Պահանջատեր լինելու պահանջի մասին
Թուրքիայի Մալաթիա քաղաքում այս տարվա աշնանը (նոյեմբերի 16-դեկտեմբերի 2) միջազգային կինոփառատոն է տեղի ունենալու: Այդ նորաստեղծ փառատոնի տարածած հաղորդագրությունից պարզվում է, որ գլխավոր մրցանակը «Ոսկե ծիրան» են կոչել: Այդ լուրը զարմանք ու շփոթություն է առաջացրել Հայաստանում, որտեղ, ինչպես հայտնի է, արդեն 8-րդ անգամ նույն անվանումը կրող միջազգային կինոփառատոն է կազմակերպվում:
Հայաստանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ իրենք այդ լուրը ստանալուն պես կապվել են Մալաթիայի փառատոնի կազմակերպիչների հետ ու պարզաբանումներ պահանջել: «Մրցանակների անվանումները հեղինակային իրավունքների պաշտպանությամբ չեն ամրագրվում (օրինակ, աշխարհում «Ոսկե արծիվ» անունով 4 մրցանակներ կան), սակայն մենք պնդեցինք, որ հարցը ոչ թե իրավական, այլ բարոյական խնդիրներ է առաջացնում»,- ասաց նա ու հավելեց, որ հայկական կողմը թուրքերին առաջարկել է քննարկել, թե որքանո՞վ է նպատակահարմար արդեն իսկ գոյություն ունեցող կինոբրենդից օգտվել: «Թուրքերը հասկացան, որ պետք է սեփական մրցանակը ստեղծել եւ անվանափոխեցին «Ոսկե ծիրանը»` այն դարձնելով «Բյուրեղապակե ծիրան»:
«Ծիրան» բառից հրաժարվել թուրքերը չէին կարող, քանի որ այդ փառատոնի հիմնական նպատակներից մեկը առեւտրի խթանն է: Ինչպես հայտնի է` Մալաթիան ծիրանի եւ ծիրանի չրի ամենախոշոր արտահանողն է համարվում աշխարհում: Եվ փառատոնի հիմնադրումն էլ առեւտրային նպատակներ է հետապնդել: «Կինոփառատոնը պետք է, ծիրանի ու ծիրանի չիր արտադրող բորսան գովազդելու համար է»,- նշեց Մ. Ստամբոլցյանը: Թուրքերը հպարտությամբ են ընդգծում, որ Մալաթիան աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը 6000 տարվա պատմություն ունի ու կարող է մշակութային խոշոր կենտրոն դառնալ:
Շատ հաճախ մեր երկու պետությունների միջեւ առկա լարումը ոչ միայն տեղեկատվական, այլեւ իմիջային պայքարի ձեւ է ստանում: Մի քանի տարի առաջ, երբ ստեղծվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, թուրքական մամուլը գրեց, որ հայերն այդ քայլով վերջնականապես «սեփականաշնորհեցին» ծիրանը: Այժմ այդ պայքարը շարունակվում է: Եվ միայն առաջին հայացքից է «բրենդային» պայքարը փոքրիկ մի մանրուք թվում, իրականում լուրջ հակամարտություն է ծավալվել, որտեղ հայկական կողմը չի հանդգնում պահանջատերի կեցվածք ստանձնել:
Վերջերս Ստամբուլում մենք առիթ ունեցանք հանդիպել «Անադոլու կուլտուր» թուրքական հասարակական կազմակերպության նախագահ Օսման Կավալայի հետ, ով, արդեն մի քանի տարի է, ինչ «Ոսկե ծիրանի» հետ համատեղ կինոծրագրեր է իրականացնում: Օրինակ, այդ կազմակերպության շնորհիվ 2008թ. Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Կինոն եւ պատմությունը» թեմայով սեմինար կազմակերպվեց, որի նպատակն էր թուրքերի եւ հայերի համատեղ դիտումների ու քննարկումների շնորհիվ պարզել, թե ինչպես է կինոն մեկնաբանում պատմությունը: Խոսելով Մալաթիայի «Ոսկե ծիրանի» մասին, Օսման Կավալան նկատեց. «Մալաթիան ծիրանի հայրենիքն է, եւ թուրքական փառատոնին չի հետաքրքրում, որ ծիրանը հայկական միրգ է: Նրանք ասում են` Մալաթիայում հիմա հայեր չկան, սակայն ծիրան կա»: Օսման Կավալան թուրքական իշխանությունների քայլերը «պրիմիտիվ» է որակում` նկատելով, որ պրիմիտիվ քարոզչության շնորհիվ հնարավոր է դառնում մոբիլիզացնել ուժերն ու մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը: Նա ուշադրություն հրավիրեց նաեւ Տրաբզոնում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցու ճակատագրի վրա, որը սեփականաշնորհվել է մասնավոր մի անձի կողմից ու գոմի է վերածվել: «Լուրջ մտահոգության առիթ է այն, թե ինչպիսի հեշտությամբ է տեղի ունենում այդ պրոցեսը»,- նշեց զրուցակիցս:
Արեւմտյան Հայաստանից այնքան արագ են վերանում հայկական հետքերն ու հիշատակումները, որ ըստ հուշարձանագետ-պատմաբան Սամվել Կարապետյանի` 10-15 տարի հետո Թուրքիայի տարածքում հայկական ոչ մի եկեղեցի չի մնա: Ծիրանից սկիզբ առնող այս շղթան Հայաստանում իրական դիմադրության չի արժանանում («Ոսկե ծիրանի» դեպքը բացառություն է): «Հույներն, օրինակ, թուրքական կառավարության դեմ 1600 հայց են ներկայացրել միջազգային դատական ատյաններ` հունական բարձրարժեք քրիստոնեական կոթողները ոչնչացնելու համար: Թուրքական կառավարությունը 2 տարի առաջ նույնիսկ ստիպված է եղել ֆինանսական փոխհատուցում վճարել հունական կողմին»,- ասում է Ս. Կարապետյանը ու ընդգծում, որ հայկական կողմը նույնպես պետք է դատարան դիմի` աշխարհին ցուցադրելու համար, որ ինքն այս հողի բնիկն ու արժեքների կրողն է:
Թեեւ, եթե անկեղծ լինենք, նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք մեզ բնիկ չենք զգում ու չենք կարողանում սեփական լեզուն ու մշակույթը որպես կյանքի անբաժան մաս ընկալել:
Ի դեպ` Մալաթիայի կինոփառատոնը հայ կինոգործիչներին հրավիրել է մասնակցել փառատոնին, իսկ Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու վրա մոտ օրերս պաշտոնապես խաչ կտեղադրվի: Ինչ խոսք, նման քարոզչական քայլեր թուրքական իշխանությունները հաջող են իրականացնում: