Երեքշաբթի մինչեւ ուշ գիշեր կոալիցիոն կուսակցությունները նիստ էին անցկացնում` որոշելու համար, թե, ի վերջո, ով պետք է լինի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կազմակերպչական աշխատանքները համակարգող շտաբի պետը, բայց այդպես էլ չեն կողմնորոշվել, թեեւ մինչ նիստի սկսվելն իրենք իրենց մեջ պայմանավորվել էին` նիստը չավարտել, քանի դեռ չեն որոշել, թե ով է իրենցից ավելի չվարկաբեկվածն ու հանրության գոնե մեկ տոկոսի վստահությունը վայելողը:
Շտաբի տեղը վաղուց արդեն որոշված է` Գիտությունների ազգային ակադեմիայի շենքն է, քարոզչությունն էլ, ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի, սկսվել է այն պահից, երբ նշանակվեց հանրաքվեի օրը: Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ լուծված է անգամ ֆինանսական խնդիրը, քանի որ պետբյուջեից քարոզչություն իրականացնելու համար շտաբին հատկացվելու է 1,5 միլիարդ դրամ: Սակայն երեկ ԱԺ-ում արդեն խոսակցություններ կային, թե կոալիցիան որոշել է ոչ թե շտաբի պետ ընտրել, այլ` համանախագահներ, ովքեր կներկայացնեն կոալիցիայի երեք կուսակցությունները, որպեսզի հանրաքվեի տապալման դեպքում պատասխանատվություն կրի ոչ թե մեկ կուսակցություն, այլ` բոլորը միասին: Հարցին` ճի՞շտ է, որ կոալիցիան որոշել է չունենալ շտաբի պետ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Նման որոշում, թե շտաբի պետ չի լինելու` չի եղել: Արդեն հայտարարել էինք, որ որոշակի աշխատանքներ կատարելու համար կոալիցիայի կուսակցություններից առանձնացել են համապատասխան մարդիկ, եւ, բնականաբար, առայժմ մեր ներկայացուցիչներով համակարգող խորհուրդ ենք ստեղծել, որոնք կաշխատեն` մինչեւ կորոշենք, թե ով կլինի շտաբի պետը: Առայժմ քննարկում ենք թեկնածուի հարցը, հենց գտնենք` կասենք»: Իսկ այն հիշեցմանը, թե` խոստացել էիք, որ այն պետք է լինի չվարկաբեկված մեկը, Ա. Մարգարյանն այսպես արձագանքեց. «Այդպես էլ նայում ենք»:
Իսկ մինչ իշխանությունները կգտնեն իրենց «այո» շտաբի պետին, երեկ «Արդարություն» դաշինքը, որքան էլ զարմանալի է, բավական օպերատիվ նիստ գումարեց ու որոշեց «ոչ»-ի աշխատանքները համակարգող կառույց ստեղծել: Նիստի ընթացքում նաեւ որոշվել է պատասխանատուի անձը: Ընդդիմության «ոչ» կառույցի պետը դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր «Արդարություն» դաշինքն ու «Ազգային Միաբանությունը» համատեղ հայտարարություն են տարածելու, որով բնակչությանը կոչ են անելու չբոյկոտել հանրաքվեն. «Ասելու են` ոչ թե բոյկոտեք, այլ` գնացեք ու «ոչ» ասեք: Արտաշես Գեղամյանն էլ է ընդունում, որ պետք է գնալ ու «ոչ» ասել»,- ասաց Վ. Դալլաքյանը` ավելացնելով, որ իր ղեկավարած կառույցը լայնածավալ հակաքարոզչություն է ծավալելու եւ պարբերաբար հանդիպելու է ժողովրդի հետ: Մեր հարցին, թե ընդդիմությունն օգտվելո՞ւ է օրենքով հատկացված վճարովի եթերաժամից, թե՞ սահմանափակվելու է զուտ հանդիպումներով, Վ. Դալլաքյանը պատասխանեց. «Իհարկե, օգտվելու ենք: Մենք էլ ենք եթերաժամ առնելու ու քարոզելու ենք, որ ժողովուրդը գնա ու «ոչ» ասի այս սահմանադրությանը»: Իսկ թե ի՞նչ միջոցներով են եթերաժամ գնելու ու հակաքարոզչություն իրականացնելու համար նախատեսվող մյուս ծախսերը հոգալու, առայժմ «Արդարություն» դաշինքը չի մտածել: «Օրենքը թույլ է տալիս հիմնադրամ ստեղծել, որտեղ կարող են քաղաքացիները գումար ներդնել: Մենք կօգտվենք այդ հնարավորությունից ու հիմնադրամ կբացենք»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը` նշելով, թե իրենց դեռեւս հայտնի չէ` կլինե՞ն խոշոր գումարներ ներդրողներ, թե՞ ոչ, բայց վստահ է, որ եթե որեւէ քաղաքացի հիմնադրամի հաշվին գումար չփոխանցի, ապա գոնե դաշինքի անդամ կուսակցություններն ինչ-որ բան կփոխանցեն: «Մենք, իհարկե, նախատեսել ենք ծախսերը, եւ այդ միջոցները կլինեն: Հիմնադրամ կստեղծենք, ու այդ հիմնադրամն իր գործը կանի»,- համոզված է ընդդիմության «ոչ» կառույցի ղեկավարը:
Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանն, ի պատասխան Գալուստ Սահակյանի հայտարարության, թե իրենց շտաբի ֆինանսական խնդիրները լուծվելու են պետբյուջեի հաշվից տրամադրվող 1,5 միլիարդ դրամի հաշվին, ասաց, որ օրենքը նման շռայլություն իրենց չի տալիս, եւ իրենք իրավունք չունեն պետբյուջեի հաշվին իրենց քարոզչության ծախսերը հոգալ: «Օրենքով նման բան նախատեսված չէ: Օրենքում հասկանալի լեզվով գրված է, որ պետբյուջեն այդ գումարները պետք է տա պետական մարմնին, այսինքն` ԿԸՀ-ին: Պետությունը պետք է ապահովի ԿԸՀ-ին, որ նա այդ աշխատանքները կազմակերպի ու հանրաքվեի համար ստեղծված հանձնաժողովի աշխատակիցներին աշխատավարձեր վճարի, գրիչ-թուղթ առնի, հեռուստաեթերաժամ վերցնի կամ մամուլում նյութեր հրապարակի` հասարակությանն իրազեկելու համար, թե ինչպիսի փոփոխություններ են ներկայացվում հանրաքվեի: Պետբյուջեից հատկացված գումարներով չի թույլատրվում «այո» քվեարկելու մասին քարոզչություն ծավալել: Շտաբը, այսինքն` կոալիցիան, ինքն իրենով պետք է փակի իր ծախսերը ու, եթե ցանկանում է 10 ժամ ժողովրդին համոզել, որ գնան ու «այո» ասեն, այդ տասը ժամի համար պետք է վճարի, ինչպես մենք` «ոչ»-ի համար»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը: