«Թմրամոլությունը Հայաստանում երիտասարդանում է»,- ասում է «Հոգեկան բժշկական կենտրոն» ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի մեթոդական բաժնի վարիչ Սեդա Ջամալյանը: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 1740 թմրամոլ: Այս ցուցանիշը 50 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը` 1141-ը: Իսկ Հայաստանի նարկոլոգիական կենտրոնի տնօրեն, ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանի փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կա 30.000 թմրամոլ, ընդ որում` 5-7 հազարը ներերակային ճանապարհով օգտագործում են ծանր թմրամիջոցներ: Աճել է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ առգրավման դեպքերի թիվը: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2009թ. 6 ամսվա ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 535 դեպք, առգրավել են 21կգ 693 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 850 հատ թմրադեղ եւ հոգեմետ հաբեր: 2008թ. նույն ժամակահատվածում հայտնաբերվել էր 4 կգ 415 գրամի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ 191 հատ թմրադեղ: Ընդհանուր հաշվարկով՝ աճը, այսպես ասած` 17կգ 277 գրամ եւ 659 դեղահաբով էր: Իսկ Թմրաբիզնեսի դեմ պայքարի 4-րդ վարչության տվյալներով՝ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության ենթարկվել է 329 անձ, որոնցից 3-ը եղել է անչափահաս, 16-ը՝ 18-24 տարեկան: Հետաքրքրական է նաեւ այն, որ վերջին տարիներին նաեւ կին թմրամոլներ են ի հայտ եկել: Հայաստանում թմրամիջոց օգտագործողների տարիքային հիմնական խումբը համարվում է 25-40-ը: «Թմրամիջոցների հետ առաջին ծանոթությունը հիմնականում լինում է դեռահասության շրջանում՝ 14-15 տարեկանում: Ոմանք ուղղակի օգտագործում են հետաքրքրությունից դրդված, ոմանք անպայման ուզում են, որ մյուսներն էլ օգտագործեն, եւ «հյուրասիրում են», իսկ ոմանք էլ օգտագործում են իրենց տղամարդկայնությունը ցույց տալու համար: Շատերը սկսում են, բայց բոլորը չէ, որ շարունակում են օգտագործել: Ոմանց մոտ այն կարող է առաջացնել ռեակցիա, մյուսների մոտ՝ կախվածություն»,- նշում է Սեդա Ջամալյանը, ում հավաստմամբ՝ Հայաստանում մեծ տարածում ունի սեդալգինի եւ բենզինի լուծույթը: Սա, ի տարբերություն թմրամիջոցների, շատ էժան է՝ դեղատներում սեդալգինն արժե ընդամենը 200 դրամ: Ի դեպ, սեդալգինը՝ որպես դեղամիջոց, օգտագործվում է գլխացավերի դեպքում, սակայն սեդալգինով խառնուրդը նույն հետեւանքն ունի, ինչ թմրամիջոցների դեպքում՝ առաջացնում է կախվածություն: «Գյումրիում երիտասարդների մեծ մասն օգտագործում է սեդալգին»,- նկատում է զրուցակիցս: «Հայաստանում հիմնական բավարարվածությունը ստանում են սեդալգինով պատրաստած լուծույթից: Կոակսիլն ավելի թանկ պրեպարատ է, որը եւս տարածում ունի հասարակության մեջ: Ռուսական ամսագրերից մեկում այս մասին գրված էր, որ այն օգտագործում են ուսանողները, ովքեր մեծամասամբ օգտվում են համակարգչից: Տվյալ դեպքում՝ վատ տեսողությամբ մարդու մոտ այն կարող է կուրության հանգեցնել: Ռուսաստանում այն արդեն համարվում է հոգեմետ դեղորայք եւ վերահսկողության տակ է»,- նկատում է նարկոլոգիական կլինիկայի աշխատակիցը: Մինչդեռ այս իմաստով մեզ մոտ դեռեւս վերահսկողությունը, մեղմ ասած, թույլ է: Այսօր նարկոլոգիական կլինիկայում բուժվողների թիվն ընդամենը 52 է, որից 13-ը բուժվում են թմրամիջոցներից կախվածության դեմ, իսկ մնացյալը՝ ալկոհոլիզմի: Ընդ որում, հիմա լայնորեն օգտագործվում է մետադոնային փոխարինող թերապիան, երբ թմրանյութը փոխարինվում է մեկ այլ թմրանյութով: Իսկ մեր երկրում թմրամոլության ախտորոշմամբ հաշվառվածների թիվը հասնում է 488-ի, իսկ թմրամիջոց գործածողներինը՝ 617-ի: «Միշտ ասում են, որ թմրամոլության տարածման պատճառը սոցիալական վատ վիճակն է: Դա եւս հնարավոր պատճառ է, բայց այն ավելի շատ համարվում է սոցիալական հիվանդություն: Հիմա հարուստներն էլ են օգտագործում, ու նրանց թվում է, թե դա իրենց հաճույքներից մեկն է, իհարկե, եթե դա կարելի է համարել հաճույք: Այնպես որ, այսօր ով շատ փող ունի, նա եւս օգտագործում է թմրանյութ»,- շարունակում է Հայաստանի նարկոլոգիական կլինիկայի մեթոդական բաժնի վարիչը, ում կարծիքով՝ հարուստներն օգտագործում են թանկ թմրամիջոցներ, կարիքավորները՝ էժան, բայցեւայնպես, երկու «բեւեռներում» էլ առաջանում է նույն կախվածությունը: «Հարուստը չի գնի սեդալգին, նա կգնի հերոին կամ կոկաին, որոնք ավելի թանկ են»,- նշում է Ս. Ջամալյանը: Հայաստանի «սեւ» շուկայում թմրամիջոցների գները սկսում են 5 դոլարից. ափիոնի 1 գրամն արժե 60-80 դոլար, կակաչի ծղոտի 1 գրամը՝ 80 դոլար, մարիխուանան՝ 5-8 դոլար, հաշիշը՝ 40-50 դոլար, մորֆինը՝ 10-15 դոլար, հերոինը՝ 150-200դոլար, իսկ սուբուտեքսի 1 հաբը 130-150 դոլար է: Մեր երկրում մեծ տարածում ունի (շուրջ 95 տոկոս) կանաբիս (մարիխուանա) տեսակի թմրամիջոցը, որն այլ կերպ անվանում են նաեւ պլան, իսկ ավելի քան 3000 մարդ տառապում է ներերակային ճանապարհով օգտագործվող թմրամիջոցներից կախվածությամբ: Ընդ որում՝ ՀՀ-ում հիմնականում օգտագործում են տեղական հումքից, մասնավորապես, կանեփից պատրաստած թմրանյութ (էլիտար հերոինը, էքստազին, կոկաինը), ինչպես նաեւ՝ ափիոնային թմրամիջոցները, որոնք թմրամոլներն անվանում են «չեռնյաշկա»: Թմրամոլության տարածմանը նպաստում է նաեւ տեղեկատվական բաց դաշտը, մասնավորապես՝ ինտերնետը, որտեղից ազատորեն կարելի է ստանալ թմրամիջոցային լուծույթներ պատրաստելու «բաղադրատոմսեր», եւ անգամ սովորել դրանց կիրառելու ձեւերը: «Իսկ այսօր ինտերնետից օգտվում են անչափահասները, որոնք տարիքային այդ փուլում շատ հետաքրքրասեր են դառնում նման երեւույթների նկատմամբ»,- ասում է զրուցակիցս՝ խորհուրդ տալով բոլոր ծնողներին զգույշ լինել երեխաների նկատմամբ, ովքեր ամեն օր ռիսկային գոտի «մուտք» գործելու վտանգի առջեւ են: