Աջակցում է ստատուս-քվոյին

30/09/2010

«Սպիտակ տունն աջակցում է Մինսկի խմբին, բայց իրականում դա աջակցություն է ստատուս-քվոյին: Հնարավոր է, որ 15 տարի գործող Մինսկի խմբի հանդիպումները շարունակվեն նաեւ հետագայում»,- APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Հյուսիսային պետական համալսարանի դոցենտ Թոմաս Ամբրոսիոն: Նրա խոսքով, Սպիտակ տան հայտարարություններից բխում է, որ ԼՂՀ հարցը նրա համար գերակա է, սակայն, եթե բոլոր հարցերն են գերակա, ուրեմն գերակա ոչինչ չկա: «Իսրայելա-պաղեստինյան հակամարտության համեմատությամբ` ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ խաղաղարար գործընթացում ես չեմ տեսնում գործուն եւ ակտիվ դիվանագիտական գործունեություն վարչակազմի կողմից»,- ասել է նա: Մեկնաբանելով ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները՝ Թ. Ամբրոսիոն նշել է, որ այսօր Սպիտակ տունը որոշ չափով հեռացել է Ադրբեջանի հետ դաշինքից, որ ստեղծվել էր Բուշի օրոք. «Բուշի օրոք ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին: Չեմ կարծում, թե Օբամայի օրոք այդ հարաբերությունները նույն կետին կհասնեն»: