«Ադրբեջանը շատ նավթ եւ գազ ունի, սակայն դա անսպառ չէ, եւ Ալիեւը, երբ մենակ է մնում, մտածում է, որ շատ դժվար է ՀՀ-ի հետ անընդհատ թշնամական հարաբերությունների մեջ գտնվելը»,- երեկ Երեւանում հայտարարել է ռուս քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին: Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին, որտեղ նույն նավթի ու գազի գործոնն իր դերն է խաղում, տարածաշրջանային ռազմավարություն մշակելիս Ռուսաստանի առաջնահերթություններին ու տարածաշրջանի մյուս երկրների հետ նրա փոխհարաբերություններին, ապա այս ամենն, ըստ Գանապոլսկիի, զուտ Ռուսաստանի ներքին գործն է. «Ի վերջո, հայերի ի՞նչ գործն է, թե Ռուսաստանն ինչ շահեր ունի: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ Ռուսաստանը բարձրաձայնի Կովկասի հետ կապված իր ռազմավարությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե խոսք է գնում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու մասին, ապա Ռուսաստանի այս «կարգադրությանը Հայաստանը հետեւում է»: «Ռուսաստանի ռազմավարական ցանկությունն է` ներկա գտնվել այս տարածաշրջանում: Սա կարեւոր է, քանի որ ՌԴ-ն այստեղ շահեր ունի, այստեղ պետք է ֆորպոստ լինի, բայց ՌԴ-ի այս ձգտումները որեւէ կերպ չեն խանգարում ՀՀ-ին՝ վարել անկախ քաղաքականություն: Ես որեւէ տեղ չեմ կարդացել, որ Մեդվեդեւը այսպիսի արտահայտություն թույլ տա՝ «մենք արգելում ենք Հայաստանին՝ հաշտվել Ադրբեջանի հետ, չլուծել ԼՂՀ հիմնախնդիրը, Թուրքիայի վրա թքել: Ես չեմ կարդացել այդպիսի բան: Ռուսաստանն իր շահերն ունի, բայց ՌԴ-ն հիմա զբաղված է Լուժկովի դեմ պայքարելով»: