Ճգնաժամը «հաղթահարած» բյուջեն

02/10/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին օրերի տնտեսական լրահոսի ամենակարեւոր թեման, իհարկե, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծն է։ Կառավարությունը հաստատեց այն հինգշաբթի օրը։ Նախատեսվող ծախսերի, եկամուտների եւ մյուս ցուցանիշների առումով արդեն եղել են մեկնաբանություններ։ Սակայն մինչ կոնկրետ ցուցանիշներին անցնելը՝ անդրադառնանք կառավարության պաշտոնական լրահոսից վերցված մի շա՜տ հետաքրքիր նախադասության։

«ՀՀ կառավարությունը հավանություն է տվել երկրի 2011թ. պետական բյուջեի նախագծին: Գործադիրն արձանագրել է, որ ս.թ. օգոստոս ամսից դանդաղել է տնտեսական անկման տեմպը, Հայաստանը հաղթահարել է ճգաժամը: Կառավարության ձեռնարկած միջոցներն ուղղվելու են տնտեսության զարգացման կայուն տեմպերի ապահովմանը, ինչը թույլ կտա հնարավոր սեղմ ժամկետում վերադառնալ նախաճգնաժամային տնտեսական բարձր աճին»։

Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Նախ՝ ի՞նչ «տնտեսական անկման տեմպ», եթե այս տարվա սկզբից աճ ենք արձանագրում։ Լավ, ենթադրենք՝ մարդիկ շփոթվել են, պետք է գրեին՝ տնտեսական աճի տեմպ։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ օգոստոսից։ Տնտեսական աճի տեմպը, ինչպես հավաստում է պաշտոնական վիճակագրությունը, անկում է ապրում այս տարվա հունիսից. մայիսին տնտեսական աճը 8.8% էր, հունիսին՝ 6.7%, հուլիսին 4%, օգոստոսին՝ 3.1%։ Լավ, ենթադրենք, դա էլ են շփոթել, եւ օգոստոսի փոխարեն պետք է գրեին՝ «հունիս»։ Այսինքն, նախադասությունը պետք է այսպես ձեւակերպված լիներ. «Գործադիրն արձանագրել է, որ ս.թ. հունիս ամսից դանդաղել է տնտեսական աճի տեմպը»։ Բայց այս դեպքում, այսպիսի տխուր նոտայից հետո չէր հասկացվի հաջորդ ամպագոռգոռ նախադասությունը` Հայաստանը հաղթահարել է ճգաժամը։ Ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսական աճի տեմպի դանդաղելու մասին, ու անմիջապես հետո՝ ճգնաժամի հաղթահարման։ Մի խոսքով, կառավարության պաշտոնական կայքում զետեղված այս նախադասությունը առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում, եթե միայնգ այն չի վերաբերում նախորդ տարվան։ Այո, պետք չէ զարմանալ. եթե նայում ենք նախորդ տարվա ցուցանիշները, ապա տեսնում ենք, որ այս նախադասությունը ամբողջությամբ եւ ճշգրտորեն արտահայտում է պատկերը։

Այսպես, նախորդ տարվա սկզբից տնտեսությունը սկսեց անկում ապրել, որն իր բարձրակետին հասավ հուլիսին։ Հունվար-հուլիս ժամանակահատվածի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ նվազել էր 18.5%-ով։ Օգոստոսին անկման տեմպը կազմեց 18.4%, սեպտեմբերին՝ 18.3%, իսկ տարին փակեցինք 14.2% անկումով։ Այսինքն, իրոք, տնտեսական աճի տեմպը նախորդ տարվա օգոստոսից սկսեց նվազել։ Այս ամենից կարելի է անել միայն մեկ հետեւություն՝ գործ ունենք փնթիության հետ։ Ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոս Իվան Վասիլեւիչը. «….», լրահոսի պատասխանատուները այս նախադասությունը պարզապես copy-paste են արել նախորդ տարվա լրահոսից։ Իսկ այսպիսի ծիծաղելի վրիպակից հետո, անգամ շատ մեծ ցանկության դեպքում, չի ստացվում լուրջ ընդունել «Հայաստանը հաղթահարել է ճգաժամը» պնդումը։

Այն, որ Հայաստանը չի հաղթահարել ճգնաժամը՝ ձեռնտու առիթների (այսինքն՝ վարկ կպցնելու) ժամանակ նշում են հենց կառավարության անդամները։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ ճգնաժամի հաղթահարման պնդումը հերքվում է մի քանի պարբերություն հետո, պաշտոնական լրահոսի նույն բաժնում, որը պատմում է կառավարության արտագնա նիստի մասին։ Այսպես, կարդում ենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին։ Այդ նախագծով պաշտոնյաների աշխատավարձերի նախատեսված բարձրացումը կասեցվում է։ Ծիծաղելին հիմնավորումն է՝ աշխատավարձի բարձրացումը կիրականացվի հետագայում՝ «ճգնաժամի հաղթահարման եւ կայուն տնտեսական զարգացման ապահովման արդյունքում»։

Հիմա մի քանի խոսք՝ ցուցանիշների մասին։ Այս տարվա մայիսին, երբ արձանագրվեց 8.8% տնտեսական աճ, բոլորին համակեց լավատեսությունը, եւ կանխատեսումներն էլ փոխվեցին։ Վարչապետը, օրինակ, հարցազրույցներից մեկում կանխատեսեց, որ տարին կփակենք 6% տնտեսական աճով։ Մինչդեռ այսօր կառավարությունը կարծես ավելի իրատես է դարձել. ընթացիկ տարվա համար կանխատեսվել է 2.7% աճ, իսկ հաջորդ տարվա համար՝ 4.6%։ Ընդ որում, աճ է կանխատեսվել տնտեսության բոլոր ճյուղերում՝ արդյունաբերությունը՝ 4.6%-ով, շինարարությունը՝ 2%-ով, ծառայությունները՝ 3.9%-ով։ Որքան էլ զարմանալի լինի, ամենից բարձր աճ՝ 10%, կանխատեսվել է գյուղատնտեսության ոլորտում, որը մեծապես կախված է եղանակային պայմաններից եւ թերեւս ամենաանկանխատեսելին է։

Ինչ վերաբերում է պետբյուջեի ծախսերին ու եկամուտներին, ապա դրանք 2011թ. ունենալու են այս ծավալները. եկամուտների մասով՝ 850 մլրդ դրամ, ծախսերի մասով՝ 998.6 մլրդ դրամ։ Բյուջեի դեֆիցիտը ծրագրվել է ՀՆԱ-ի 3.9%-ի չափով՝ 148.6 մլրդ:

2011թ. բյուջեի եկամուտներն այս տարվա բյուջետային եկամուտների համեմատ կաճեն 107,7 մլրդ դրամով կամ 14,4%-ով, իսկ փաստացի սպասվող եկամուտների ցուցանիշի համեմատ՝ 78.1 մլրդ-ով կամ 10,1%-ով, ծախսերը՝ շուրջ 63.1 մլրդ-ով կամ 6,7%-ով։

Ինչպես տեսնում եք՝ հարկերն ավելի մեծ չափով են աճելու, քան տնտեսությունը։ Պաշտոնապես դա հիմնավորվում է ստվերի դեմ պայքարով, սակայն փորձը ցույց է տվել, որ արդյունքում պարզապես մեծանում է հարկային ճնշումը գործարարների նկատմամբ։ Կառավարությանը, սակայն, հետաքրքրում է ոչ թե գործարար միջավայրը, այլ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հարաբերության ցուցանիշը՝ 2009թ. փաստացի, 2010թ. սպասողական եւ 2011թ. ծրագրային ցուցանիշներով հաշվարկված, կկազմի համապատասխանաբար 16.8%, 17.1% եւ 17.3%: Այսինքն՝ հաջորդ տարի նախատեսվում է այս ցուցանիշի աճ 0.2 տոկոսային կետով։

Ավելացնենք, որ այս ցուցանիշը մեր իշխանությունների համար այնքան կարեւոր է, որ այս տարվա ապրիլին, երբ տնտեսությունը սկսել էր կենդանության նշաններ ցույց տալ, վարչապետը լուրջ անհանգստություն հայտնեց այս ցուցանիշի վատթարացման վերաբերյալ։ «Մենք 2010 թվականի համար ծրագրավորել ենք, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է ավելանա 0.4 տոկոսով։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3.5 անգամ ավելին է համախառն ներքին արդյունքի աճը, քան մենք պլանավորել էինք տարվա կտրվածքով, բնականաբար, հարկեր-ՀՆԱ ցուցանիշն առաջին եռամսյակում վատացել է նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատած։ Դա նշանակում է, որ հարկման բազան մենք պետք է ճշգրտենք 2010 թվականի համար»,- ապրիլի 22-ին ասում էր վարչապետը՝ ավելացնելով, որ ֆինանսների նախարարին հանձնարարական է տվել՝ վերանայել հարկման բազան։

Փաստորեն, լավ է, որ եղանակը բարենպաստ չեղավ գյուղատնտեսության համար եւ տնտեսական աճի տեմպը գյուղատնտեսության պատճառով անկում ապրեց։ Ոչինչ, որ գյուղմթերքների գները թռիչք ապրեցին։ Կարեւորը՝ ցուցանիշի առումով խայտառակ չեղանք։