ՀԱԿ, Տե՞ր ես

30/09/2010

Քաղաքական ուժերն արդեն առանց ավելորդ ձեւականությունների՝ պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Եթե մինչեւ վերջերս գոնե հրապարակայնորեն ակտիվ էին միայն իշխանական կուսակցությունները, ապա երեկ նաեւ «Ժառանգությունը» առաջին հրապարակային քայլն արեց` չբացառելով 2012թ. խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի հետ միասնական դաշինքով հանդես գալու հնարավորությունը: Այդ մասին երեկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը` հատուկ շեշտելով, թե դա ամենեւին չի նշանակում, որ «Ժառանգությունը» նախագահական ընտրություններում կարող է պաշտպանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Նույն գետը երկու անգամ չեն մտնում»,- ասել է նա` ավելացնելով, թե «Ժառանգությունն» ունի նախագահի իր թեկնածուն` ի դեմս կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի: ՀԱԿ-ից երեկ որեւէ կերպ չեն արձագանքել այս հայտարարությանը` նշելով, թե զերծ են մնում մեկնաբանություններից, քանի դեռ չեն ստացել «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը: Դժվար չէ, իհարկե, ենթադրել ՀԱԿ-ի հնարավոր պատասխանը: Կոնգրեսից, ամենայն հավանականությամբ, կհայտարարեն, որ ՀԱԿ-ը գնում է ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրությունների, եւ «Ժառանգությունն» այդ առաջարկով ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին, որոնք պնդում են արտահերթ ընտրությունների անհնարինությունը: Բացի այդ, եթե «Ժառանգությունն» ի սկզբանե բացառում է Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելու հնարավորությունը, դա եւս մի պատճառ կարող է լինել ՀԱԿ-ի համար` նման համագործակցությունը բացառելու առումով, քանի որ ՀԱԿ-ից «Ժառանգությանը» կբացատրեն, որ ԱԺ ընտրություններն ընդամենը միջոց են` իշխանափոխության համար: Իսկ իշխանափոխություն կարող է լինել միայն Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այսինքն` գոնե ներկայիս գործոնները եւ ՀԱԿ-ի մարտավարության շեշտադրումները հաշվի առնելով, այդ համագործակցության հավանականությունը կարելի է բացառել: Մինչդեռ նույն այսօրվա իրողությունները վկայում են, որ չնայած հասարակության մեծամասնության ընդդիմադիր տրամադրվածությանը, ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու դեպքում ընդդիմության հնարավորությունները զգալիորեն նվազելու են: Դա, իհարկե, չի նշանակում, թե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» համադրելի ուժեր են, սակայն առանձին- առանձին հանդես գալու դեպքում նրանք փաստորեն պայքարելու են իրար դեմ` ընդդիմադիր ընտրազանգվածի քվեների համար: Անկախ ամեն ինչից, Ա. Մարտիրոսյանի երեկվա հայտարարությունը պետք է ողջունելի համարել, քանի որ առաջիկայում այս հարցի շուրջ ծավալվելիք քննարկումներն ու բանավեճերը հստակություն կմտցնեն ընդդիմադիր ուժերի ապագա գործելաոճի հարցում: