Վարչապետի մտքում վաղուց կա՞ր

16/10/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Նպաստառու ավանդատուները խորհրդային 1000 ռուբլու դիմաց կստանան 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: 1000-3000 ռուբլու դիմաց` 200 ԱՄՆ դոլար + 70 տոկոս: 3000-5000-ի դիմաց՝ 200 դոլար + 40 տոկոս: 5000-10000-ի դիմաց` 200 դոլար + 20 տոկոս, իսկ 10000-ից ավելի գումար ունեցողները կստանան 200 դոլար + 10 տոկոս:

Այս բաշխումը կատարվել է առանց համապատասխան ուսումնասիրության, եւ որեւէ մեկը, ներառյալ՝ վարչապետը, ով հայտարարեց փոխհատուցման չափորոշիչների մասին, չի կարող ասել, թե 2 մլն 207 հազար ավանդատուներից քանի՞սն են նպաստառու: Փոխարենը` հայտարարվեց, որ նպաստառու բոլոր ավանդատուներին փոխհատուցելիք ընդհանուր գումարը պետբյուջեով նախատեսվելու է մեկ միլիարդ դրամ, որի մեջ ներառվելու են նաեւ ավանդների վերադարձման համար անհրաժեշտ տեխնիկական ծախսերը: «Այս մարդկանց թիվն այսօր մեզ համար անհայտ է, որովհետեւ ստեղծված երկու հանձնաժողովներն այդ վերլուծությունը չէին կատարել: Դրա համար մենք առաջարկում ենք կառավարությանն այս տարի ժամանակ տալ, որպեսզի մենք կարողանանք այս երկու բազաները համադրել եւ ստեղծել նոր բազա, որից հետո կորոշվի քանակն ու համաչափությունը»,- երեկ ԱԺ-ում ասաց Անդրանիկ Մարգարյանը: Միայն նման բազա ստեղծելուց հետո պարզ կդառնա, թե որոշված խմբաքանակից քանիսին ի վիճակի կլինի կառավարությունը փոխհատուցում տալ նախատեսված 1 միլիարդ դրամից: «Կառավարությունն այդ գործընթացը կազմակերպելու համար կմշակի կարգ, կնշանակի լիազոր մարմին, եւ այն մեկ միլիարդ դրամը, որը տվել ենք` որքան կբավարարի` կվճարենք` ըստ մեր չափորոշիչների,- հայտարարեց Ա. Մարգարյանը՝ ավելացնելով։ -Միաժամանակ կառավարությունը 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում արդեն գումար կդնի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ համար բազան արդեն հայտնի է: Մենք չենք ենթադրում, որ սա հնարավոր է մեկ կամ երկու տարում անել, բայց կառավարությունն իր վրա վերցնում է նպաստառուների ցուցակում ընդգրկված ավանդատուների ավանդների վերադարձման խնդիրը, որպեսզի իր գործունեության ժամանակահատվածում որքան հնարավոր է տա»:

Կառավարության որոշմամբ, սկզբում փոխհատուցում կստանան 70 տարեկանից բարձր թոշակառուները, հետո` 70-ից ցածր միայնակ թոշակառուները, Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների ընտանիքները, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքներն ու վիրավորները: Հարցին` արդյոք սա չի՞ կարող դիտվել իբրեւ Սահմանադրական հանրաքվեից առաջ տրվող կաշառք, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք գտնում, որ սա ընտրակաշառք է: Ի՞նչ է` մտածում եք, որ ընդդիմությունը երբ անցյալ տարի կամ այս տարի ստորագրահավաք է արել, նա է՞լ է ընտրակաշառքի մասին մտածել: Շատ հստակ է մեր ծրագիրը, մենք ասել ենք, որ այս խոցելի խմբին մենք տալիս ենք: Մնացածին, երբ պետությունը հնարավորություն կունենա, թող հաջորդ կառավարությունները որոշեն, թե որ խոցելի խմբերին են տալու: Չմոռանանք` որեւէ երկրում այս խնդրին համընդհանուր լուծում չի տրվել: Միաժամանակ կարող եմ ասել, որ ոչ մի երկրում ավանդների վերադարձման խնդիրը մինչեւ վերջ չի արվել: Այս գործում ամենակարեւորը բազայի ստեղծումն է: Չմոռանանք, որ սա կարող է նաեւ ապագա չարաշահումների հիմք լինել, դրա համար պետք է շատ հստակ հսկողություն լինի, որպեսզի ցուցակների ուռճացում չլինի: Պետք է հստակ մեխանիզմներ մշակենք, մի հատ գիծ քաշենք, թե որ թվականի որ ամսից սկսած ցուցակներին է սա վերաբերում: Մենք պետք է փորձենք, որ գոնե փոքր գումարները չփոշիանան, չփորձեն դրամաշորթության, կաշառքի միջոցով վերադարձումներ կատարել»:

Ի դեպ, ակնարկելով «Օրինաց երկրին», որը գտնում է, թե իր համառ ջանքերի շնորհիվ է միայն, որ այսօր կառավարությունը վերանայել է իր կոշտ դիրքորոշումն ու համաձայնել է գոնե մասնակի փոխհատուցում իրականացնել, Ա. Մարգարյանը նշեց, որ աղքատության կրճատման ռազմավարական ծրագիր մշակելուց առաջ իրենք արդեն ծրագրել էին նման գործընթացի սկիզբ դնել. «Երբ այս ծրագիրը գրում էինք, արդեն այս սցենարը մեր մտքում կար, ուղղակի այդ տողը չէինք գրել, իսկ հիմա արդեն այդ պայմանավորվածությունները կան»,- հայտարարեց Ա. Մարգարյանը: