում, հատակային նստվածքներում, եւ եթե վաղը ավելի հորդառատ անձրեւներ լինեն, ավելի ակտիվ հիդրոլոգիական գործընթացներ, մկնդեղը շարժվելու է դեպի ստորին հոսանքներ, կմտնի քաղաք, եւ նաեւ՝ ջրվող մասնավոր տնտեսություններ: Իսկ ամենաճիշտ մոտեցումն այն է, որ մակերեսին կատարվեն հիդրոիզոլյացման աշխատանքներ»,- նշեց ԳԱԱ ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, ում հավաստմամբ՝ մկնդեղի պահեստավայրում արսենիումի արտահոսքի կանխման նպատակով անհրաժեշտ պահեստավորման եւ ջրահեռացման աշխատանքների ծախսերն այդքան էլ թանկ չեն: «Այդքան բարդ աշխատանքներ, եւ թանկ նյութերի հետ կապված չեն, ընդամենը ցանկություն է պետք, եւ հիդրոիզոլյացիոն աշխատանքները կարելի է կատարել մի քանի ամսում»,- նկատեց Ա. Սաղաթելյանը: «Մանեսի» կողմից գերեզմանոցի վերականգնումը ոչ միայն մոտ, այլեւ հեռու ապագայում անհնարին է: Մենք բացարձակապես գումար չունենք: Ոչ մի արտադրանք չենք տալիս»,- ասում է գերեզմանոցի տարածքի տեր ու տիրակալ համարվող «Մանես» ԲԲԸ-ի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Ղամբարյանը: Ուշագրավն այն է, որ այս ընկերությունն ունի ընդամենը 5 աշխատակից, եւ տնօրենի կարծիքով՝ իրենք հազիվ թոշակառու են պահում: Ըստ տնօրենի՝ ամեն ամիս պարտք են վերցնում «ACP»-ից, որոնք չկարողանալով մարել, ընկերությունը ինչ-որ գույք է տրամադրում: Ա. Ղամբարյանի կարծիքով` գերեզմանոցը պատահականորեն է տրվել «Մանես» ընկերությանը: «Դա ուղղակի գրվել ա «Մանեսի» վրա: Ո՞նց են ասում ժողովրդական լեզվով՝ շլնքի վիզ ա, մեկն ու մեկին պիտի տային: Ես էլ յոլա եմ տանում «Մանեսի» չեղած գործերը»,- ասում է «Մանես» ԲԲԸ-ի տնօրենը: Նրա փոխանցմամբ՝ հետազոտության ժամանակ ընկերությունը գերեզմանոցի նախագծային փաստաթղթերը չէր տրամադրել, որովհետեւ դրանք պարզապես չկային: Ի դեպ, նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության հանձնախումբը մկնդեղի գերեզմանոցի տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ ռիսկերի գնահատման ընթացքում նախագծային փաստաթղթերի վերլուծություն չի արել դրանց բացակայության պատճառով: «Ոչ միայն դրանք են կորել, այլեւ հաշվապահական շատ փաստաթղթեր ACP-ից: Ըստ երեւույթին, շատ փաստաթղթեր էն դժվար տարիներին այրել են: Ու եթե լսել եք՝ Լենինգրադում բլոկադայի ժամանակ դաշնամուր, պարկետ են վառել: Էն, ինչ վառելու ա` վառում ենք,- ասաց Ա. Ղամբարյանը։ -Մեզ մոտ էլ ա բլոկադա եղել: Հիմա էլ որ նայեք, ACP-ի տարածքը, ոնց որ Ստալինգրադը ռմբակոծումից հետո: Այ էդ վիճակն է»: Մինչդեռ «Վալլեքս» գրուպի իրավաբանը՝ Հրաչյա Թանդիլյանը, «Օրհուս» կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ, ներկաներին խորհուրդ տվեց նախագծային հաշվարկ-փաստաթղթերը փնտրել Կադաստրում, եթե տվյալ ընկերությունն ունի սեփականության վկայական, միայն թե, զավեշտալին այն էր, որ Հ. Թանդիլյանը, չգիտես ինչու, ներկայացավ՝ որպես Ալավերդու բնակիչ եւ «ACP»-ի աշխատակից՝ թաքցնելով ընկերությունում իր բուն պաշտոնը: «Իմ կարծիքով՝ դրամաշնորհը կստանան, ու դրանով կավարտվի»,- մկնդեղի գերեզմանոցի վերականգնման մասին եզրահանգեց «Մանես» ԲԲԸ-ի տնօրենը: Չնայած ընկերության տնօրենի նման կեցվածքին, ծրագիրն իրականացնող կողմերը վստահ են, որ պայքարը դեռ նոր է սկսվում: «Մինչեւ 8 բալ երկրաշարժի դեպքում գերեզմանոցը կքանդվի, եւ թունավոր նյութերով «հարուստ» տեղանքը լուրջ վտանգ կառաջացնի ամբողջ քաղաքի համար»,- փաստում են մասնագետները՝ նկատելով, որ Ալավերդին ՀՀ ամենաուժեղ սեյսմիկ գոտիներից է: «Մենք շատ լավ պատկերացնում ենք դրա վտանգավորությունը: Հիմա ամենակարեւորն այն է, որ նախագծային փաստաթղթերը գտնենք, եւ միահամուռ ուժերով կարողանանք խնդրին լուծում տալ»,- ասաց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: