Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Ստերլինգը հոկտեմբերի 1-ին շտապ հրավիրվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն: ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովի ասելով` հրավերի պատճառը հայկական ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունն է, որ ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ում Ստերլինգին բողոքի նոտա է հանձնվել, եւ եւս մեկ անգամ ընդգծվել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է: «Ադրբեջանական կողմն ամենասկզբունքային եւ կոշտ ձեւով կարձագանքի այսպիսի գործունեությանը եւ այդօրինակ այցելություններն անթույլատրելի է համարում, առավել եւս այն լույսի ներքո, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է»,- ասել է Պոլուխովը: