ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին: Անդրադարձ է եղել Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ «Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կծառայի մեր հարաբերությունների խորացմանը»,- ասել է Ս. Սարգսյանը։ Ի պատասխան՝ Վաշաձեն վստահեցրել է, որ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների պայմանավորվածություններն իրագործման ընթացքի մեջ են:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարբեր ոլորտներում, այդ թվում` ենթակառուցվածքների, տրանսպորտային հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության, մաքսային եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Ընդգծվել է, հատկապես, մաքսային անցակետերում քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման, «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման ուղղությամբ փոխգործակցությունը: Կարեւորվել է նաեւ տարածաշրջանային ծրագրերի մշակման եւ իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: