Հոկտեմբերի 6-12-ը Իտալիայի Պալերմո քաղաքում տեղի է ունենալու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի ընթացքում կարող է փոխվել այդ կառույցում ԼՂՀ հարցով համազեկուցող Գորան Լենմարկերը: Բանն այն է, որ ինչպես ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինբլադը, Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրություններում պատգամավոր չի ընտրվել նաեւ Գորան Լենմարկերը: «ԼՂՀ-ի համար դա այն մարդն է, որն ունի բացառիկ հնարավորություններ ձեւավորելու հասարակական կարծիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մեջ եւ ավանդաբար սերտորեն աշխատել է Մինսկի խմբի հետ, Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ կենտրոնակայանի հետ»,- երեկ մեր թղթակցին ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: