Դռները մի փակեք եւ լսեք

30/09/2010

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ` անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` կրկին նշեց իրենց պայմանը: Նրա ասելով` իրենց նպատակը ոչ միայն Հայաստանի, այլեւ` ամբողջ աշխարհի հայության հետ լավ հարաբերություններ ստեղծելն է. «Երկու ժողովուրդները մեկ հազարամյակ միասին ապրել են, եւ ոչ մի ռասիստական բաժանում չի եղել: Չի կարելի հայ-թուրքական անցյալի եւ Եվրոպայում հրեաների վերապրածների միջեւ զուգահեռ տանել: Նախ, հայերը մեր դրկից հարեւաններն են: Այո, մենք 1915-ի դառնությունները ապրել ենք եւ պատրաստ ենք այդ դառնությունները կիսել: Սակայն, չպետք է մեզ մեղադրել ցեղասպանության մեջ կամ 100 տարի դա ժխտելու մեջ: Մենք հիմա չենք մեղադրում ռուսներին, թե ինչու է Կովկասում աբխազների, չեչենների նկատմամբ ճնշում գործադրում, որ նրանք էլ Թուրքիա են գալիս: Ստալինի ժամանակաշրջանում բոլոր թուրք մեսխեթցիներին աքսորեցին, սակայն մենք ռուսներին չենք մեղադրում ցեղասպանության մեջ»: Ըստ «Զամանի»` նա հայտարարել է, թե իրենք պատրաստ են քննարկել 1915-ի ողբերգական իրադարձությունները, սակայն «զգուշացրել» է հայերին՝ չպատմել միայն միակողմանի պատմություն, այլ` լսել երկու կողմի պատմությունները: «Սակայն, դռները մի փակեք, մի մեղադրեք եւ միեւնույն ժամանակ` լսեք»,- ասել է Դավութօղլուն` հավելելով, թե` Հայաստանն օր օրի աղքատանում է: Նաեւ հիշեցրել է, թե իր նպատակն է, որ Կարսից շարժվող մեքենան մտնի Երեւան եւ հասնի Բաքու: «Ես ցանկանում եմ, որ տարածաշրջանում լինի զրո խնդիր, բայց եթե Հայաստանը ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն, պետք է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատի: Պետք է դուրս գա «գրավյալ» 20 տոկոս հողերից»,- ասել է Դավութօղլուն: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ էլ, Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան հարեւանների հետ փայլուն հարաբերություններ է հաստատել. «Բացառությունը Հայաստանի հետ հարաբերություններն են, բայց վաղ թե ուշ մենք կբարելավենք դրանք»: