ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե թյուր կարծիք է այն, որ ՀՀ իշխանությունը վախենում է Հայ Ազգային կոնգրեսից, ինչի համար էլ հանրահավաքների անցկացման համար նրանց չի տրամադրում Ազատության հրապարակը: «Ակամայից գուցե նման տպավորություն է ստեղծվում, թե` տեսեք, Երեւանի քաղաքապետարանը վախենում է ՀԱԿ-ից: Եթե կարճ մտայնությամբ փորձենք վերլուծություն անել, կարող է նաեւ այդպիսի տպավորություն ստեղծվել: Սակայն յուրաքանչյուր կառույց ունի իր լիազորությունները եւ իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է կառավարման իր գործառույթները, եւ տվյալ պարագայում մեղադրել քաղաքապետարանին, որ` այ, թույլ չտվեց… դրա համար, կարծում եմ, քաղաքապետարանն իր որոշումներում ունի հստակ հիմնավորումներ, եւ պետք է հաշվի առնել նաեւ այդ հիմնավորումները»,- ասել է նա` հավելելով, որ եթե սկսենք կասկածի տակ առնել քաղաքապետարանի որոշումները, ապա «կասկածի տակ կարելի է դնել նաեւ ՀԱԿ-ի զուտ հեռանկարային գործողությունները եւ ինչ-որ առումով նաեւ անհասկանալի համարել այն մարտավարությունը, այն քարոզչական ապատեղեկատվական քաղաքականությունը եւ շահարկումների այն ամբողջ ծավալը, որն իրականացվում է այդ քաղաքական ուժի կողմից»: «Ես կարծում եմ ու նաեւ առիթ ունեցել եմ այս հարցին անդրադառնալու, որ եթե քաղաքական ուժն ունի ասելիք եւ ունի համակիրներ, որոնք պարբերաբար անհրաժեշտություն են ունենում հավաքվել եւ հանրահավաք իրականացնել, իսկ հանրահավաք նշանակում է՝ միեւնույն խնդրի, ցանկության ու նպատակի շուրջ ընդհանուր հավաք եւ ներկայացում, ապա նույն խնդիրը շատ մեծ հաջողությամբ կարելի է ներկայացնել ի լուր աշխարհի, ի լուր քաղաքական մյուս գործընկերների եւ ի լուր իշխանության եւ ընդդիմության նաեւ Մատենադարանի հարթակից, եւ բոլորովին պարտադիր չէ, որ այն, ինչ պետք է ասվի Մատենադարանի հարթակից, ասվի մեկ այլ տեղից»,- հավելել է Ա. Զաքարյանը: