«Մնում է օդը խլեն»,- ասում են սահմանամերձ գյուղի բնակիչները

02/10/2010

Տավուշի մարզի Կիրանց գյուղը սահմանակից է Ադրբեջանին: Հայաստանյան բոլոր գյուղերի պես այստեղ եւս երանությամբ են հիշում խորհրդային ժամանակները: Նախկինում գյուղը, ըստ գյուղացիների, հայտնի էր ծխախոտագործությամբ: Մինչդեռ այսօր գյուղում ծխախոտագործությամբ զբաղվում է ընդամենը 3 ընտանիք: «Սովխոզ-կոլխոզի ժամանակ ծխախոտագործությունն ուրիշ էր: Հիմա ամեն մարդ իր համար ծխախոտ ա մշակում»,- ասում է Հասմիկ տատը, ով Կիրանցի հին ծխախոտագործներից է: 35 տարի է՝ տատը զբաղվում է ծխախոտի մշակմամբ եւ գիտի ծխախոտ աճեցնելու գաղտնիքները: Ասում է՝ ծխախոտ աճեցնելը բարդ չէ, բայց աշխատատար է: «Ցանքսերը սկսում ենք մարտից: Ես կես հեկտար հող ունեմ: Մենակ չես կարա մշակես էդքանը: Պիտի բանվոր ունենաս: Հա, էդ կես հեկտարն իմ ընտանիքով կարանք թոխատ անենք, բայց քաղելու ժամանակ չենք կարա: Դա էլ լրիվ ծախսերի հետ է կապված՝ մեքենա, բանվորգ»,- շարունակում է Հասմիկ տատը: Ասում է՝ ծախսերը շատ են, ստացած եկամուտն էլ` քիչ: «Կիլոն 80 դրամով հանձնում ենք: Մեր ընդհանուր եկամուտը 1500-2000 դոլար ա՝ չհաշված բանվորի, մեքենայի եւ այլ ծախսերը: Բայց էդ 2000 դոլարով մենք պիտի ապրենք 8 ամիս: Դե էդքան էլ եկամտաբեր չի, բայց դե ուրիշ գործ էլ չկա»,- նկատում է կիրանցեցի տատը: «Գյուղացին ամբողջ ամառ չարչարվում ա, հետո սաղ տարին պարտքով ապրում: Մեկը` թոշակով, մյուսը` «Փարոսով»,- ասում է նա: «40 տարի ա՝ զբաղվել եմ ծխախոտագործությամբ: Հիմա չեմ մշակում: Ապրուստը շատ ա դժվարացել: Հնարավոր չի, որ էսօր բոլորը ծխախոտագործությամբ զբաղվեն: Դրա համար էլ անհատական ա դարձել»,- իր հերթին նշում է Նինա տատը: «Երեւանից մասնագետներ են գալիս, պայմանագրերը կապում, սերմացուները տալիս, մենք էլ մշակում ենք: Նրանք, ովքեր մշակում են, օգուտ են անում, բայց էսօր ամեն մեկը չունի էդ միջոցները: Ժողովուրդը խեղճ ա ապրում»,- ասում են գյուղի կանայք: Բացի ծխախոտագործությունից` գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, որը եւս կապված է միջոցների հետ: Օրինակ, 1 խոզ պահելու համար ամսական նվազագույնը 50կգ, այսինքն՝ 1 պարկ գարի է սպառվում՝ չհաշված տնից գոյացած սննդի մնացորդները: «1 խոզից միջինը ստանում ենք 60-70 կգ միս: Ուղղակի էսօր, իսկապես, դժվար է անասուն պահելը: Բա որ կեր չի լինում: Էդ ժամանակ գիտե՞ք ինչ ենք անում՝ խոզերից մեկը մորթում ենք, որ մյուսներին կեր լինի: Հո սոված չե՞ն մնալու»,- ասում են գյուղացիները` դժգոհելով գյուղի այսօրվա կյանքից: Ասում են՝ երեխաների համար գյուղը ապագա չէ: «Գյուղի միակ օգուտը գիտե՞ք որն ա՝ էն, որ ամեն ինչն արդար ա, մաքուր»,- ասում են կիրանցեցիները: Նրանց ասելով` մեծ հակասություն կա գյուղացու եւ իշխանությունների միջեւ. գյուղացին այլեւս սպասելիք չունի իշխանություններից, բայց իշխանությունները սպասելիքներ ունեն գյուղի անտառից: «Մենք անուններ չենք նշի, բայց անտառից մեծ մեքենաներով փայտ են տանում, որի մնացորդները մնում են գյուղացիներին: Իսկ էսօր գյուղացին առանց էդ փայտի չի կարա ապրի: Գյուղում գազ չկա»,- ասում են կիրանցեցիները՝ բոլոր լրատվամիջոցներին առաջարկելով մի առավոտ գնալ Կիրանցի անտառ: «Էդ ժամանակ էնքան բան պարզ կդառնա: Ու կիմանաք նաեւ, թե ովքեր են տանում փայտը: Բարդ չի, չէ՞: Պարսկաստանում անտառահատումն արգելված է, եւ պարսիկները գալիս են էստեղից են փայտ տանում»,- շարունակում են նրանք: «Երբ գյուղի միջազգային ճանապարհը սարքում էին, մեր այգու դիմաց դրեցին ասֆալտ զավոդը: Չգիտենք՝ ով էր թույլ տվել: Էդ ժամանակ մենք մի հատ բերք չհավաքեցինք: Մազութը նստել էր ծառերին ու չորացել: Պետք է մտածել էկոլոգիայի մասին: Գոնե գյուղի մաքուր օդը թողնեն մեզ»,- ասում էին գյուղի բնակիչները: