Կիրակի օրը ժամը 19:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում գտնվող N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Խաչատրյանի դին` կախված վիճակում: ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Սամվել Խաչատրյանը 18 տարեկան էր, զորակոչված էր Արտաշատի զինկոմիսարիատից, սեպտեմբերի 13-ից ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների: «Կատարվում է հետաքննություն: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում»,- ասված է հաղորդագրությունում: Նշենք, որ արդեն դեպքի օրը քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: Այդ հոդվածի տվյալ մասով սահմանված է 4-ից մինչեւ 8 տարվա ազատազրկում: