Հոկտեմբերի առաջին օրերին Երեւանում մշակութային մի շարք իրադարձություններ կկազմակերպվեն, որոնց գործող անձը կդառնա գիրքը:
«Դարձ առ գիրք» ծրագրի շրջանակներում երեւանցիները հնարավորություն կստանան այցելել գրախանութներ ու բացօթյա տոնավաճառներ` ոչ միայն նոր գրքերի հետ ծանոթանալու, այլեւ գրքերի հեղինակների հետ շփվելու համար: Հեղինակները պատրաստ են զրուցել հասարակության հետ ու իրենց գրքերի վրա ինքնագրեր դրոշմել: Այդ քայլի նպատակը արդի գրողներին ներկայացնելն ու գրքի մասսայականացումը խթանելն է: Որոշ գրքերի շնորհանդեսներ տեղի կունենան նաեւ երեւանյան բացօթյա սրճարաններում, որտեղ, ինչպես հայտնի է` սիրում են հավաքվել մշակույթ ստեղծող ու ներկայացնող մարդիկ:
Գիրք գնելու ազնիվ սովորույթը (կարդալու նպատակով) պայմանավորված է երկու գործոնով` գրքի ու ընթերցողի առկայությամբ: Եվ միգուցե «Դարձ առ գիրք» ծրագիրն էլ կօգնի գրքին ու ընթերցողին հանդիպել իրար: ՀՀ Մշակույթի նախարարությունը աջակցելով այս ծրագրին` հանդիպման իմաստը ավելի լայն է ձեւակերպել` այն հռչակելով «Հայկական գրատպության 500-ամյակին ընդառաջ` գրքարվեստի առաջին միջազգային փառատոն»:
Այդ ծանրակշիռ անվանումն իր վավերացումը կստանա կինոդիտումների, նկարազարդումների ցուցահանդեսների, ընթերցանության ժամերի, սեմինարների ու կլոր սեղանների տեսքով: Կկազմակերպվեն նաեւ թատերականացված շոուներ: Համենայնդեպս գիրքը կարող է դառնալ մի տարածք, որը միավորում է հաճելին ու օգտակարը: Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանը, «Արտբրիջ» գրատուն-սրճարանը, «Անտարես» հոլդինգն ու Հայաստանի հրատարակիչների ասոցիացիան` մասնակցելով այս փառատոնին, իրենց սեփական լոկալ նախաձեռնություններով հանդես կգան: Իսկ գրքարվեստի փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր Խնկո-Ապոր գրադարանում:
Տպագիր գիրք ձեռք բերելը ժամանակին ինտելիգենտության նշան էր համարվում, իրենց հարգող մարդիկ գրքերի հատորներով զարդարում էին գրապահարանները: Եթե գրապահարան կա, ուրեմն գիրք էլ պիտի լինի: Մեր օրերում գիրքը դադարել է կահույքի դեր կատարել եւ հիմնականում ընկալվում է որպես նվեր: Այսինքն, այսօր մեզանում գիրքը հիմնականում մարդկանց տանն է հայտնվում, երբ այն նվիրում են: Գիրք գնելը խիստ անհատական զբաղմունք է, ոչ ոք չի կարող ստիպել քեզ գրքարվեստի փառատոնի նմուշները գնել, սակայն կարող է հուշել, թե ինչ նոր ու լավ գիրք կա աշխարհում: Իսկ մնացածը կանես արդեն ինքդ` կամ կգնես գիրքը, կամ չես գնի:
Ուշագրավ է, որ գրքարվեստի փառատոնի միջոցառումների շարքում կա նաեւ այսպիսի մի ծրագիր՝ «Փոքրերը հեքիաթ են պատմում մեծերին»: Եթե երեխաներին թողնեն ընթերցվող հեքիաթի ընտրությունը ինքնուրույն կատարել ու նշեն, թե հատկապես ո՞ր լսարանի համար է պետք հեքիաթ պատմել (ասենք` իրենց դպրոցական ուսուցիչներին կամ ԿԳՆ նախարարին), ապա այդ շարքը կարող էր այս փառատոնի «մեխը» դառնալ: Ավելին, հետագայում կարող էր վերածվել ուրախ ու օգտակար շոուի: Սակայն, թերեւս գրքարվեստի փառատոնի մասնակից երեխաներին խորհուրդ կտան հերթական անգամ Թումանյանի հեքիաթները կարդալ ու Ազատության հրապարակում կավճանկարների զվարթ մրցույթի մասնիկ դառնալ: Ապագա ընթերցողները (հետագայում՝ նաեւ գրքի գնորդները) օրինակ են վերցնում մեծերից:
Ի դեպ` վիճակագրության համաձայն` հայրենական գրախանութներից հիմնականում գնվում են դասագրքերը, հեքիաթները եւ ՀՀ «Օրենսգիրքը»: Քանի դեռ երեխա են` հեքիաթների ու դպրոցական ձեռնարկների կարիքն ունեն, իսկ հետո, մեծանալով` ծանոթանում են օրենքներին: Ու թեեւ «Դարձ առ գիրք». գրքարվեստի փառատոն» անվանումը շատ հավակնոտ ու անպատեհ է հնչում, սակայն շարքային երեւանցիների համար առավել կարեւոր է` վերամբարձ այդ շղարշի տակից գրքի ու գրողների հետ հանդիպելու հարթակները տեսնել: