«Լեզվական» անհամաձայնություն ՀՀԿ-ում

02/10/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հանրապետական կուսակցությունում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում` կապված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկությունների հետ:

Այս օրինագծի պատճառով կուսակցությունը կարծես թե երկփեղկվել է: Եվ ՀՀԿ-ում տեղի ունեցող զարգացումների շրջանակներում օրինագծի բուն նպատակը կարծես երկրորդ պլան է մղվում եւ առաջնային է դառնում այն, թե այս կուսակցության ո՞ր խմբի դիրքորոշումն է ընդգրկվելու փոփոխությունների կազմում, կամ` ՀՀԿ-ի ո՞ր խմբին կհաջողվի տեր կանգնել կատարվելիք փոփոխություններին: Նախ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր հայտարարել, թե «Մենք այսօր էլ բանակցում ենք կառավարության հետ, որպեսզի լեզվի մասին օրենքը քննարկումից հանի, ետ կանչի, «Հանրակրթության մասին» օրենքում էլ մեր ներկայացրած գաղափարախոսությունն անպայման լինի»: Իսկ երեկ կառավարության ներկայացուցիչը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է հակադարձել Գ. Սահակյանին, թե ինքը չգիտի` ինչ բանակցությունների մասին է խոսքը: «Որքանով ես եմ տեղյակ` ո՛չ ԱԺ նախագահն է վարչապետի հետ այս խնդիրը քննարկում, ո՛չ էլ խմբակցության ղեկավարն է ինձ հետ քննարկել այն: Խնդրի քննարկման իմաստն էլ չկա, քանի որ ԱԺ լսումների ժամանակ եւ ԱԺ նախագահը ելույթում բարձրաձայնեց, որ խնդիրը քննարկված է նաեւ նախագահի մոտ, եւ կառավարության անունից ես հնչեցրի մեր մոտեցումներն առ այն, որ մենք պատրաստ ենք չանել փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքի մեջ: Ինչպե՞ս կարող է կառավարությունը ՀՀ նախագահի մոտ եղած քննարկումներից հետո դեռեւս բանակցային գործընթացի մեջ լինել: Այս մոտեցումը չի տեղավորվում ոչ քաղաքական հարթության, ոչ էլ կուսակցական գործընթացների տրամաբանության մեջ»,- Գ. Սահակյանին արժանի հակահարված է տվել նրա կուսակից Ա. Աշոտյանը: Այլ կերպ ասած, Ա. Աշոտյանը հստակ հասկացրել է, որ այդ օրինագծի հիմնական մոտեցումներն արդեն նախագահի հետ համաձայնեցվել են, եւ Գ. Սահակյանն ո՞վ է, որ դրանից հետո ինչ-որ բանակցություններ վարի: Ա. Աշոտյանը Գ. Սահակյանի ուղղությամբ շատ որոշակի «քար է նետել»` արդեն զուտ քաղաքական բովանդակությամբ` ասելով, թե նրա մոտեցումները չեն տեղավորվում կուսակցական գործընթացների տրամաբանության մեջ: Սրանով պարոն Աշոտյանը կրկին ցանկացել է ասել, որ իրենց կուսակցության ղեկավարի, նույնն է թե` ՀՀ նախագահի հետ քննարկած-ավարտած հարցը Գ. Սահակյանը չի կարող քննարկել ոչ մեկի, նույնիսկ կառավարության հետ: Այնպես որ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը թող իզուր իրեն կամ ԱԺ որոշ խմբավորումներին չվերագրի այդ օրինագծի հետ կապված նոր մոտեցումները: Իսկ Գ. Սահակյանն էլ բանակցություններ վարելու իր այդ հայտարարությամբ կարծես թե Ս. Սարգսյանի դեմ է դուրս եկել: Ամեն դեպքում այդ երկու հայտարարությունները նման եզրակացության տեղիք են տալիս: Ա. Աշոտյանը երեկ չցանկացավ հավելյալ մեկնաբանություններ տալ: Գ. Սահակյանից փորձեցինք ճշտել, թե այս ի՞նչ տարաձայնություն է առաջացել իր եւ Աշոտյանի միջեւ կամ ՀՀԿ-ի ներսում: «Որեւէ փոթորիկ բարձրացնելու խնդիր չկա: Առաջարկություն է եղել «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունները կատարել «Հանրակրթության մասին» օրենքում: Հիմա այդ փոփոխությունները վերամշակման փուլում են»,- պատասխանեց նա:

Հիշեցնենք, որ այս օրինագծի հետ կապված տարաձայնությունների պատճառով ՀՀԿ-ն երկփեղկված էր ի սկզբանե` դեռեւս գարնանային նստաշրջանում, երբ կառավարությունը նախագիծը ներկայացրեց

ԱԺ-ին: Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ օրինագծի առնչությամբ հանդես էր եկել քննադատական ելույթով: «գԴա ինձնից, մեր թիմից պահանջելու է մեծ ջանքեր: Վարչապետը, Ա. Աշոտյանը, չնայած երկուսն էլ մեր թիմից են, բայց նրանց տեսակետն այլ է»,- հայտարարել էր ԱԺ նախագահը:

ՀՀԿ-ի ներսում այս օրինագծին վերաբերող լուռ հակամարտությունը շարունակվում է նաեւ աշնանային նստաշրջանում: Մի քանի օր առաջ տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ եւս ԱԺ նախագահի կողմից փորձ արվեց այդ փոփոխություններն իրեն վերագրել, եւ կրկին Ա. Աշոտյանը հակադարձեց, բայց համեմատաբար նուրբ կերպով: Այնպես որ, ՀՀԿ-ի ներքին հակամարտությունը թեեւ դեռեւս հրապարակայնորեն չի դրսեւորվում, սակայն արդեն տեղափոխվել է օրենսդրական դաշտ: Եվ հիմա այս օրինագծի հետ կապված բանավեճում կուսակցության` այսպես ասած, խորհրդարանական թեւը փորձում է հակադրվել ՀՀԿ մյուս թեւին: Կամ եթե ոչ հակադրվել, ապա գոնե կարողանալ այդ փոփոխություններն իրենց վերագրել, քանի որ դրանք ներկայացվում են որպես հասարակության դժգոհություններին ընդառաջ գնալու քայլ: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում Գ. Սահակյանը վերահաստատեց այն, որ իրենք բանակցում են կառավարության հետ: Այդ դեպքում ինչպե՞ս են բանակցում կառավարության հետ, որի մասին Ա. Աշոտյանը տեղյակ չէ: Կամ եթե բանակցում են, ինչո՞ւ է դա հերքում ԿԳ նախարարը: «Ես չեմ կարծում, թե Ա. Աշոտյանը սխալ մի պատասխան է տվել, պարզապես պրոցեսի մեջ է: Բանակցություն բառի խնդիրն է: Վերլուծականներ են, համաձայնություններ են, առաջարկությունները լսումներից հետո արդեն կառավարությունում են, եւ համատեղ քննարկում ենք»,- չնահանջեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Ա. Աշոտյանի երեկվա հայտարարությունից հասկանալի է դառնում, որ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրինագծերում առաջարկվող փոփոխությունների նախաձեռնությունը Սերժ Սարգսյանինն է: Բացի այդ, տպավորություն է ստեղծվում, թե խնդիրը կառավարությունից տեղափոխվել է նախագահական նստավայր, եթե, իհարկե, այն երբեւէ կառավարության ծրագիրն է եղել: Եվ ստացվում է, որ այսուհետ որեւէ իշխանական գործիչ այս օրինագծին դեմ արտահայտվելով` ակամա հակադրվելու է Ս. Սարգսյանին: Մի նկատառում եւս. բացի այն, որ Գ. Սահակյանը Հանրապետական կուսակցությունում Հ. Աբրահամյանի թեւի ներկայացուցիչներից է, այս օրինագիծը թեկուզեւ անուղղակիորեն քննադատելու մեկ այլ պատճառ էլ ունի: Դեռեւս անցած տարվա գարնանը, երբ Դաշնակցություն կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից ու նրանց բաժին հասած նախարարությունները մնացին առանց ղեկավարների, լուրեր տարածվեցին, թե ԿԳ նախարար է նշանակվելու Գ. Սահակյանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նման խոսակցությունները շրջանառության մեջ էին դրվել հենց Գ. Սահակյանի շրջապատի կողմից: Իսկ Ա. Աշոտյանի նշանակումից հետո, փաստորեն, Գ. Սահակյանի մոտ չիրականացված ցանկություններ են մնացել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նման ցանկություններ ու իր հարազատ կուսակցությունից դժգոհ լինելու այլ պատճառներ էլ ունի: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի` նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո Գ. Սահակյանին բավական մեծ դժվարությամբ հաջողվեց դառնալ ՀՀԿ խմբակցության ղեկավար: Մինչ այդ էլ իր թիմակիցները եւ կուսակցության նախագահը չպաշտպանեցին, որ իր որդին` Արման Սահակյանը դառնա Աջափնյակի համայնքապետ: Իհարկե, խնդիրն այն չէ, որ կառավարության ներկայացրած օրինագիծն այնքան լավն է, որ ամեն մեկն ուզում է դա իրեն վերագրել, կամ այնքան վատն է, որ նույնիսկ ՀՀԿ-ի ղեկավար պաշտոնյաներն են այն քննադատում: Պարզապես սա ներքին դժգոհություն արտահայտելու առիթ է, եւ այս դեպքում արդեն օրինագծի բուն էությունը մղվում է երկրորդական պլան: