Չի ընդունում քննադատությունները

02/10/2010

Եվրախորհրդի ժողովրդավարական կառույցների տնօրինության ղեկավար Չիլդերիկ Շափֆելդը պարզաբանումներ է տվել ԵԽ հովանու ներքո Հայաստանում անցկացվելիք համաժողովի շուրջ հնչած դժգոհությունների առթիվ: Հիշեցնենք, որ հայաստանյան որոշ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններ դժգոհություն ու հիասթափություն էին հայտնել Երեւանում հոկտեմբերի 19-20-ը ԵԽ հովանու ներքո անցկացվելիք «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովի մասնակիցների թվում չընդգրկվելու առթիվ: «Սա եվրոպական համաժողով է, տեղերը, ցավոք, սահմանափակ են, քանի որ մենք ձգտում ենք ապահովել համաեվրոպական մասնակցություն: Ֆորումի 250 մասնակիցների մեկ քառորդը` մոտ 60-ը, լինելու են ԵԽ անդամ երկրներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ Հայաստանից ֆորումին մասնակցելու են 16 հասարակական կազմակերպություններ, ինչը, մեր կարծիքով, ապահովում է Հայաստանի բավական լուրջ եւ ներկայացուցչական մասնակցությունը այս ֆորումում,- «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պարզաբանել է ԵԽ ժողովրդավարական կառույցների տնօրինության ղեկավարը` հավելելով,- Ընտրության չափանիշները մեր կողմից վաղուց են մշակված եւ շատ թափանցիկ են: Մեզ համար կարեւոր է հնարավորինս լայն թեմատիկ ընդգրկումը, ինչպես նաեւ՝ աշխարհագրական ընդգրկումը: Այլ կերպ ասած, ձգտել ենք, որ ներկայացված լինեն ոչ միայն մայրաքաղաքում գործող կազմակերպությունները»: Չիլդերիկ Շափֆելդը նաեւ ընդգծել է. «Հայաստանի իշխանությունները սիրով համաձայնել են հյուրընկալել համաժողովը, սակայն ներգրավված չեն եղել մասնակիցների ընտրությանը: Որոշումը կայացվել է բացառապես Ստրասբուրգում»: Համաժողովին չհրավիրվելու առթիվ դժգոհություն հնչեցրած կազմակերպություններից մեկի` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը օրերս հայտարարել էր, թե այդպիսով ԵԽ-ն ցույց է տալիս, որ «քաղաքական նպատակահարմարությունը շատ ավելի է կարեւորում, քան ժողովրդավարական արժեքները»: Այս կապակցությամբ Եվրախորհրդի ժողովրդավարական կառույցների տնօրինության ղեկավարն ասել է. «Ցավալի է, որ ֆորումը, որը կոչված է քննարկել Եվրոպայում ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները եւ այդ գործում Եվրախորհրդի դերը, արժանանում է նման մեկնաբանության»: