«Ոսկե ծիրան» կինոփառատոնը նոր պատվավոր նախագահ ունի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, ով համակարգում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աշխատանքները, դարձել է կինոփառատոնի պատվավոր նախագահը: «Մենք շատ ուրախ ենք մեր համագործակցության համար: Լեւոն Սարգսյանը պատրաստ է մտնել մեր հոգսի, մեր ծանրության տակ»,- այդ կապակցությամբ ասել է «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը: Լ. Սարգսյանն իր հերթին նկատել է, որ իր այդ նոր նշանակումը շատ պարտավորեցնող է, քանի որ «Ոսկե ծիրանը» ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլ դիվանագիտական լուրջ աշխատանք է: «Ես պատրաստ եմ նպաստել այդ աշխատանքին»,- ասել է նա: Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 103 երկրներ միավորող FICTS` Կինոյի, հեռուստատեսության եւ սպորտի դաշնության կողմից սահմանված գլխավոր մրցանակի է արժանացել: Մրցանակը, որն իրենից «պատվո սկուտեղ» է ներկայացնում, կհանձնվի Իտալիայի Միլան քաղաքում: