«Դիվանագիտություն»՝ բոլորի համար

05/10/2010

Ամիսներ առաջ երթուղային տաքսու ուղեւորներից մեկն իմ ձեռքին տեսնելով մեր թերթի համարներից մեկը, հանկարծակի խլեց ձեռքիցս ու արագ-արագ բացեց թերթի Արման Նավասարդյանի` «Դիվանագիտություն» մշտական խորագրի էջը: «Կարդա, այ էս կարդա: Մարդը կարգին հոդվածներ ա գրում, ուսուցանող ու էնքան կենդանի»,- խրոխտ ձայնով ասում էր կինը՝ թերթը կրկին մեկնելով ինձ: Երեկ «Գլաձոր» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Արման Նավասարդյանի «Դիվանագիտություն» գրքի շնորհանդեսը: Հիշեցի այդ կնոջը՝ մի պահ պատկերացնելով նրա ոգեւորությունն ու անկեղծ գնահատականը ներկայացված գործին: «Ինչո՞ւ ծնվեց գիրքը: Երկար ժամանակ մտածում էի մի խնդրի մասին, թե ինչո՞ւ դիվանագիտության մեջ փոխկապվածություն չկա հոգեբանության հետ»,- իր ելույթում նշեց գրքի հեղինակը: Ըստ նրա՝ հոգեբանությունը ներթափանցել է արվեստի, գիտության բոլոր ճյուղերը, անգամ տիեզերագիտությունից մինչեւ խոհանոց այն էական նշանակություն ունի, սակայն, չգիտես ինչու, հոգեբանությունը անմասն էր մնացել միայն դիվանագիտական ոլորտից: «Անընդհատ այն միտքն էր պտտվում, թե մի՞թե դիվանագիտությունն այնքան վատ է, որ հոգեբանությունը «նեղացած» է դիվանագիտությունից: Ելնելով դրանից՝ փորձեցի, այսպես ասած՝ կապակցել այս երկու, այսպես ասած՝ առարկաները: Դիվանագիտությունը, լինելով բազմանիստ, բազմաշերտ եւ տարողունակ մի երեւույթ, անհնար էր ամբողջովին ընդգրկել: Դրա համար ընդգրկեցի դիվանագիտության մեկ վեկտորը, ուղղությունը՝ դիվանագիտական հաղորդակցությունը»,- ասաց դիվանագետը: Դիվանագիտության հիմքում ընկած զրույցի, հաղորդակցության գաղտնիքների մասին կարելի է կարդալ այս գրքում, ընդ որում, խոսքի ընդամենը 7%-ն է հաղորդակցության հիմքում: Հեղինակի փոխանցմամբ, դիվանագետի հաջողությունների համար ֆենոմենալ նշանակություն ունի էմպատիան, երբ մարդն, այսպես ասած` կարողանում է մտնել զրուցակցի կարգավիճակի մեջ, ներթափանցել նրա մաշկի տակ: «Ես մեծ ուշադրություն եմ դարձրել նաեւ հմայքին ու խարիզմին: Սա եւս կիսաառեղծվածային երեւույթ է եւ շատ կարեւոր է դիվանագիտական աշխատանքի մեջ: Մեծ տեղ եմ հատկացրել նաեւ վերբալ՝ խոսքային, եւ ոչ վերբալ՝ ոչ խոսքային զրույցներին: Ես Ամերիկա չեմ հայտնաբերել, հսկայական գրականություն կա»,- նկատեց Ա. Նավասարդյանը՝ դիվանագետի աշխատանքի համար կարեւորելով նաեւ էթնոհոգեբանությունը: Գրքի երրորդ հատվածը վերաբերում է հայ դիվանագետների կյանքին, իսկ վերջում տեղ են գտել հեղինակի ամերիկյան տպավորությունները: «Չգիտեմ՝ ի՞նչ է ստացվել, բայց այն, ինչ արվել է, արվել է հոգով, սրտով, որի վրա նաեւ մեծ ժամանակ է դրվել, ինչը ինձ եւ իմ հասակակիցների համար ամենամեծ կապիտալն է»,- իրեն բնորոշ հմայքով ավելացրեց «Դիվանագիտություն» գրքի հեղինակը, ում շնորհավորելու էին եկել դիվանագիտության, քաղաքագիտության ոլորտների հայտնի դեմքեր, մտավորականներ եւ պարզապես ուսանողներ, ովքեր իրենց դասախոսի գրքի մասին խոսում էին մեծ հիացմունքով, ինչը, թերեւս, լավագույն գնահատականն է արված գործին: