Զգուշացեք EMO-ներից

02/10/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Ահազանգ. Էմոները պատանիներին դրդում են ինքնասպանության» վերնագրով հրապարակմանն արձագանքել են ՀՀ քաղաքացիները:

Հիշեցնենք, որ հրապարակումը emo-ական կործանիչ շարժման մասին էր, որը վաղուց արդեն ներթափանցել է հայաստանյան դպրոցներ, մշակութային-կրթական հաստատություններ, հասարակական կյանք: Էմո-շարժման երիտասարդ անդամներին, որոնցից շատերը ժամանակ առ ժամանակ ինքնասպանության փորձ են կատարում, տրվում է «Աստիճանաբար պլանավորեք Ձեր ինքնասպանությունը» պատգամը: Եվ այդ փորձերից շատերը ողբերգական ավարտ են ունենում: Մայրաքաղաքի փողոցներում, գետնանցումներում, որոշ այգիներում այսօր կարելի է տեսնել երիտասարդական նման խմբերի, որոնք հագուկապով, սանրվածքով, շպարով եւ կեցվածքով խիստ տարբերվում են իրենց հասակակիցներից: «Երեխաները նրանց արդեն ճանաչում են, ասում են` մամա, սա էմո ա: Ընդ որում, իրենց ոճը շատ գրավիչ ա դպրոցականների համար, որովհետեւ երեխաները կարծում են, թե այդպես հագնվելը մոդայիկ ու առաջադեմ ա: Մենք ծնողներով հավաքվել եւ ինտերնետով ուսումնասիրել ենք էմոների գաղափարախոսությունը եւ շատ մտահոգված ենք: Դպրոցներում դրանց պատճառով նաեւ շատ ռազբորկաներ են լինում»,- մեզ հետ զրույցում նշել էր ծնողներից մեկը:

Երկու օր առաջ էլեկտրոնային փոստով մի ծնողից նամակ ստացանք (նամակագրի անուն-ազգանունը հասկանալի պատճառներով չենք գրում). «Շնորհակալություն, որ պարբերաբար անդրադառնում եք մեր հասարակության ու առավելեւս մեր երեխաների համար չափազանց վտանգավոր մի իրողության, որը կոչվում է էմոական շարժում: Գրում եմ Ձեզ՝ հասկանալով այն փաստը, որ միայն Դուք եք անդրադառնում այդ խնդրին: Երկու օր անընդմեջ անցնում եմ Սարյան փողոցի «Հայփոստի» շենքի դիմաց գտնվող այգու միջով, եւ այն, ինչ տեսա, մինչեւ հիմա մտքիցս դուրս չի գալիս: Էմոականները հավաքվելով, գիշերները այրում են խոտը եւ քարերից ամբողջ մակերեսով հավաքում են իրենց այսպես ասած` լոգոն եւ դրա շուրջ ինչ-որ արարողություններ են կատարում: Եթե առաջ կարողանում էինք հանգիստ զբոսնել այդ այգում թե՛ ցերեկվա ժամերին, թե՛ երեկոյան, ապա հիմա դարձել է անհնար ու վտանգավոր: Չգիտես՝ կհասնե՞ս տուն, թե՞ ոչ: Անձամբ ծանոթ եմ մի քանի ընտանիքների հետ, ովքեր առնչվել են այդ խնդրի հետ եւ մինչեւ այժմ տառապում են, քանի որ երեխաները լինելով շարժման մեջ` ինքնասպան են եղել: Հուսանք, որ գոնե Եկեղեցին կամ Կառավարությունը ինչ-որ միջոցներ կձեռնարկեն, եւ գոնե մեր հասարակության մեջ մի քանի ընտանիք չի դասվի դժբախտների շարքում: Խնդրում եմ, այցելեք այդ այգի, լուսանկարե՛ք, տեղադրե՛ք Ձեր կայքում: Խնդրում եմ, ինչքան հնարավոր է շատ լուսաբանեք այդ շարժման մասին»:

Երեկ մենք այցելեցինք Սարյան փողոցի «Հայփոստի» հարեւանությամբ գտնվող այգի եւ ականատես եղանք այն երեւույթին, ինչը նկարագրել էր նամակագիրը: Ամբողջ այգու պատերը նկարազարդված էին emo-ական խմբերին հատուկ սիմվոլներով եւ պատկերներով: Հատկապես գերակշռում էր սեւ կամ կարմիր գույնի ներկերով պատերին «անփույթ» նկարած պատանիների լալկան դեմքերը, գանգերը, որոնց վրա նաեւ խաչ էր քաշված: Ինչպես արդեն նշել էինք` նրանց փիլիսոփայության մեջ ինքնավնասումն ու ինքնասպանությունը` իրենց փիլիսոփայությանը հավատարմության նշան է, եւ նրանցից յուրաքանչյուրը պետք է պլանավորի ինքնասպանության իր ծրագիրը: Նկարների եւ գրառումների մեջ գաղտնաբառերի նշանակությունը մենք փորձեցինք գտնել ինտերնետային կայքէջերից: Էմոական շարժման մասին պատմող կայքերում այդ սիմվոլների առկայությունը բացատրվում է ինքնասպանությամբ: Որպես կանոն` դրանց վրա գրվում է` «End», այսինքն` վերջ: Շատ են նաեւ անգլերենով գրված հետեւյալ կոչերը` «Կորչի կյանքը, կորչի թագավորությունը, իշխանությունը, գիրքը» եւ այլն: Այս ամենը գրվում է նրանց կողմից ամենաշատն օգտագործվող հայհոյանքի բառերով: Մենք նաեւ նշել էինք, որ համաձայն էմո փիլիսոփայության եւ էմո «սուրբ գրքի» պատգամների` նրանց կողմից ամենահաճախ գործածվող բառը պետք է լինի` «fuck»-ը: Նշյալ այգու պարսպապատ տարածքի ամենաանհավանական անկյուններում, աստիճանների վրա, չշահագործվող շատրվանների տարբեր հատվածներում գրված էր ճիշտ նույն այդ բառը` տարբեր վերտառությամբ: Ամենասարսափելին, թերեւս, նամակագրի նկարագրած` էմո-ների խմբակային արարողության հետեւանքն էր: Այգու կիսաբետոնապատ հատվածում իսկապես նրանք այրել էին ողջ կանաչ գոտին եւ քարերից ինչ-որ խորհրդանիշ էին պատկերել: Մենք նաեւ նկատեցինք, որ այրված հատվածում թռչունի խանձված ոտք էր ընկած, որը ավելի շատ նման էր հավի կամ աքլորի ոտքի: Այգու այրված այդ հատվածը մի բան էր վկայում` նրանք հատուկ ծիսակարգեր են իրականացնում եւ դա անում են քաղաքի ամենաբանուկ հատվածում, մարդաշատ այգում: Այգու նկարազարդումները լուսանկարելով` մենք նաեւ նկատեցինք, որ դրանք շարունակվում են մինչեւ անգամ դեպի Մանկական երկաթուղի եւ Հրազդանի կիրճ տանող թունել: Թե երեկոյան ժամերին ինչ է կատարվում այս թունելի երկայնքով մեկ՝ ընդհուպ մինչեւ անգամ Հրազդանի կիրճում, հավանաբար ճիշտ կլինի, որ պարզի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը: Թունելի պատերին կարմիր ներկերով եւ գաղտնաբառերով ազդարարվում է վերջի եւ մահվան մասին: Բոլոր գրառումներում հայհոյական խոսքեր են գրվում կյանքի, ապրելու, մինչեւ անգամ հարազատների, կոնկրետ անուններով մարդկանց հասցեին: «Emo-End»` ամենաշատ հանդիպող գրաֆիտիներն են: Մենք նաեւ զրուցեցինք թունելի հարակից տարածքում գտնվող ռեստորանի հսկիչի հետ. «Ես Ձեզ ի՞նչ պատմեմ, պատմելու չի: Մի օր եկե՛ք, ինձ հետ էստեղ մնացեք ու տեսեք, թե ինչ ա կատարվում: Հիմնականում ջահել երեխեք են: Գալիս այ սենց նախշում են պատերը, հետո խմբերով թունելի մյուս ծայր են գնում: Ես չեմ հասկանում` ի՞նչ են գրում, բայց երեւիգ Ես չգիտեմ` էնտեղ` Հրազդանի կիրճում, ինչ ա կատարվում, բայց դրանք լացելով հետ են գալիս: Իմ հսկողությունը թունելի սկզբնամասում ա, բայց թե մյուս ծայրում ի՞նչ ա կատարվում` չեմ կարա ասեմ»:

Ինչեւէ, այն, ինչին ականատես եղանք, հավանաբար չենք կարող վերլուծել դրանց իմաստն ու բովանդակությունը, քանի որ գրաֆիտրների եւ խզբզոցների մեջ գերակշռում էին գաղտնաբառերը: Սակայն փաստն այն է, որ այս երեւույթը խորհրդավոր, վտանգավոր շարժում է: Պատերի վրա առկա էին նաեւ սատանայապաշտական սիմվոլներ, ինչը, թերեւս, էմոական շարժման բաղադրիչներից է, քանի որ ինքնասպանության, զոհի մատուցման հակում ունեն նաեւ վերջիններս: Զարմանալին այն է, որ էմոական շարժման հետեւորդների ծիսական արարողության քարաշեն սիմվոլը անհնար է չնկատել, սակայն անցորդների մտքով անգամ չի անցնում, թե այդ տարածքում էմոներն ինչպես են ծեսերի միջոցով քննարկում իրենց ինքնասպանության ծրագիրը եւ անիծում կյանքը, ընտանիքին, ծնողներին եւ իրենք իրենց: Ի դեպ, Ինտերնետային ցանցում արդեն հայկական էմո բլոգներ եւ ֆորումներ կան, որտեղ բաց տեքստերով պրոպագանդվում է այդ շարժումը: Օրինակ` բլոգներից մեկում գրված է հետեւյալը` «Ամենալավ ընկերուհիներիցս մեկը էմոական բաներ ունի, նկարչություն ա պարապում, էս վերջերս դասի ժամանակ մատիտը սրելու դանակով ձեռքի վրա ճղեց «Tokio Hoteli» նշանը: Ասում ա` նայի ինչ սիրուն ագ Մի բան ասեք` ո՞նց բուժեմ իրեն, տաղանդավոր աղջիկ ա: Համ էլ ես իրան սիրում եմ, հոգեբուժարան չեմ տանի»: Մեկ այլ նամակագիր էլ ֆորումում գրում է` «Ես գիտեմ, որ գոթերը (էմոական շարժման տեսակներից է) շատ շուտ-շուտ գնում են գերեզմաններ ու ահագին մնում են էնտեղ, որպեսզի ապացուցեն, որ մահվանից չեն վախենում: Հետաքրքիր ա՝ էմոներն էլ ե՞ն նույնն անում»: