Կիրակի օրը Նոր Հաճըն քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով օրը ցերեկով բոլորի աչքի առաջ մարդ սպանած Արմեն Քեշիշյանը: Այս փաստը թեեւ անակնկալ չէր, սակայն շատ-շատերին է շոկի մեջ գցել: Այս փաստին անդրադարձել են անգամ ամերիկյան «Los Angeles Times», «New Herald», «Ausin American-Statesman», «San Jose Mercury News» թերթերը:
Նոր Հաճըն քաղաքի բնակիչները, սակայն, նորմալ են ընդունում Արմեն Քեշիշյանի ընտրվելը: Բնակիչներից շատերը մեզ հետ զրույցում հավաստիացնում էին, որ ընտրություններն իրենց մոտ անցել են հանգիստ մթնոլորտում. թեկնածուները ոչ ընտրակաշառք են բաժանել, ոչ էլ սեւ տեխնոլոգիաներ կիրառել: «Մաքուր ընտրություն է եղել, ոչ ընտրակաշառք, ոչ վախացնել, ոչ ստիպել չի եղել… ոչ մի բան, նույնիսկ մի բաժակ բան էլ չեն կանչել, ասել, թե խմեք»,- ասում է Նոր Հաճընի բնակիչ, թոշակառու Ժորա Սահակյանը եւ հպարտությամբ ավելացնում, որ իրենք ուրախ են Արմեն Քեշիշյանի վերընտրվելու համար:
Մեկ այլ նորհաճընցի՝ Ռաֆիկ Բարսեղյանն էլ, ասում է, որ Արմեն Քեշիշյանն իրենց քաղաքի համար լավ ղեկավար է եղել, եւ դրա համար բոլորն էլ հարգում են այդ անձնավորությանը: «Էդ մարդը հարգարժան մարդ է եղել, ընտրվել է: Սա արդեն երրորդ սռոկն է ընտրվում: Եթե վատ տղա լիներ, չէր ընտրվի, ուրեմն ժողովուրդը գտել է, որ քաղաքի համար պիտանի մարդ է»,- ասում է իրենց շենքի բակում միրգ վաճառող Վլադիմիր Նալբանդյանը: «Ես աստվածավախ մարդ եմ, հավատում եմ Աստծուն եւ պատրաստ եմ երդվելու Աստվածաշնչի վրա, որ այստեղ ոչ իշխանությունների, ոչ ընտրատարածքում որեւէ մեկի մատը խառը չի եղել: Բացարձակ ազատ, մաքուր ընտրություն է տեղի ունեցել: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հակառակորդ թեկնածուի՝ Բաբկեն Մարգարյանի ու նրա վստահված անձանց կողմից ոչ մի դիմում բողոք` ոչ գրավոր, ոչ բանավոր կարգով, չենք ստացել»,- հայտարարեց թիվ 27 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գնել Ղալումյանը:
Մարդասպանությունը՝ մարդասպանություն, ընտրությունը՝ ընտրություն
Ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ առավոտյան ժամը 11-ի սահմաններում Արմեն Քեշիշյանը քաղաքի կենտրոնական մասում ատրճանակի 7 կրակոցով սպանել էր էլցանցի պետ Աշոտ Մխիթարյանին: Եվ փաստորեն, այդ դեպքից հետո նորհաճընցիների մեծամասնությունը գերադասել է ընտրել նրան: Նորհաճընցիներն այդ փաստի մեջ որեւէ տարօրինակ, արտառոց բան չեն տեսնում: Նրանք վստահեցնում էին, որ տեղի ունեցած միջադեպն ամենեւին էլ ստվեր չի գցել նրա հեղինակության վրա: «Էդ դեպքի վրա մենք ուշադրություն չենք դարձրել՝ եղե՞լ է նման դեպք, թե՞ չի եղել: Էդ արդեն իրենց անձնական գործն է, օրգանի գործն է, մեր գործը չի: Մենք իրեն հարգել ու հարգելով ընտրել ենք»,- իրենց կատարած ընտրությունն այսպես է մեկնաբանում Ռաֆիկ Բարսեղյանը: Իսկ Նոր Հաճընի մեկ այլ բնակիչ, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, թե «Արմեն Քեշիշյանին հիմնականում ընտրել են այն մարդիկ, ովքեր արմատներով Կրասնոսելսկից են, քանի որ Քեշիշյանն էլ է արմատներով այնտեղից»:
Նորհաճընցիները համոզված են, որ առաջիկայում դատարանը կապացուցի Քեշիշյանի մեղքն ու նրա նկատմամբ դատավճիռ կկայացնի: Իսկ դրանից հետո այս քաղաքում նոր ընտրություններ են սպասվում: «Դե, երբ որ նոր ընտրություն նշանակեն, այդ ժամանակ կմտածենք` ով է, ինչ է: Պիտանի մարդ եղավ` կընտրենք, չէ՝ չենք ընտրի»,- ասում է Վլադիմիր Նալբանդյանը:
Հ.Գ. Ի դեպ, ամիսներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը հայտարարել էր. «Ես մաֆիոզ չեմ: Նոր Հաճընի 7-րդ քաղաքապետն եմ: Եթե ուշադիր եղել եք, հանրապետության նախագահը շուտ-շուտ ասում է՝ գնացեք Նոր Հաճընի քաղաքապետի մոտ՝ սովորեք, թե ոնց են աշխատում: Միակ քաղաքապետն եմ, որի մասին նախագահը երկու անգամ հեռուստացույցով ասել է՝ քսերոքս արեք էդ տղային»: Իրոք, որ «քսերոքս անելու» տղա է: